Ժամանակի վկան

Խորհրդահայ պատմագիտության նահապետ Հակոբ Մանանդյանը․ Գոհար Վարդումյան․ «Ժամանակի վկան»

2023 թվականի նոյեմբերի 22-ին լրացավ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Հակոբ Մանադյանի ծննդյան 150 ամյակը, իսկ 2024թ․-ի փետրվարի 4-ին լրանում է նրա մահվան 72-րդ տարելիցը։

Այս կապակցությամբ երկու հաղորդումով պատմական գիտությունների թեկնածու, մշակութաբան Գոհար Վարդումյանի հետ ներկայացնում ենք անվանի գիտնականի կյանքն ու գիտական ժառանգությունը, որոնք հիշելով ու արժևորելով կարելի է կրթել ու պատրաստել գիտության նվիրյալներ։

Երբ համալսարանը հիմնադրվեց 1919 թ. մայիսի 16-ին, առաջին ռեկտորը նշանավոր իրավաբան, պրոֆեսոր Յուրի Ղամբարյանն էր (1850-1926): Իսկ Հ. Մանանդյանը փոքր-ինչ ավելի ուշ ստանձնեց ռեկտորի պաշտոնը, որը վարեց 1921թ. հունվարի 2-ից մինչեւ 1921թ․ հոկտեմբեր, երբ արդեն համալսարանը Ալեքսանդրապոլ Գյումրիից տեղափոխվել և հաստատվել էր ներկայիս Աբովյան փողոցի հանրահայտ սև շենքում: Եվս մի փաստ նշեմ, որ ԵՊՀ ռեկտորներից միայն Հ. Մանանդյանն է, որ ըստ կանոնադրության այդ պաշտոնն զբաղեցրել է ընտրությամբ: Հետագայում, մինչեւ 20-րդ դարի վերջերը, համալսարանի ռեկտորները նշանակվել են։

Երևանի պետական համալսարանի հիմնադրման, կայացման և համալսարանական կրթության ու գիտության զարգացման գործում ունեցած ավանդը արժևորելով՝ ականավոր գիտնական-մանկավարժ, ակադեմիկոս Հ. Մանանդյանի բրոնզաձույլ կիսանդրին տեղադրված է ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում։ Իսկ ԵՊՀ պատմության ֆակուլտետում գործող Հակոբ Մանադյանի անվան լսարանում մեծ գիտնականի հայացքի ներքո հայոց պատմության հայտնի ու անհայտ էջերն են ուսումնասիրում պատմաբանների նորանոր սերունդները։

1948թ. դեկտեմբերի 2-ին իր ծննդյան 75 և գիտական գործունեության 50-ամյակներին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ, Հակոբ Մանանդյանը հանդես եկավ «Հակոբ Մանանդյանն ինքն իր մասին» խորագրով ելույթով։ Այն անվանի գիտնականի շնորհակալական պատասխան խոսքն էր՝ ուղղված ներկաներին և իր ժողովրդին։

Ելույթում Մանանդյանը մի շարք դիտողություններ ու առաջարկություններ է կատարում՝ ուղղված երիտասարդ պատմաբաններին, հայոց պատմության չուսումնասիրված հիմնահարցերը վերհանելու և դրանք մեկնաբանելու համար: Ակադեմիկոս Հ. Մանանդյանի այդ դիտողությունները անգնահատելի, ուսանելի դասեր են ապագա գիտնականների համար, որոնք միշտ արդիական են, պահպանել են բարձր գիտականությունն ու կարևորությունր: Մեջբերեմ մի հատված այդ հոբելյանական ելույթից․

«Մեր երիտասարդ գիտնականները պետք է նկատի ունենան, որ հայ ժողովրդի պատմությունն անհրաժեշտ է ուսումնասիրել և շարադրել ո՛չ թե նախկինում եղած կարծիքները կուրորեն ներմուծելով և կուտակելով, այլ բուն սկզբնաղբյուրների հաղորդած նյութերի նորովի վերլուծությունների հիման վրա, որ հնարավորություն կտա նորապես լուծել հին խնդիրները և անաչառորեն լուսաբանել հայ ժողովրդի պատմության բազում դրվագներ»:

Back to top button