Վերնատուն

Հումանիտար գիտությունների նորաստեղծ լաբորատորիան՝ պատմական և փիլիսոփայական մտքի համագործակցության փորձ․ «Վերնատուն»

ԵՊՀ-ում բացվել է պատմության փիլիսոփայության և տեսության հեռավար լաբորատորիա։ Նորաստեղծ լաբորատորիան համագործակցում է Ֆինլանդիայի Տուրկուի համալսարանի պրոֆեսոր Կալլե Փիհլայնենի հետ, հաշվի առնելով, որ Ֆինլանդիայում պատմության փլիսոփայության ու տեսության բավականին կայացած դպրոց կա։

ԵՊՀ Պատմության, փիլիսոփայության ու տեսության լաբորատորիայի համաղեկավար, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Մոսինյանը խոսում է, թե ինչ բաց է լրացնում լաբորատորիան, որն է նրա նպատակը։

«Ինքներս մեզ հասկանալու, հումանիտար մտքի կայացման առումով, կարծում եմ, կարևոր է խնդրարկել պատմությունը, փիլիսոփայական ու տեսական հարցեր բարձրացնել, դրա համար որոշեցինք, որ կարիք կա այդպիսի կենտրոնի կամ լաբորատորիայի ստեղծումը», – ասում է Դավիթ Մոսինյանը, նշելով որ հայկական միջավայրում պատմական և փիլիսոփայական մտքի համագործակցության փորձ գրեթե չի եղել։

Լաբորատորիան իրականացնելու է մեթոդաբանական ու բովանդակային երկկողմ աշխատանք։ Սկզբնական փուլում ընտրվել է 19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբը, որն ըստ Մոսինյանի, ամբողջությամբ հետազոտված չէ։

«Ինչու ենք այդ ժամանակաշրջանը ընտրել, ի վերջո ամբողջ դաշտը կարելի է խնդրարկել։ Ընտրել ենք արդիականացման շրջանը, քանի որ նույն խնդիրները մենք այսօր էլ ունենք․ ինքներս մեզ մտածելու և լեզու գտնելու։ Մենք ընտրեցինք, որ տեսնենք, թե նույն իրավիճակում ինչպիսի պատմագրության լեզու ենք ունենցել, մտածվե՞լ է այդ լեզուն, թե՞ պատմությունը շարադրվել է իբրև իրադարձությունների հերթականություն, և, ի՞նչ հնարավորություններ ունենք դրանք խնդրարկելու, որպեսզի կայացնենք հումանիտար միտքը, որն անհրաժեշտ է ինքներս մեզ հիմա մտածելու և հասկանալու՝ ով ենք մենք, ինչ ենք անում և այլն»։

Դավիթ Մոսինյանն ասում է, որ պատմագիտությունը դատապարտված է ժամանակ առ ժամանակ կանգնել ճգնաժամի առաջ և պատմության տեսությունը կամ փիլիսոփայությունը կոչված է այդ ճգնաժամերի ժամանակ նոր հորիզոններ մատնանշելու։

19-րդ դարի վերջին ոչ միայն հայ, այլ նաև համաշխարհային պատմագիտությունը ճգնաժամի առաջ էր, քանի որ իրադարձությունների նկարագրություններն ավարտվել էին և նոր բան չկար։ Արխիվները բացահայտված էին և պատմությունն անընդհատ կրկնում էր ինքն իրեն։ Հենց այդ ժամանակ սկսեցին կարևորվել սոցիալական պատմությունը՝ գրելով առօրյա կյանքի պատմություններ, որպեսզի մեր այսօրվա կյանքին մասնակից դարձնենք պատմությանը։ Փիլիսոփայությունը առարկայական տեսք է ստանում հենց պատմության դաշտում և պատմական նյութ վրա։

«Դրանք ոչ թե վերացական, այլ կոնկրետ հարցեր են դառնում, որոնք խնդիր են դնում մտածել մեր այսօրը, հասկանալ՝ ով ենք մենք, բնութագրում տալ դրան, նախանշել ճանապարհներ։ Եթե փիլիսոփայությունը չի մտածելու ինքն իրեն ու իր միջավայրը, միշտ դատապարտված է լինելու մնալ լուսանցքում։ Եվ էստեղ շատ կարևոր է փիլիսոփայության ու պատմագիտության փոխգործակցությունը»,– ասում է Մոսինայնը, նշելով, որ այս ծրագիրը նախատեսված է հինգ տարվա համար, սակայն, ցկյանս առաջադրանք է, հուսալով, որ այն շարունակական կլինի։

Back to top button