Երաժշտական եռանկյունի

Երևանի պետական կոնսերվատորիայի հրատարակչության 20-ամյակը. «Երաժշտական եռանկյունի»

Բուհական համակարգը, բացի կրթական գործառույթից, նաև ունի գիտական գործառույթ, որը առավել կարևորված է մշակութային կրթական հաստատությունների պարագայում: Երևանի պետական կոնսերվատորիան 20 տարի առաջ հիմնել է սեփական հրատարակչությունը՝ ստեղծելով անհրաժեշտ բուհական հարթակ, գիտական աշխատությունների, ժողովածուների, նոտաների, դասագրքերի և սեփական թերթի հրատարակության և տպագրության համար:

«Երաժշտագիտությունը փակ գիտություն չէ, նրա նպատակը ոչ միայն պատմական ընթացքները արտացոլելը, այլ նաև հասարակությանը ուղղված բացատրական, լուսավորչական աշխատանք տանելն է: Դասախոսների և ուսանողների համար բուհի խնդիրներին անդրադառնալու հնարավորություն ստեղծելը, դասագրքերի և նոտաների համալրումը և իհարկե՝ գիտական ձեռնարկների հրատարակումն է»,-ասում է «Երաժշտական Հայաստան» ամսագրի, «Երաժիշտ» թերթի հիմնադիր, երաժշտագետ Գոհար Շագոյանը:

Զրույցի ընթացքում հաղորդաշարի հյուրն անդրադառնում է հատկապես «Երաժշտական Հայաստան» ամսագրի՝ որպես միակ մասնագիտական, բուհական տպագիր ձեռնարկի կարևորությանը, ինչպես նաև բուհական «Երաժիշտ» թերթի նշանակությանը: Առաջինը լուսաբանում է երկրում եղած կարևոր երաժշտական իրադարձությունների, պատմության նշանակալից էջերի և արդի միտումների ընթացքները:

«Երաժիշտ» թերթը ավելի շատ անդրադառնում է բուհական, կրթական և մշակութային խնդիրներին: Գիտական ձեռնարկներից հատկապես նշվում է ԵՊԿ ամենամյա գիտական  ժողովածուի հրատարակումը, որը ներառում է տարվա ընթացքում ստեղծված գիտական հոդվածները: Հատուկ տեղ է զբաղեցնում նոտաների հրատարակումը, քանի որ ուրիշ որևէ հրատարակչություն Հայաստանում նոտաների տպագրությամբ չի զբաղվում: Որպեսզի կրթական պրոցեսը պատշաճ մակարդակով կազմակերպվի և համապատասխանեցվի երաժշտական բուհի հատուկ չափանիշներին, կարևորված է նաև սեփական դասագրքերի հրատարակումը:

Զրույցի ընթացքում անդրադարձանք նաև ԵՊԿ հրատարակչության 20-ամյակին նվիրված հոբելյանական համերգին Առնո Բաբաջանյան համերգասրահում:

Back to top button