Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Վազում էինք ու մտածում՝ դիրքերում արդեն տղա չի մնացել․ Նանար Գրիգորյան․ «Կյանքին ասել այո՛»

Նանար Գրիգորյանը ծնվել է 1990 թվականին Հադրութի շրջանի Ազոխ գյուղում։ Ավարտել է Հայաստանի ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղը։ Գևորգի հետ համացանցի միջոցով էին ծանոթացել։ Ամուսնացան 2019-ին ու Նանարն Ազոխից հարս գնաց Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղ։ Աղջիկը՝ Լուսեն մեկ տարեկան էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Գևորգ Համբարձումյանը պատերազմ մեկնեց պահեստազորի կազմում։ Կռվում էր հիմնականում Ակնայի շրջանում, բայց զոհվեց հարազատ Ավետարանոց գյուղը պաշտպանելիս։ Հոկտեմբերի 26-ին Գևորգը զոհվեց Սմերչի հարվածից, իսկ 27-ին Ավետարանոցը հանձնվեց ադրբեջանցիներին։ Գևորգին հուղարկավորել էին մի քանի հոգով Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում։ Նանարն ընտանիքի հետ Երևանում էր, անգամ չկարողացավ հրաժեշտ տալ Գևորգին։

Պատերազմից հետո ընտանիքը բնակություն հաստատեց Մարտունի քաղաքում։ Նանարն աշխատանքի էր անցել «Արցախէներգոյում» որպես հաշվապահ, միաժամանակ, փնջային հավաքածուներ էր պատրաստվում կոնֆետներից, մրգերից ու ծաղիկներից։ Շրջափակման օրերին Նանարի «Էքսկլյուզիվ փնջեր» հավաքածուներում հիմնականում մայրիկի այգու ծաղիկներն էին, որովհետև քաղցրավենիքը Արցախում արդեն անհասանելի ճոխություն էր։ 2023-ի սեպտեմբերի 19-ին պատրաստվում էր աշխատավայր գնալ, երբ Մարտունիում սկսվեցին պայթյունները։ «Հարսիս հետ դուրս եկանք ու վազում էինք դեպի մանկապարտեզ երեխաներին վերցնելու։ Վազում էինք ու մտածում՝ դիրքերում արդեն տղա չի մնացել»,-պատմում է Նանարը։ Արցախը լքեցին 2023-ի սեպտեմբերի 26-ին։ Այժմ ապրում են Արարատի մարզի Ջրաշեն գյուղում։ Նանարի «Էքսկլյուզիվ փնջերում» նորից կոնֆետներ են հայտնվել։ Դասընթացներ է անցնում «Գաղափարից ձեռներեցություն» ծրագրում, որի նպատակը արցախցի կանանց օգնելն է։ Նանարն ուզում է կայանալ իր բիզնեսում՝ հանուն Լուսեի ավելի լուսաավոր ապագայի։

Back to top button