Վերնատուն

Ինչպես դիրքավորվել որպես արվեստագետ․ Ժամանակակից արվեստի ինստիտուտի կրթական ծրագրերը․ «Վերնատուն»

Ժամանակակից արվեստի ինստիտուտի կրթական ծրագրի ղեկավարներ Լիլիթ Գրիգորյանը և Կարինե Արոյանը խոսում են Ժամանակակից արվեստի ինստիտուտի կրթական ծրագրերի մասին։

Ինստիտուտի նոր, էքսպերիմենտալ ֆորմատը Արվեստի ու արվեստաբանության խորացված ուսումնասիրությունների դպրոցն է, որն աշխատում է արվեստանոցների սկզբունքով։ Գործում է 4 արվեստանոց, որտեղ սովորում են հումանիտար կամ հարակից ոլորտում կրթություն ստացած մարդիկ։ Սա հետբուհական կրթության ոչ ֆորմալ ձևաչափ է։

4 արվեստանոցներն իրենցից ներկայացնում են Տեսողական ուսումնասիրությունների, Կատարողական պրակտիկաների, Հետազոտության հենքով արվեստի ստուդիաներն ու Սոցիոլոգիական ուսումնասիրությունների դպրոցը։

Ծրագրի ղեկավարներն ասում են, որ իրենց օրակարգը ոչ միշտ է հիմնվում կամ ձևավորվում պահանջարկի վրա։ «Եթե նայենք պահանջներին, շատ մեծ պահանջարկ կա կուրատրության դպրոցի, մյուս կողմից կարևոր է, որ մենք անենք առաջարկներ, որը շուկայում չկա և չունի կարիք, քանի որ մարդիկ դեռ չգիտեն, որ հնարավոր է նաև այդ ձևով մոտենալ կրթությանը»։

Ինստիտուտը կարևորում է արվեստաբանության ոլորտում անկախ հետազոտողների ներկայությունը, որը հիմք է ստեղծում ակադեմիական տեսական միտքը զարգացնելու ուղղությամբ։ Կարևոր է հայ ժամանակակից արվեստի մասին գրավոր տեքստեր ունենալը, որպեսզի համացանցում հասանելի լինեն արվեստի նախաձեռնությունների, շարժումների մասին տեքստերը։

Շուտով մեկնարկելու է «Ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ» ծրագրի երկրորդ մասը։ Մեկնաբանելով այս ծրագիրը ղեկավարները նշում են, որ ծրագրի առաջին մասի ավարտին պատրաստվելու է ուղեցույց, որն անդրադառնալու է մի շարք կարևոր թեմաների ու հարցերի․ օրինակ ինչպես արվեստագետն աշխատի ֆինանսների կամ համադրողի հետ, մտավոր սեփականության և այլ հարցերի շուրջ։

«Մենք սովորեցնում ենք, երբ դու ունես հմտություններ ու չգիտես ինչպես քեզ դիրքավորել որպես արվեստագետ, այդ իմաստով իրար լրացնում են ֆորմալ կրթությունն ու մեր տված ոչ ֆորմալ կրթությունը»։

Back to top button