Մտքի ուժը

Հայկական դերմաֆենը դեռ շուկայում չէ․ խնդիրները չեն պակասում. «Մտքի ուժը»

Հետքեր չի թողնում, ցավազրկող հատկություն ունի․ հայ գիտնականների կողմից ստեղծված հակաայրվածքային քսուքն ունի այս հատկանշիները։ Գիտնականներն ասում են, որ այն կարելի է կիրառել տարբեր աստիճանի և ծագում ունեցող այրվածքային վերքեր, ինչպես նաև մաշկային զանազան այլ վնասվածքներ բուժելու համար։ Հեղինակներն աշխատում են ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Դեղաբանության և պաթոհիստոլոգիայի» լաբորատորիայում։

Սոնա Բուլոյանը գիտաշխատող է։ Պատմում է․  «Դեղաքսուքը կոմբինացված դեղանյութ է, որի մեջ համակցված են հակաբիտոիկային ակտիվություն ունեցող ֆիցիլինն ու տեղային ցավազրկող հատկություն ունեցող լիդոկային դեղանյութը։ Փորձել ենք համակցել, քանի որ այրվածքները և վերքերը ունենում են բարձր ցավային հատկանիշներ, կոմբինացնելով կարող ենք ստանալ ցավը մեղմող և վերքը լավացնող ազդեցություն։ Դեղաքսուքն արդյունավետ է, դրա ազդեցությունը համեմատել ենք շուկայում վաճառվող դեղաքսուքների հետ։ Դեղանյութն ունի շատ բարձր էֆեկտիվություն, շատ արագ լավացնում է վերքերը»։ 

«Դերմաֆեն»-ն իր հատկություններով գերազանցում է շուկայում եղած դեղանյութերին, արձանագրում են  գիտնականները։ ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում ստեղծված այս քսուքը Ամինաթթուների և պեպտիդների ֆիզիոլոգապես ակտիվ ածանցյալների սինթեզի և հատկությունների ուսումնասիրման լաբորատորիայի ղեկավար,  պրոֆեսոր Վիգեն Թոփուզյանի խոսքով՝ նախակլինիկական հետազոտություններն արել են, բայց չեն ավարտել. «Մենք մեր սեփական մաշկի վրա դա օգտագործում ենք, բայց դա ձեզ փոխանցելու իրավունք չունենք։ Քանի չի անցել նախակլինիկան, մենք իրավունք չունենք մարդուն տալ։ Մենք մեզ վրա փորձել ենք»։

Մնջոյանի անվան օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի ֆարմակալոգիայի և պաթոհիսթոլոգիայի լաբորատորիայի ղեկավար Հրաչիկ Գասպարյանը պատմում է՝ մտահղացումը պրոֆեսոր Վիգեն Թոփուզյանինն էր, որոշ ժամանակ անց պարզել են՝ կարող են օգտագործել։ Մոտավորապես 12-13 տարի են զբաղվել ու շատ մանրամասն։ Փորձարկել են ու վստահ են՝ ասում է պրոֆեսոր Վիգեն Թոփուզյանը։

Մինչև արտադրանքը շուկա հասնի, երկար ճանապարհ է պետք՝ ասում է գիտնականն ու թվարկում՝ անհրաժեշտ է իրականացնել վերջնական նախակլինիկական հետազոտություններ, փաստաթղթերի ամբողջականացում, կլինիկական հետազոտություններ ու ոչ միայն։

ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է դեղեր ստեղծելու ու դրանք հիվանդին հասցնելու նպատակով՝ ասում է Վիգեն Թոփուզյանն ու նշում՝ նախկինում ֆինանսավորում կար, ու կարողանում էին հեշտությամբ աշխատել։

Back to top button