Հաջողության նոտա

Հիվանդության հոգեբանական կողմը. «Հաջողության նոտա»

Մասնագիտության ընտրության հարցում որոշում կայացնելու հարց չի եղել, որովհետև միշտ իմացել է, որ բժիշկ է դառնալու․ ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, բայց հնարավորություն է ստացել սովորելու Հունաստանի Սալոնիկ քաղաքի Ռազմաբժշկական Ակադեմիայում և Սալոնիկի Արիստոտելի անվան Համալսարանի Բժշկական Գիտությունների դեպարտամենտում։ 7 տարի ուսանելուց հետո վերադարձել է Հայաստան և մեկնել ծառայության։

«Նաիրի» բժշկական կենտրոնի ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Վահան Մուկուչյաը վստահ է՝ զինվորական հաստատությունում ձեռք ես բերում ներքին կարգապահություն և դա մեծապես օգնում է նաև կյանքի մյուս ոլորտներում։ Ռազմական բժշկի գիտելիքներն ու հմտություններն անգնահատելի են, քանի որ դժվար պայմաններում արագ լուծումների շնորհիվ է, որ փրկվում են մարդկային կյանքեր, և դա բժշկին տալիս է ճկունություն և ամրություն։ Կարծում է, որ բժիշկ-բուժառու հարաբերություններում կարևոր է հոգեբանական կողմը։

Ասում է՝ շատ մեծ նշանակություն ունի, թե ինչպես է բուժառուն տրամադրված և որքան գիտելիք ունի իր հիվանդության մասին։ «Հաճախ բժշկական ցուցումներից զատ կարևոր է հոգեբանական աջակցությունը ու բուժառուին հոգեբանորեն տրամադրելը, քանի որ լինում են դեպքեր, երբ պետք է բուժառուն սովորի հաշտ ու համերաշխ ապրել իր հիվանդության հետ։ Հաճախ նույն խնդիրն ունեցող բուժառուները մեծապես օգնում են միմյանց», – նշում է Վահան Մուկուչյանը։

Բժշկի աճի համար կարևոր է համարում միջազգային կոնֆերանսները, որովհետև գիտությունն անդադար զարգանում է, և անհրաժեշտ է հասցնել տեղեկանալ նորարարություններին ու ծանոթանալ բժշկական նոր լուծումներին։ Հունաստանում նա ձեռք բերեց մասնագիտական հմտություններ և հանդիպեց սիրելիին, որն ամեն ինչ թողեց և նրա հետ եկավ Հայաստան։ Դժվարությունները հաղթահարել են միասին ու այսօր ունեն երկու դուստր և հրաշալի ընտանիք։

Back to top button