Վերնատուն

Սիրո մասին բանաստեղծություններն ավելի քիչ են, քան իրական մտահոգությունների մասին. «Վերնատուն»

Մարտի 21-ը նշվում է որպես Պոեզիայի միջազգային օր։ Օրվան ընդառաջ՝ «Գրանիշ» գրական կայքի խմբագիր Հասմիկ Հակոբյանը խոսում է ժամանակակից պոեզիայի մերօրյա զարգացումների մասին։

«Այս օրը մենք պետք է օգտագործենք պոեզիան հանրահռչակելու համար։ Ամբողջ աշխարհում պոեզիան իրականում ճգնաժամի մեջ է, բանաստեղծական ժողովածուներն ավելի քիչ են հրատարակվում, ավելի քիչ վաճառք ունեն, քան արձակ վեպերը։ Կոմերցիոն տեսակետից պոեզիան լայն սպառման ապրանք չէ։ Եվ հետևաբար ավելի մեծ ուշադրության ու պետական հովանավորչության կարիք ունի», — ասում է Հասմիկ Հակոբյանը։

Նա նշում է, որ անկախացումից հետո հերթափոխով իրար հաջորդեց բանաստեղծական մի քանի սերունդ։ Նրանցից շատերը, գուցե, աներևակայելի պոեզիա չեն գրում, բայց մարդիկ են որոնք ստեղծագործում են և որոնց խոսքը հետագայում կլինի հենք, որի վրա կկառուցվի ժամանակակից պոեզիա։

«Շատ կան առանձին, հուզական պահին գրված լավ բանաստեղծություններ, բայց համակարգային մտածողություն, որոշակի փիլիսոփայական շերտ ունեցող անունները հատուկենտ են իրականում», — ասում է նա։

«Գրանիշ» գրական կայքում տարվա ընթացքում հրապարակվող հարյուր բանաստեղծական շարքից ընդամենը 5-6-ը կարող են լուրջ բանաստեղծական շարքեր համարվել, բայց այդ «մեծ հեղեղի» կարիքը կա, որ դրանց միջից զտվեն նոր անուններ։

Հասմիկ Հակոբյանը, խոսելով հայ ժամանակակից պոեզիայի մասին գրած իր ատենախոսության մասին, նշում է, որ 20 տարիների ժամանակահատվածում ընդամենը 20 բանաստեղծի կարելի է համարել անկախության շրջանի կարևոր հեղինակներ և որոնց մասին կարելի է խոսել։

Back to top button