Երաժշտական եռանկյունի

Ժամանակակից ձայնի նվագախումբ. «Երաժշտական եռանկյունի»

Հայկական կոմպոզիտորական դպրոցը հիմնված է լուրջ ակադեմիական ավանդույթի վրա: Հիմքում ունենալով Կոմիտասի, Կարա-Մուրզայի և Եկմալյանի ստեղծագործությունը՝ այն զարգացել է ռուսական և եվրոպական կոմպոզիտորական դպրոցի հիմքի վրա:

Կոմպոզիտորների մի քանի սերունդների ստեղծագործության շնորհիվ այն ձևավորել է ուրույն տեսակ, որով ճանաչվել է աշխարհում որպես հայկական ակադեմիական երաժշտություն: Խորհրդային շրջանում նորամուծություններն ու նոր կոմպոզիտորական միտումները չէին խրախուսվում ո՛չ կրթական համակարգի կողմից, ո՛չ էլ Խորհրդային շրջանի կատարողական միավորների կողմից: Հատկապես այն կոմպոզիտորները, որոնք փորձում էին նոր երաժշտական մտածողություն բերել, չէին խուսափում ստեղծարարությունից և փորձարարությունից, տարբեր ժամանակաշրջաններում ընկալվում էին որպես բուրժուական և ֆորմալիստական ուղղությունների ներկայացուցիչներ:

Նման մոտեցումը բերեց աղետալի հետևանքների, որովհետև և՛ երաժշտական տեսությունը, և՛ կոմպոզիտորական տեխնիկան 20-րդ դարի երկրորդ կեսին այնպիսի առաջընթաց և զարգացում ունեցան աշխարհում, որ մենք այսօր փաստում ենք, որ նորագույն երաժշտության ոլորտում աշխատող հայաստանաբնակ կոմպոզիտորները այդքան էլ շատ չեն: Սա բնականաբար պետք է իր ազդեցությունն ունենար սերնդափոխության վրա, և այսօր շատ քչերն են, որ ավարտելով Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ աշխատում են նորագույն երաժշտության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նորարարական էլեկտրոնային և միկրոտոնալ երաժշտությունը:

«Ժամանակակից ձայնի նվագախումբ»-ը միավորել է բարձրագույն ակադեմիական կրթություն ստացած ստեղծագործողների և կատարողների, որոնք բաց են ստեղծարարության համար, կիսում են գեղագիտական համոզումները և աշխատոմ են նույն երաժշտական լեզվամտածողության սահմաններում», — ասում է նվագախմբի հիմնադիր, կոմպոզիտոր Վարդան Հարությունյանը:

Նվագախմբում առկա են և՛ ակադեմիական նվագարաններ, և՛ ֆոլկլորային, և՛ էլեկտրոնային, համակարգչային նվագարանները: «Ինձ համար մասնակցությունը նախագծում նոր հնարավորություններ և ասպարեզներ է բացում, քանի որ իմ նվագարանը՝ քանոնը՝ հանդիսանալով որպես արևելյան, ավանդական գործիք, շատ նեղ կիրառություն ունի, սահմանափակվում է ժողովրդական նվագացանկով: Նվագախմբում ես ունեմ այնպիսի ստեղծագործական ազատություն, որը թույլ է տալիս ինձ դրսևորել նոր մոտեցումներ և ձայնարտադրման նոր հնարավորություններ՝ օգտագործելով քանոնը»․- ասում է նվագախմբի մասնակից, քանոնահարուհի Մար Մարգարյանը:

«Դասական ֆլեյտան իր կիրառությունն ունի հիմնկանում ակադեմիական երաժշտության ոլորտում, բայց վաղուց հաստատել է իրեն որպես ունիվերսալ փողային նվագարան՝ լայն տարածում ստանալով ջազի և ռոք երաժշտության ոլորտներում: Հատկապես այս նվագարանի համար գրված են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք պարտադրում են կատարողին տիրապետել ոչ միայն դասական, ավանդական տեխնիկայի, այլ նաև փորձարարական, նոր տեմբրալ և տեխնիկական հնարքների տիրապետելը: Իմ մասնակցությունը «Ժամանակակից ձայնի նվագախմբում» թույլ է տալիս լիովին ինքնարտահայտվել հատկապես նոր տեխնիկական ձևաչափերի և հնչյունների ասպարեզում»,- ասում է նվագախմբի ֆլեյտահար Արտակ Սարգսյանը:

Back to top button