Մոռացված ֆիլմերի ստվերները

«Սիրամարգի ճիչը»՝ Բրեժնևի հուղարկավորության օրը. «Մոռացված ֆիլմերի ստվերները».

1982 թվականի նոյեմբերի 15-ին հայկական կինոյի անվանի գործիչները «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրինության սրահում հավաքվել էին «Սիրամարգի ճիչը» ֆիլմի առաջին դիտմանը։ Մի քանի կադրից արդեն հասկանալի էր, որ նոր խոսք է մատուցվում։ Բայց անսպասելի հնչեց սրահի հեռախոսազանգը․ քարտուղարուհու տագնապած ձայնը դահլիճում հավաքվածներին հորդորում էր շտապ իջնել  ներքև։

Ֆանտաստիկ կինոսյուժեներ նախընտրող Սուրեն Բաբայանը իր ֆիլմերում ներկայացնում է կյանքի թաքնված շերտերը, բացահայտում մարդու գիտակցության գաղտնարանները։ Նա իր խառնվածքով և արվեստով սյուրռեալիստ է։ Այդ են վկայում նրա բոլոր ֆիլմերը։ Սուրեն Բաբայանի մուտքը կինոաշխարհ հետաքրքիր և ինքնատիպ եղավ։

1980 թվականին նա հանդիսատեսին ներկայացրեց իր նոր՝ «Արարման ութերորդ օրը» ֆիլմը,  որը հիմք դրեց հայկական կինոֆանտաստիկային։ Այս ֆիլմի գեղարվեստական որակն ու մտքի խորությունը թույլ էին տալիս ասելու, որ հրապարակ է իջնում հետաքրքիր մտածողությամբ ու ձեռագրով արվեստագետ։ Կինոգետ Դավիթ Մուրադյանը  երկար տարիներ մասնագիտական աչքով է հետևում գրեթե չորս տասնամյակ հայ կինոյում ստեղծագործող Սուրեն Բաբայանի գործունեությանը։  

Սուրեն Բաբայան

«Նրա աչքը միշտ նկատում է այն, ինչ մենք՝ սովորական մահկանացուներս, չենք նկատում»,- կինոգետն այսպես է բնորոշում ֆանտաստիկ ռեալիզմի ու սյուրռեալիզմի եզրագծում կանգնած Սուրեն Բաբայանին:

Մոսկվայի բարձրագույն ռեժիսորական կուրսերի ուսանող Սուրեն Բաբայանը 1978 թվականին  «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանում է նախադիպլոմային «Չեզոք իրավիճակ»  30 րոպե տևողությամբ ֆիլմը։ Այդ ֆիլմի պրեմիերայի օրը իրար հետ ծանոթանում, հետագայում էլ մտերմանում են կինոռեժիսոր, դերասան, պրոդյուսեր Միքայել Դովլաթյանն ու Սուրեն Բաբայանը։ Նրանց մտերմությունը վերածվում է նաև ստեղծագործական ընկերության։

Դավիթ Մուրադյան

«Ես այդ ժամանակ ուսանում էի ՎԳԻԿ-ում, իսկ Սուրենը՝ Մոսկվայի բարձրագույն ռեժիսորական կուրսերում։ Երբ ես վերադարձա Հայաստան հայրս՝ կինոռեժիսոր Ֆրուզե Դովլաթյանը ինձ ասաց, որ Կինոյի տանը մի երիտասարդ և խոստումնալից ռեժիսորի նկարահանած ֆիլմի կինոդիտում կա։ Դա ինձ հետաքրքրեց և որոշեցի դիտել ֆիլմը։ Դիտեցի, հավանեցի, հետո մոտեցա և շնորհավորեցի Սուրենին և այդպես մենք ծանոթացանք, պայմանավորվեցինք հանդիպել Մոսկվայում,հանդիպեցինք ու հանդիպում ենք առ այսօր»,-պատմում է Միքայել Դովլաթյանը։

Միքայել Դովլաթյան

Հանդիպումներ, փորձեր, սցենարական աշխատանքներ. այսպես էր անցնում մոսկվայաբնակ հայ տաղանդավոր երկու ապագա ռեժիսորների առօրյան։ Նրանք հաճախ էին քննարկում կինոյում իրենց հետագա անելիքները։ Այդպիսի մի քննարկման ժամանակ ծնվում է համատեղ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ նկարահանելու գաղափար։ Մնում էր գտնել հարմար կինոսցենար։ Օգնության է հասնում սցենարիստ, կինոռեժիսոր Առնոլդ Աղաբաբովը, որի խորհրդով որպես սցենարի հիմք ընտրվում է Լեոնիդ Ժուխովիցկու «Ճամփորդեք ինքնաթիռներով» պատմվածքը։

«Աղաբաբովը լավ գիտեր մեզանից յուրաքանչյուրի մտածելակերպը, հետաքրքություններն ու նախըտրած թեմաները։ Նա մեզ առաջարկեց ընթերցել ռուս այլախոհ գրող Ժուխավիցկու գործերը։ Մենք կարդացինք, հավանեցինք, ու հետո մեկնեցինք Մոսկվա նրա հետ ծանոթանալու։ Մեր ընտրությունը կանգ առավ հենց այդ պատմվածքի վրա, որի թեման մեզ հետաքրքրեց։ Հետագայում հայրս ու Առնոլդ Աղաբաբովը պատմվածքը վերածեցին կինոսցենարի»,-ասում է Միքայել Դովլաթյանը։

1981 թվականին մեկնարկում են «Սիրամարգի ճիչը» ֆիլմի նկարահանումները։ Մեկ ժամ քսաներեք րոպե տևողությամբ ֆիլմը բացի ասելիքից, հետաքրքիր էր նաև դերասանական կազմով։ Գլխավոր հերոսին՝ Անդրեասին մարմնավորում էր Սուրեն Բաբայանի համակուրսեցին՝  80-ականների հայ թատրոնի և կինոյի տաղանդավոր դերասաններից Վլադիմիր Քոչարյանը։  

Գլխավոր հերոսուհու՝ Էմմայի դերակատարին նրանք երկար փնտրեցին Հայաստանում, բայց  գտան Մոսկվայում։ Սուրեն Բաբայանը և Միքայել Դովլաթյանը կարճ այցով Մոսկվայում էին և որոշեցին դիտել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնի ներկայացումներից մեկը, որտեղ հանդես էր գալիս երիտասարդ դերասանուհի Տատյանա Պլոտնիկովան։ Բեմում նրան տեսնելու առաջին իսկ րոպեներից նրանք հասկացան, որ գտել են «Սիրամարգի ճիչը» ֆիլմի գլխավոր հերոսուհուն։

Այս ֆիլմը հատկանշական է նաև նրանով, որ երկար տարիների էկրանային դադարից հետո նկարահանման հրապարակ վերադարձավ Համո Բեկնազարյանի «Պեպո» ֆիլմի Կեկելը՝ Տատյանա Մախմուրովան։

«Մախմուրովան բեկնազարյանական շրջանից հետո գրեթե չէր նկարահանվում։ Եվ նրան նորից նկարահանման հրապարակ վերադարձնելով Սուրենը էկրան բերեց մի տոհմիկ կնոջ կերպար»,-նշում է Դավիթ Մուրադյանը։

Տատյանա Մախմուրովա

Նկարահանման աշխատանքների ավարտից հետո «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրինության սրահում տեղի ունեցավ ֆիլմի պրեմիերան։ Միքայել Դովլաթյանն ու Սուրեն Բաբայանը այդ օրն այնքան ոգևորված և հուզված էին, որ չէին անդրադարձել, որ պրեմիերայի օրը համընկել է ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ  Բրեժնևի հուղարկավորության օրվան։

«Անկեղծ ասած մենք չէինք էլ հիշում Բրեժնևի մահվան մասին։ Նշված ժամին բոլորը հավաքվեցին, սկսվեց ֆիլմի ցուցադրությունը և մեկ ժամ անց զանգեցին և ասացին դադարեցնել ֆիլմի ցուցադրությունը։ Ես ու Սուրենը զարմացած իրար նայեցինք և ասացինք․ «Պահո՜, էս ինչքան չհավանեցին ֆիլմը, որ անգամ մինչև վերջ չեն ցանկանում դիտել»։ Բոլորի հետ միասին մենք էլ դուրս եկանք սրահից, գնացինք տնօրենի սենյակ որտեղ մեծ հեռուստատացույց կար։ Միացրեցին այն և սկսեցին դիտել Լոենիդ Իլյիչի թաղման արարողությունը։ Այդտեղ մենք հասկացանք, դադարեցման պատճառը և հանգիստ շունչ քաշեցինք»,— ծիծաղելով պատմում է Միքայել Դովլաթյանը։  

«Սիրամարգի ճիչը» ֆիլմը խորհրդահայ կինոարվեստ բերեց «մտավորական հերոս», «ինտելեկտուալ կինո» եզրույթները, սակայն չնայած իր առավելություններին ու նորամուծություններին, այն չապրեց հանդիսատեսի ջերմությամբ։

Կինոյով հետաքրքրված, կինո ստեղծող երիտասարդությունն այսօր ևս մտավորական հերոսի և հենց ինտելեկտուալ կինոյի որոնումների մեջ է և տրամաբանորեն ու անհրաժեշտաբար դրանք կարծես թե նպաստելու են Սուրեն Բաբայան-Միքայել Դովլաթյան տաղանդավոր արվեստագետների համագործակցությամբ ստեղծված «Սիրամարգի ճիչը» ֆիլմի վերադարձին։
Դա կլինի օգտակարն ու հաճելին՝ միաժամանակ։

Back to top button