Երաժշտական եռանկյունի

«Ժեշտ իվենթս» պրոդյուսերական կազմակերպության 15-ամյակը. «Երաժշտական եռանկյունի»

Հայաստանյան բեմերում ներկայացված երաժշտության ժանրային գունապնակը բազմազան է և տարաբնույթ՝ ակադեմիական երաժշտություն, ջազ, հեղինակային երգ, էլեկտրոնային երաժշտություն և ռոք: Հետաքրքիր է, որ տարեգրության իմաստով ակադեմիական, դասական երաժշտությունից հետո ջազը և ռոք երաժշտությունը տասնամյակների պատմություն ունեն և ներկայացված են տարբեր ժամանակաշրջաններում գործող և ստեղծագործող երաժիշտ կատարողների և երաժշտական նվագախմբերի ստեղծագործությամբ: Հատկապես ռոք երաժշտությունը ներկայացված է եղել տարբեր ժանրային տեսակների հարող հայկական խմբերի և, բնականաբար, այդ ընթացքը պայմանավորված էր նաև աշխարհում ի հայտ եկած նոր երաժշտական ուղղություններով և ձևաչափերով:

Սրանցից առավել ծանր տեսակը համարվում է «մետալ» կամ «ծանր մետալ» ռոք երաժշտության ուղղությունը: Երաժշտական սլենգով Հայաստանում ընդունված է «մետալ» երաժշտությունը կատակով անվանել «ժեշտ»: «Հենց դրանով էլ պայմանավորված է, որ 15 տարի առաջ ես որոշեցի հիմնել մի կազմակերպություն, որը կզբաղվեր ոչ թե հայկական «ծանր» խմբերի հանրահռչակմամբ, այլ կստեղծեր հնարավորություն՝ համաշխարհային հռչակ և համբավ ունեցող խմբերին և երաժիշտներին ներկայացնել հայկական հանդիսատեսին»,- ասում է «Ժեշտ իվենթս» կազմակերպության հիմնադիր Արսեն Հակոբյանը:

Լինելով ՏՏ ոլորտի մասնագետ՝ Արսենը նաև նվագել է ռոք խմբում և իր երաժշտական նախընտրությունները տեսել է «ծանր» երաժշտության մեջ: Դեռևս 15 տարի առաջ նա ստեղծել է կայք, որը ներկայացնում էր հայ երաժշտասերներին իր ընտրանին՝ և՛ տեքստային, և՛ այլ ձևաչափերով: Նա մինչ օրս զբաղվում է կազմակերպչական գործունեությամբ՝ իր վաստակած գումարները ներդնելով «Ժեշտ իվենթսի» գործունեության մեջ: Չի ակնկալում որևէ եկամուտ և միայն մեկ նպատակ է հետապնդում՝ հայկական բեմերում ներկայացնել այն երաժշտական տեսակները, որոնք կզանազանեն ընդհանուր մթնոլորտը, նոր երաժշտության և նոր մոտեցումներին ծանոթանալու անմիջական առիթ կստեղծեն թե՛ հայ երաժշտների, թե՛ հայ հանդիսատեսի համար:

Այս տարիների ընթացքում Արսեն Հակոբյանը կազմակերպել է բազմաթիվ փառատոներ և հյուրախաղեր՝ Հայաստան հրավիրելով եվրոպական «ծանր մետալ» և «պրոգրեսիվ մետալ» խմբերի, կազմակերպելով համերգներն ամենատարբեր հարթակներում՝ ակումբայինից մինչև բացօթյա: Անշուշտ, նման երաժշտության սիրահարները շատ չեն Հայաստանում, բայց Արսեն Հակոբյանը համարում է, որ հայաստանյան երաժշտական խայտաբղետ իրականության համար անհրաժեշտ են թարմացնող, հաճախ շոկային «ծանր միջամտությունները»:

Այսպիսով, «Ժեշտ իվենթսի» գործունեությունը եզակի է Հայաստանում նրանով, որ ձևավորվել է և գործում է բացառապես ազատ արվեստի դաշտում և փաստացի ապահովում է ծավալուն միջազգային մշակութային գործունեություն:

Back to top button