Երաժշտական եռանկյունի

«Սալոնային» միջոցառումների մշակույթը Երևանում. «Երաժշտական եռանկյունի»

«Սալոնային երեկոն» արևմուտքում՝ հատկապես Եվրոպայում, ընդունված ժամանցի ձևաչափ է, որ սկիզբ է առել 19-րդ դարում և շարունակվում է մինչ օրս: Պատմականորեն այն բարձրաշխարհիկ ժամանցի յուրօրինակ տեսակ է, որը հատուկ էր բարձր խավի ներկայացուցիչներին: Ժամանակի ընթացքում այն բնական փոփոխության ենթարկվեց, քանի որ սոցիալական հանգամանքները փոխվեցին և այսօր այն ներկայացված է տարբեր ձևաչափերով և անցկացվում է փոքր սրահներում, արվեստանոցներում, պատկերասրահներում և այլն:

Ժանրային առումով սալոնային ձևին հատուկ է կամերայնությունը, այսինքն մենակատարների և փոքր կազմերի ելույթները արվեստասերների միջավայրում, որը ենթադրում է նաև շփում: Երևանը, որպես մայրաքաղաք, միշտ թելադրել է ոչ միայն ճաշակ, այլ նաև մշակութային միջոցառումների տեսակների բազմազանություն, սակայն այդ բազմազանության մեջ «սալոնային» միջոցառումները թեև կազմակերպվում էին, բայց չէին կարող բնութագրվել որպես մշակութային կյանքի մշտական բաղադրիչ, քանի որ չունեին պարբերականություն և չէին կրում ծրագրային բնույթ:

««Մշակութային հինգշաբթիները» «Արդեան» ցուցասրահում, կարծում եմ, գալիս են հաստատելու «սալոնային» միջոցառման երևույթը ոչ միայն մայրաքաղաքում, այլև առհասարակ Հայաստանում: Դրա ամենավառ ապացույցը մեկ ու կես տարվա համերգների և այլ միջոցառումների կանոնավոր կազմակերպումն է և այդ թիվն արդեն վաղուց անցել է հիսունը», — ասում  է միջոցառումների մասնակից, ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը, ով ցուցասրահում բազմիցս հանդես է եկել ամենատարբեր կամերային ծրագրերով և հատկապես ներկայացրել է  հատուկ ջազային ծրագիր իր եղբոր՝ դաշնակահար, երգեհոնահար և կոմպոզիտոր Հովհաննես Մանուկյանի հետ:

Ջազային և ակուստիկ ռոք ժանրերը նույնպես ներկայացված են բազմաթիվ այլ համերգներով և այստեղ հարկ է նշել «Լավ էլի» ճանաչված ռոք խմբի ակուստիկ՝ «Երեք մանուկ» նախագիծը, որով հանդես են եկել Մհեր Մանուկյանը՝ իր երկու դուստրերի հետ: Գործիքային երաժշտությունը իր ամենատարբեր դրսևորումներով նույնպես ներկայացված է «հինգշաբթիների» շրջանակում, լինի դա դաշնամուրային երաժշտություն՝ Աննա Միքայելյանի՝ Բախի և Կոմիտասի ստեղծագործություններից կազմված ծրագիրը, դասական կիթառային երաժշտությունը կամ ֆլեյտային բազմաբնույթ համերգային ծրագրերը, որոնց նախաձեռնողը ֆլեյտահար Նարեկ Ավագյանն է:

«Իմ նպատակն է ներկայացնել հայ հանդիսատեսին այնպիսի ստեղծագործություններ, որոնք լայն հանդիսատեսին անծանոթ են, օրինակ՝ բարոկո շրջանի երաժշտություն, ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ես չեմ սահմանափակվում մենահամերգներով և պարբերաբար հանդես եմ գալիս ցուցասրահում տարբեր կազմերով, որոնց մեջ նաև ակտիվ մասնակցություն է ունենում ջութակահարուհի Իվետա Կորկինան», — ասում է Նարեկ Ավագյանը:

«Ինձ համար՝ որպես ցուցասրահի հիմնադիր, կարևորված են մի քանի սկզբունքներ՝ արվեստի դաշտը պետք է բաց լինի և՛ ստեղծագործողի, և՛ հանդիսատեսի համար, այն պետք է հասանելի լինի, հակառակ դեպքում չի ստեղծվի այն միջավայրը, որը հատուկ է արվեստասեր հասարակությանը: Մեր միջոցառումների մուտքն անվճար է: Մյուս սկզբունքը բարձր կատարողական արվեստի նիշն է և բովանդակայնությունը: Այդ առումով կառանձնացնեի հեղինակ կատարողների ելույթները ցուցասրահում, որոնք ներկայացնում են իրենց սեփական ստեղծագործությունները, գրական միջոցառումները, որոնց մասնակցում են մեր ժամանակակից գրողները և հանդիպումները ճանաչված արվեստագետների հետ՝ թատրոնի, կինոյի և այլ ոլորտներից», — ամփոփում է «Արդեան» ցուցասրահի հիմնադիր, ճարտարապետ, դիզայներ Վազգեն Բրուտյանը:

Back to top button