Կյանքին ասել այո՛

Նորից անցանք պատերազմի միջով ու բռնի տեղահանվեցինք․ Տեր Հուսիկ քահանա Դոխոլյան․ «Կյանքին ասել այո՛»

Տեր Հուսիկ քահանա Դոխոլյանը ծնվել է 1983 թվականին Ստեփանավան քաղաքում։ Հաճախել է տեղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Ավարտելուց հետո 2001-2003 թվականներին ծառայել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում։ 2003թ.-ին ընդունվել է Ստեփանավանի Ա․ Քալանթարի անվան գյուղատնտեսական քոլեջ՝ ստանալով մենեջերի մասնագիտություն, սակայն ավելի ուշ հասկացել է, որ իրեն ձգում է հոգևոր աշխարհը։ 2008 թվականին ընդունվել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան։ Ավարտելուց հետո 2014-2021 թվականներին որպես սարկավագ ծառայել է Արարատյան հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում։ 2021թ.-ին ձեռնադրվել է քահանա և որոշ ժամանակ հոգևոր ծառայություն է իրականացրել Ճամբարակում։

Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ 2022թ.-ին ծառայության է անցել Արցախի թեմում՝ որպես Մարտակերտ քաղաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ։ «Իմ պատերազմը Արցախում սկսվեց 44-օրյա պատերազմից հետո, որովհետև իրականում այնտեղ պատերազմը չէր դադարել։ Պատերազմ է, որովհետև ամեն օր դու ականատես ես լինում թե՛ պատերազմի հետևանքներին, թե՛ բուն պատերազմին, որովհետև ամեն օր շփվում ես մարդկանց հետ, որոնք կամ անցել են պատերազմով, կամ հենց նախորդ գիշեր պատերազմել են իրենց դիրքում կանգնած։ Մարդիկ անընդհատ խոսում են կամ անցած պատերազմի, կամ գալիք վտանգի մասին։ 2023թ. սեպտեմբերին նորից անցանք պատերազմի միջով ու բռնի տեղահանվեցինք»,- պատմում է Տեր Հուսիկ քահանան։

Կիսելով արցախցիների ճակատագիրը` 2023-ի սեպտեմբերյան դեպքերից հետո կնոջ և երկու երեխաների հետ նա ստիպված էր լքել Արցախը։ 2023 թվականի նոյեմբեր ամսից որպես ծիսակատար քահանա ծառայում է Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցում, որը յուրօրինակ հավաքատեղի է դարձել մարտակերտցիների համար։ «Միմյանց տեսնելով` կարծես վերագտնում ենք մեր կորցրածը»,- ասում է Տեր Հուսիկը։

Back to top button