ԿարևորՔաղաքական

Հզոր բանակ, արտաքին հարաբերություններ և լեգիտիմություն․ վարչապետը՝ անվտանգության ապահովման գործիքների մասին

Երկրի, պետության անվտանգության ապահովումը ցանկացած կառավարության և կառավարության ղեկավարի ամենօրյա աշխատանքի թեման է՝ Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման տաղավարում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեր ժամանակներում միջազգային իրադրության պատճառով այդ հարցը գործնականում հրատապ է շատ երկրների համար՝ ասել է վարչապետը՝ նշելով, որ անվտանգության ապահովման առաջին գործիքը բանակի հզորացումն է։  

«Բարեփոխել, ուժեղացնել բանակը, ունենալ մարտունակ բանակ, որն ի վիճակի է լուծել խնդիրները։ Անվտանգության ապահովման երկրորդ գործիքը արտաքին հարաբերություններն են։ Այս երկու արձանագրման մեջ, կարծում եմ, մեծ նորություն չկա։ Կարևոր եմ համարում, որ այս զույգին ավելանա լեգիտիմությունը, որովհետև և՛ արտաքին հարաբերություններում, և՛ բանակի կառուցման կոնտեքստում շատ կարևոր է ունենալ լեգիտիմ նպատակներ, լեգիտիմ՝ միջազգային ընկալման տեսանկյունից։ Ոչ միայն և ոչ այնքան ներքին տեսակետից, որքան միջազգայինից», – նշել է վարչապետը։ 

«Եթե մեր ներքին ընկալման և արտաքին ընկալման միջև դիսոնանս կա, այստեղ է գեներացվում անվտանգային սպառնալիքը։ Անվտանգային սպառնալիքը հասցեագրելու համար այդ ճեղքը պետք է փակել» – հավելել է Փաշինյանը։

«Ես լեգիտիմությունը տեսնում եմ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում և այս հենակետի վրա եմ ուզում մեկնաբանել նախորդ երկու հասկացությունների հետ կապը։  Յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է ունենալ ուժեղ և մարտունակ բանակ, բայց այս հարցը հետագա քննարկման կարիք ունի, որովհետև, եթե դու ուժեղ և մարտունակ բանակ ունես լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ ոք չի կարող ասել՝ ինչու ես քո բանակն ուժեղացնում։ Եթե դնում ես նպատակ, որի լեգիտիմությունը միջազգայնորեն կարող է դրվել կասկածի տակ, առաջանում են բազմաթիվ խնդիրներ», – ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Մենք մեր բանակը պետք է ուժեղացնենք, դարձնենք մարտունակ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու նպատակով, և ոչ մեկ չի կարող մեզ ասել՝ ինչո՞ւ եք դա անում։ Իսկ եթե մենք բանակի ուժեղացման խնդիրը ձևակերպում ենք հետևյալ կերպ, որ ուժեղացնում ենք, որպեսզի վերականգնենք պատմական արդարությունը, շատ պարզ մի հարց է ծագում․ ինչո՞ւ ուրիշները պիտի թողնեն, որ այդ բանակը հզորանա, որ, պայմանական ասած, պատմական արդարության հարց լուծի։ Առնվազն խելամիտ չի թույլ տալ, որ այդ բանակն այնքան ուժեղանա, որ հետո այդ ուժեղացած բանակի հետ գործ ունենան», – ասել է վարչապետը։ 

«Ես ասում եմ, որ մենք չպետք է հղենք նման մեսիջներ աշխարհին, բայց ես նաև չեմ ուզում, որ այս խոսակցությունը լինի մեր և աշխարհի միջև, ուզում եմ, որ այս խոսակցությունը լինի մեր և մեր միջև», – նշել է վարչապետը։

Back to top button