Վերնատուն

ԵՊՀ թանգարանը վերաիմաստավորման ճանապարհին. «Վերնատուն»

Հնագիտական ցուցանմուշներից մինչև լուսանկարների ու փաստաթղթերի մեծ արխիվ, մինչև գիտության ու կրթության մեջ մեծ ներդրում ունեցող հայտնի գիտնականների ձեռագրեր․ այս ամենը պահվում է ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում, որը գալիք տարի կնշի իր 65-ամյակը։ Բոլոր ցուցանմուշները ձեռք են բերվել ԵՊՀ գործունեության արդյունքում։ Թանգարանն այսօր վերանայում, վերաիմաստավորում է իր գործառույթը։

ԵՊՀ Զարգացման ու նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը և ԵՊՀ Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Տաթևիկ Սարոյանը խոսում են համալսարանական թանգարանի կարևոր գործառույթների, թանգարանի կոնցեպտուալ շեշտադրումների մասին։

Թանգարանը երեք կողմով է ներկայանալու հանրությանը, ինչը հիմնականում կապված է կրթության ու գիտության հետ․ ԵՊՀ-ի պատմությունը՝ որպես հաստատություն, Հայաստանում կրթության պատմությունը և երրորդը՝ գիտության պատմությունը՝ նշում է Միքայել Հովհաննիսյանը։

«Համալսարանը՝ որպես հաստատություն, շատ հետաքրքիր պրիզմա է Հայաստանը դիտարկելու համար։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ հիմնադրվել է դեռևս առաջին հանրապետության օրոք, կարող ենք ասել, որ ԵՊՀ-ն այն եզակի հաստատություններից է, որ գոյություն է ունեցել երեք հանրապետությունների ժամանակ։ Հայաստանի նորագույն շրջանի պատմությունը ևս ԵՊՀ-ի պրիզմայով ուսումնասիրելը չափազանց հետաքրքիր հնարավորություն է։ Շատ տարբեր գործընթացներ կարելի է այդ պրիզմայով դիտարկել․ մշակութային կյանքի ուսումնասիրության հնարավորությունները, պետության կառուցմանը վերաբերվող պրոցեսները, գլոբալ իրադարձությունները կարող ենք ուսումնասիրել, ստալինյան ռեպրեսիաները և այլն։ ԵՊՀ թանգարանը Հայաստանը ավելի լավ հասկանալու հնարավորություն է, քանի որ երկրի ինտելեկտուալ խտացման կարևոր վայրերից մեկն է եղել», — ասում է Միքայել Հովհաննիսյանը։

Տաթևիկ Սարոյանը կարևորում է թանգարանի դերը կրթական հաստատությունների տարածքում, որտեղ ոչ միայն կներկայացվի պատմությունը, այլ կառանձնանա իր հետազոտական, նաև՝ ժամանցային գործառույթով։ «Թանգարանները նույնպես կրթություն են ապահովում, և դրանք ոչ ֆորմալ կրթության տարածքներ են։ Այն պիտի լինի այնքան հետաքրքրական և ուշագրավ, որ ուսանողը պատկերացնի իր ժամանցն այնտեղ, միաժամանակ կրթություն ստանա։ Մեր ապագա տեսլականի մեջ դիտարկվում է, որ թանգարանը պիտի լինի այնքան դինամիկ և ինտերակտիվ որ այցելուն չձանձրանա և ցանկություն ունենա երկրորդ անգամ այցելել», — ասում է Տաթևիկ Սարոյանը։

Մարտի 26-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ պատմության թանգարանում տեղի կունենա պոլսահայ մտավորականներ Տիգրան և Զապել Եսայանների կյանքին և ստեղծագործական գործունեությանը նվիրված դասախոսության-հանդիպում:

Back to top button