Էկոսֆերա

«Սևան» ազգային պարկի սոճիների չորացման պատճառը ոչ թե նեմատոդն է, այլ կեղևակեր և երկարաբեղիկ բզեզները․ «Էկոսֆերա»

Ոչ թե նեմատոդը, այլ կեղևակեր և երկարաբեղիկ բզեզներն են «Սևան» ազգային պարկի սոճիների չորացման պատճառը։ Սա փաստել են Ռուսաստանի Դաշնություն ուղարկված փորձանմուշների ուսումնասիրության արդյունքները։ Սակայն մեր մասնագետները նեմատոդի առկայությունը ևս չեն բացառում։

Որո՞նք են վնասատուների առաջացման պատճառներն և ինչպե՞ս կարելի է փրկել սոճիները համատարած ոչնչացումից։

Մի քանի տարի առաջ «Հայանտառ» ՊՈԱԿ-ից հայտնեցին՝ Հայաստանի հյուսիսային շրջաններում սոճիների չորացման խնդիր կա։ Զգալի քանակությամբ սոճիներ չորացան։ Իրավիճակը գնալով էլ ավելի սրվեց, քանի որ սոճիների չորացման դեպքեր գրանցվեցին հարավային շրջաններում, այնուհետև՝ ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում։ Ինչի մասին հայտնեց ՇՄՆ-ն դեռևս մեկ տարի առաջ։

Այս ընթացքում, կատարվել են քննարկումներ՝ մասնագիտական տարբեր խմբերի հետ։ Սակայն գործնական առումով, որևէ աշխատանքների մասին չի խոսվում։ Նշենք, որ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը տարեսկզբին՝ հունվար ամսին, անցկացրած ասուլիսի շրջանակում հայտարարեց, որ սպասում են արտերկիր ուղարկված փորձանմուշների պատասխաններին, որոնք կհաստատեն կամ կհերքեն՝ սոճիները չորանում են նեմատոդ վնասատուի պատճառով, թե՝ ոչ, որից հետո կնախանշեն պայքարի գործողությունները։

Պատասխաններն արդեն հայտնի են և, ի դեպ, ուղրակվել են ՇՄՆ։ «Էկոսֆերա»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի միջատաբանությ ան և բնահողի կենդաբանանության լաբորատորիայի վարիչ Մարկ Քալաշյանը նշեց, որ միջատաբանական և սնկաբանական հետազոտություններին զուգահեռ, ՌԴ-ուն կատարվել է մոլեկուլյար հետազոտություն։ Ըստ այդմ՝ ազգային պարկի տարածքում հաստատվել են կեղևակեր և երկարաբեղիկ բզեզների առկայություն։

Նեմատոդ չի հաստատվել, սակայն չի բառացվում, որ կարող է լինել նաև նեմատոդ, պարզապես այդ փորձանմուշները ցույց չեն տվել։ Քալաշյանն նախ նշում է՝ Հայաստանի տարածքում բնական սոճուտներ քիչ ունենք, հիմնականում արհեստական տնկարկներ են։ Այսինքն՝ խորհրդային տարիներին թեև ընտրել են սոճիների համար գուցե բարենպաստ պայմաններ, սակայն տարիների ընթացքում դրանք վատթարացել են՝ կլիմայական փոփոխություններ, լճի մակարդակի իջեցում, գրունտային հողային շերտ և ոչ միայն, այս համալիր խնդիրներն էլ հանգեցրել են էկոհամակարգերի թուլացմանը։

Կեղևակեր և երկարաբեղիկ բզեզները կամ վնասատուներն այսպես ասած՝ հարձակվում են արդեն թույլ ծառերի վրա, էկոհամակարգը թուլացել է, ինչն էլ նպաստավոր պայմաններ է ստեղծել վնասատուների զարգացման և տարածման համար։

ՀՀ ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, այգեպտղաբաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի վարիչ, բույսերի պաշտպան Արմենակ Տեր-Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կեղևակեր և երկարաբեղիկ բզեզները համարվում են նաև ֆիտոսանիտարներ, որոնք ոչնչացնում են թուլացած և չորացած ծառերը, սակայն երբ վնասատուների քանակն էապես աճում է, դառնում է անկառավարելի, ապա կարող են մյուս ծառերի համար ևս վտանգ ներկայացնել՝ ընդհուպ հանգեցնելով բնական աղետի։

Չի բառացվում մեկ այլ տարբերակ ևս՝ բզեզները կարող էին ազգային պարկի տարածքում հայտնվել փայտանյութի ներկրման արդյունքում։ Սա է նաև պատճառը, որ մասնագետները շեշտում են՝ վարակված փայտը չպետք է մնա տարածքում, որը կարող է նոր վարակի աղբյուր լինել։

Back to top button