Վերնատուն

Ավելը և մեխակները՝ «Կարմիր, սև, սպիտակ» լուսանկարների խորքում. «Վերնատուն»

Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի` Ջոտտոյի արվեստանոց-թանգարանում բացվել է լուսանկարիչ–վավերագրող, 4PLUS վավերագրական լուսանկարչության կենտրոնի համահիմնադիր Նազիկ Արմենակյանի «Կարմիր, սև, սպիտակ» անհատական ցուցահանդեսը։ Նախագծի հերոսները ՄԻԱՎ–ով ապրող տարբեր տարիքի հայ կանայք են։

Ինչպե՞ս խոսել մի խնդրի մասին, որը Հայաստանում տաբու է և հասարակության կողմից միանշանակ չի ընդունվում, ինչպե՞ս լուսանկարել կանանց, որոնք իրենց կարգավիճակը գաղտնի են պահում նույնիսկ ամենամտերիմ հարազատներից։ 2014 թվականին նախաձեռնած նախագիծն առժամանակ ընդհատվեց և վերականգնվեց 2019-ին, երբ միտք առաջացավ, թե ինչպես օգտագործել այն բոլոր սահմանափակումները, որոնք անհնար էին դարձնում նախագիծը։

«Ամենակարևոր ձեռքբերումներից մեկն այն է, որ նրանք գիտակցաբար համաձայնվեցին լուսանկարվել, քանի որ այս նախագիծը միայն ՄԻԱՎ–ի մասին չէ, այլ իր մեջ ներառում է շատ տարբեր շերտեր՝ ազգային ավանդույթներ, սովորույթներ, կրթություն, դաստիարակություն և ամենաշատը, որ ես տեսնում էի, ամոթն էր, ամոթի տարբեր շերտերը, որոնք մենք ունենք մանկուց փաթաթված մեզ։ Երբ ես որոշեցի նրանց դեմքերը ցույց չտալ և փաթաթեցի տարբեր քողերով, կտորներով, սա նաև փորձ էր ցույց տալու, թե որքան շղարշված ու իրար միահյուսված են այդ շերտերը», – պատմում է Նազիկ Արմենակյանը։

Լուսանկարներում միայն դիրքից ու ձեռքերից կարելի է հասկանալ, ինչ տարիքի և ինչ սոցիալական դիրքի են այդ կանայք։ Նազիկ Արմենակյանը առօրյա կենցաղային իրերի միջոցով ցույց է տալիս բախում, որ կրում է իր մեջ այս թեման։ «Շատ սովորական, հայկական, գեղեցիկ մի կին, կարող է ունենալ այսքան դաժան ու այսքան ցավալի պատմություն, ինչպես «ավելը և մեխակները», որ հակադրելով իրար՝ ցուցադրել եմ որպես նատյուրմորտ։ Այս նախագիծը նաև այդ բախումների ու հակադիր իրավիճակների մասին է։ Էսթետիկ գեղեցիկ մեծ պորտրետները և իրական վավերագրական, առաջին դեմքից պատմվող պատմությունները»։

Նազիկ Արմենակյանը նշում է, որ իրեն այժմ ավելի շատ հետաքրքրում են դժվար լուսանկարվող ու վիզուալիզացվող պատմությունները, դրանք նոր մարտահրավերներ են։ Նա մանրակրկիտ է աշխատում մի նախագծի վրա, կարևոր է, որ այն հասունանա, ուսումնասիրում է, հանդիպում մարդկանց, կարդում գրականություն, ասում է՝ «դա կոմպլեքս աշխատանք է, որտեղ լուսանկարչությունը վերջին տեղում է»։

Նազիկ Արմենակյանի «Կարմիր, սև, սպիտակ» լուսանկարների ցուցահանդեսը Ջոտտոյի արվեստանոց– թանգարանում կշարունակվի մինչև դեկտեմբերի 29–ը։

Back to top button