Գերդաստաններ

Հանրահայտ մանկաբարձ-գինեկոլոգն ու նույնքան հանրահայտ վիրաբույժ որդին. Մարգարյաններ. «Գերդաստաններ»

Երևանում հազիվ թե գտնվի մեկը, որին Մարգարյան հիվանդանոց անունը տաս և չիմանա Մաշտոցի պողոտայում գտնվող եռահարկ, քարե, ճարտարապետական գեղեցիկ հնարքներով, հանրահայտ ճարտարապետներ Նիկոլայ Բունիաթյանի և Մարկ Գրիգորյանի նախագծմամբ ստեղծված կառույցի տեղը։

Սակայն քչերը գիտեն, որ այն պաշտոնապես չի համարվում Մարգարյանի անվան հիվանդանոց և քչերը գիտեն, որ ժողովրդի կողմից հիշատակված անվանումը կապված է հայտնի մանկաբարձ–գինեկոլոգ Պարթև Մարգարյանի անվան հետ, որը ղեկավարել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը, ունեցել բազմաթիվ հետևորդներ և որի որդին հայտնի վիրաբույժ Լևոն Մարգարյանն էր։

Արմավիրի տարածաշրջանում՝ Արաքս գետի ձախ ափին, Արազափ կոչվող գյուղ կա, որից փոքր հեռավորության վրա շատ հարուստ հողատարածքներ կային։ Այդ հողատարածքնեից բավականին մեծ մաս պատկանում էր Համբարձում Մարգարյանին, որն էլ վարձակալությամբ էր տալիս դրանք և այդպիսով հոգում էր ընտանիքի կարիքները։

Համբարձումի որդին՝ Պարթևը, սկսեց հաճախել Երևանում գտնվող Ռուսական արական գիմնազիան, որը գտնվում է Ամիրյան փողոցի սկզբնամասում։ Այստեղ Պարթևի հետ սովորում էր նաև Արարատ Ղարիբյանը, որը նույնպես եկել էր Արմավիրի տարածաշրջանից։ Եվ երբ տղաները գնում էին Արմավիր, բնակիչները նրանց շուրջն էին հավաքվում, զրուցում էին, հարցուփորձ անում քաղաքի առօրյայից, գիմնազիայից։ Հետաքրքիր մի նկար է պահպանվել, որում գիմնազիայի նույն դասարանում սովորած տղաներով նկարվել էին 1967 թվականին։ Նրանք, գրեթե, բոլորն էլ հետագայում լավ մասնագետներ դարձան:

1919 թվականին Պարթևը ավարտեց Գիմնազիան և ուզում էր շարունակել ուսումը Գերմանիայում, քանի որ լավ գերմաներեն գիտեր։ Շատ տխուր ժամանակներ էին․Արևմտյան Հայաստանից տեղահանվածներ, սով, համաճարակ։ Քարավաններով գալիս էին մարդիկ, կանայք երեխաներ, որոնք տեղ չունեին մնալու։

Պարթևը  որոշեց բժիշկ սկսեց աշխատել բուժհմնարկներում, նախ՝ որպես սանիտար, հետո՝ բուժեղբայր-ֆելդշեր, իսկ հետո արդեն Երևանի պետական համալսարանին կից բժշկական ֆակուլտետ ընդունվեց և դարձավ առաջին շրջանավարտներից։

1920-ական թվականներին Պարթևը ամուսնացավ Մարիայի հետ, որը նրա Գիմնազիայի դասընկերոջ՝ Արտավազդի, քույրն էր։ Շուտով Մարիան էլ սկսեց սովորել բժշկական ինստիտուտում և աշխատել որպես մաշկաբան։ Համալսարանն ավարտելուց հետո Պարթևը 1930-ական թվականներին սկսեց աշխատել Գորկու անվան դպրոցի հարևանությամբ գտնվող փոքրիկ ծննդատանը, որն այդ տարիներին միակն էր Երևանում և մասնագետների խիստ կարիք էր զգացվում։ 1950 թվականին Պարթևն արդեն դոցենտ էր, ղեկավարում էր քաղաքային ծննդատունը ու միաժամանակ բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետի դեկանն էր: Նրա գիտական աշխատանքները վերաբերում էին հղիության, մանկական մահացության, Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններում աշխատող կանանց աշխատանքի, հիգիենայի և պրոֆեսիոնալ ախտաբանության ու բնակչության մանկաբարձա–գինեկոլոգիական և օգնության կազմակերպման հարցերին։ Բժիշկը «Մանկաբարձություն և գինեկոլոգիայի» դասագիրք ձեռնարկի հեղինակն է։ Ժամանակին տեխնիկական սարքավորումների բացակայությանը փոխարինել է բժշկի ձեռքերի վարպետությունը։ Հիվանդները պատմում էին, որ նա, ախտորոշում տալուց երբեք չէր սխալվում։

Գիտնական Վիկտոր Համբարձումյանից բացի, Պարթև Մարգարյանը միակ հայ գիտնականն էր, որի անունը տեղ է գտել 1968-ին Չիկագոյում հրատարակված ստվարածավալ World who’s who in Science՝ «Աշխարհի գիտնականներ»  հանրագիտարանում, որտեղ ընդգրկված են գիտության աշխարհի նշանավոր դեմքերը։

Պարթև Մարգարյանը Հայաստանում հայտնի էր որպես բարձրակարգ մասնագետ։ Որդին՝ Լևոնը, որն անընդմեջ հետևում էր հոր աշխատանքին, փորձում էր ավելին անել, հասնել նրան և նույնիսկ գերազանցել։ 1946 թվականին, ավարտելով  Երևանի բժշկական ինստիտուտը, նա աշխատանքի է անցնում մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում։ Նրա գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են հղիության ֆիզիոլոգիայի և ախտաբանության հարցերին։ Ուսումնասիրում է ուղեղի բնի տարբեր բաժինների ազդեցությունը սեռական ֆունկցիաների վրա և ռեպրոդուկտիվ խնդիրները։

Լևոն Մարգարյանն առաջինն է պարզաբանել արտադրական թույների ներգործությունը կանանց սեռական օրգանների ֆունկցիայի վրա և մշակել կանխարգելիչ միջոցներ։ Երևանի կաուչուկի գործարանում աշխատող կանանց առողջության ուսումնասիրությունները նրան հանգեցրել են մի շարք բացահայտումների՝ կաուչուկի արտանետումների բացասական ազդեցությունների հետ կապված արատավոր ծնունդների վերաբերյալ։

Լևոնը դարձավ հայտնի վիրաբույժ։ Նրա դասախոսություններին և վիրահատություններին ցանկություն էին հայտնում ներկա լինել շատ երիտասարդ մասնագետներ, օտարերկրացի ուսանողներ։ Նա վիրահատությունները կատարում էր անթերի՝ ոսկերչական հմտությամբ։

Այս բժիշկների գերդաստանի երրորդ սերնդից էր հենց Լևոնի որդին՝ Ռուբենը: Մանկության տարիներին նա որոշել էր օդաչու դառնալ, սակայն պապի և հոր զրույցները տղային տարան այլ ճանապարհով, և նա շարունակեց հոր ու պապտի ուղին:

Լևոն Մարգարյանը, բազմաթիվ անգամ լինելով այլ երկրներում, գիտակցում էր անգլերեն լեզվի կարևորությունը և երեխաների համար սկսեց մասնագետ փնտրել։ Դուստրը՝ Բելլան, շատ սիրեց անգլերենը և շարունակեց այդ ուղղությամբ։

Այսօր «Մոր և մանկան մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնը» պաշտոնապես չի կրում Պարթև Մարգարյանի անունը, պարզապես ժողովուրդն է այդպես անվանում։ Սակայն Լևոն Մարգարյանի զավակները աշխատում են այդ ուղղությամբ:

Back to top button