Սփյուռքի ձայնը

Սփյուռքում ապագա ուսուցիչներ պետք է պատրաստել այսօր, վաղը կարող է ուշ լինել. «Սփյուռքի ձայնը»  

ՀԲԸՄ «Ալեքսանդր» հայկական վարժարանն Ավստրալիայի տարածքում գործող այն հայկական կրթօջախներից է, որը գործունեության շուրջ չորս տասնամյակի ընթացքում ձեռք է բերել ճանաչում ու բարի համբավ թե՛այդ երկրի կառավարության, թե՛ հայկական շրջանակներում։

«Երկիրը մեծ է, իսկ վարժարանը հայկական շրջանակից հեռու է գտնվում, ինչի պատճառով էլ շատ հայ երեխաներ նախընտրում են պետական այլ դպրոցներ հաճախել, թեև շատ ծնողներ, այդ հեռավորությունը հաշվի չառնելով, իրենց երեխաներին բերում են հենց «Ալեքսանդր» վարժարան», — ասում է վարժարանի տնօրեն Մանուկ Դեմիրճյանը և ավելացնում, որ թե՛ իրենց, թե ՛այլ հայկական դպրոցների խնդիրը մնում է ապագա հայ ուսուցիչներ պատրաստելը:

«Հայ ընտանիքը, որը հաշվի չի առնում այդ հեռավորությունն ու իր երեխային ուղարկում է հայկական վարժարան, ունի մեծ ակնկալիք վարժարանից և նրա ուսուցիչներից: Իսկ այսօր վարժարանի հարկի տակ աշխատող ուսուցիչները նվիրյաներ են, որոնց փոխարինողները քիչ են: Ի դեպ, Ավստրալիայի կառավարությունը թույլ է տալիս պետական որոշ բուհերում ազգային փոքրամասնությունների կրթական հաստատությունների համար ուսուցիչներ պատրաստել, սակայն այդ աշխատանքի ոչ այնքան գրավիչ լինելը խանգարում է այսօրվա հայ երիտասարդներին ուսումնասիրել հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը այնքան, որ կարողանան հետագայում իրենց գիտելիքները փոխանցել նոր սերունդներին», — ասում է Մանուկ Դեմիրճյանը:

«Նախակրթարանից մինչև 6-րդ դասարան: Վարժարանը, հետևելով պետական կրթական ծրագրին, ներառում է նաև հայոց լեզուն, մշակույթն ու կրոնը: Երկլեզու վարժարանը ամենօրյա է: Ավստրալիան հատուկ է նրանով, որ թույլ է տալիս տարբեր  համայքներին վարժարաններ ունենալ այդ երկրում, ինչից օգտվել է նաև հայությունը», — շարունակում է Մանուկ Դեմիրճյանը:

«Մեր գաղութը ներգաղթի գաղութ է: Այս երկիր են գալիս տարբեր երկրների մշակույթներն ու ավանդույթները կրող մեր հայրենակիցները: Մեզ համար հատկապես կարևոր է այն, որ մեր վարժարան են հաճախում այն ընտանիքների երեխաները, որոնց ծնողները ծնվել են Ավստրալիայում կամ այլ երկրներում: Նրանց սպասելիքները թե՛ վարժարանից, թե՛ երեխաներից մեծ են. տեսնել իրնենց երեխաների գիտելիքները՝ հայերեն խոսքը, գրելն ու կարդալը», — նշում է վարժարանի տնօրենը:

«Ովքե՞ր են ավստրալացիները, որտեղի՞ց են նրանց նախնիները». հարցի պատասխանը շատ ավստրալացիներ չգիտեն», — ասում է Մանուկ Դեմիրճյանը և ավելացնում, որ հայ երեխան այդ հարցին պատասխանում է հպարտ ու առանց մտածելու, քանի որ գիտի իր հայրենիքի ու նախահայրերի պատմությունը:

Back to top button