Սփյուռքի ձայնը

Եվրոպա-Հայաստան հարաբերությունները` եվրոպահայերի աչքերով. «Սփյուռքի ձայնը»

Ինչպիսի՞ դիրքորոշում և մոտեցումներ ունեն եվրոպահայերը Հայաստանի ռազմավարության վերաբերյալ, ի՞նչ համագործակցություն կարող է լինել Հայաստանի և Եվրոպական պետությունների միջև. նոյեմբերի 9-10-ին Բրյուսելում կայացավ Հայաստան-Եվրոպա առաջին ֆորումը, որին մասնակցելու համար Հայաստանից ու ԵՄ անդամ երկրներից ԵՄ մայրաքաղաք էին մեկնել հայ և եվրոպացի քաղաքական, հասարակական գործիչներ, փորձագետներ, դիվանագետներ, ԵՄ ու հայ պաշտոնյաներ։ Եվրոպայի հայերի միության փոխնախագահ Արտակ Սերգոյանը, հանդիպումը կայացած և արդյունավետ բնորոշելով, նշում է, որ աշխատանքները իրականացնելու համար պետք է միասնական գործակցություն, Հայաստանի գերակա շահերն առաջնային դարձնելու կամք։ Գագաթնաժողովի ավարտին «ռազմավարական ապագան» խորագրով հռչակագիր է ընդունվել, որում առկա կետերին անդրադառնում է Եվրոպայի հայերի միության փոխնախագահը։

«Գաղափարն ու նպատակը Հայաստան-Եվրամիություն կապերն ավելի ամրապնդելն է։ Եվրոպայի հայերի միությունը իր վրա է վերցրել մեկ գիծ և մեկ քաղաքականություն, որն անվանել է հայանպաստ քաղաքականություն։ Դա նշանակում է, որ  մեր կապերն ու հարաբերությունները պետք է ներդնենք Հայաստան-Եվրոպա հարաբերությունները էլ ավելի զարգացնելու, ընդլայնելու  գործին։ Հանդիպման գլխավոր նպատակներից մեկն էր նաև  «ռազմավարական ապագան» քննարկումների մեջ անդրադառնալ  վիզաների ազատականացմանը, տնտեսական  հարաբերությունների ընդլայնումը և այլն», նշում է Արտակ Սերգոյանը։

Միության փոխնախագահը նկատում է, որ այսօր օտարերկրյա և հայ ներդրողների համար կարևոր է անվտանգային հարցերի կարգավորումը։

«Համաժողովի մասնկիցները  իշխանական, քաղաքական  որևէ լծակներ չունեն՝ պետությունների վրա ազդելու համար։  Մեր գերնպատակներից  մեկն էլ    եվրոպացի գործընկերների  միջոցով մեր խոսքը Եվրոպային, եվրախորհրդարանին ու այլ միջազգային կառույցներին  ավելի արագ հասցնելն էր։ Կարևոր են թե՛ անհատական աշխատանքներ տանելը եվրոպական  երկրների  հետ, թե՛  համագործակցությունը  ՀՀ արտգործնախարարության հետ։ Հռչակագրի կետերից են․ «Հայաստանի ինտեգրումը Եվրամիությանը  հռչակում ենք ռազմավարական» եզրափակում է եվրոպայի հայերի միության փոխնախագահը։

Back to top button