Երաժշտական եռանկյունի

«Ադանա» պրոջեկտ. սիմֆո-մետալ խումբ. «Երաժշտական եռանկյունի»

Համաշխարհային ռոք երաժշտությունը հարուստ է ամենատարբեր ուղղություններով՝ էքսպերիմենտալ և ակուստիկ ձևաչափերից մինչև սիմֆոնիկ ռոքի դրսևորումներ: Այդ ուղղություններից յուրաքանչյուրը սեփական կայացման երկար տարիների և ավանդույթների փորձառություն ունի:

Մետալ երաժշտությունը ձևավորվել է դեռևս 60-ական թվականներին և այսօր առավել զանգվածային էքսպրեսիվ և տարածված ժանրային տեսակներից է: Հայաստանում նույնպես անցած տասնամյակների ընթացքում գործում էին բազմաթիվ մետալ խմբեր, և այսօրվա «Երաժշտական եռանկյունու» հյուրերի ներկայությունը օրինաչափ է, քանի որ «Ադանա» խմբի ստեղծագործությունը հերթական օղակն է մեծ շղթայի մեջ:

Այստեղ կան առանձնահատկություններ, որոնք բնորոշ են միայն այդ խմբին: Սկսենք կազմից, խմբում նվագում են ազգությամբ հայեր, բայց ծնունդով Իրանից, Սիրիայից և Հայաստանից երաժիշտներ: Այդ հանգամանքով նշանավորվում է շատ կարևոր երևույթ, այն է՝ հայերի համար ընդհանուր հայրենասիրական թեմայի առկայությունը և ավանդական հայկական երգերի վրա հիմնված երգացանկը:

«Եղբորս հետ մենք սկսել ենք զբաղվել մետալ երաժշտությամբ դեռևս Իրանում՝ հաղթահարելով բազմաթիվ արգելքներ և նույնիսկ խաթարելով մեր ընտանիքների անվտանգությունը: Նման երաժշտական ուղղություններն Իրանում արգելքի տակ են, և չնայած շատ մետալ խմբեր կան Իրանում, և ոչ միայն հայկական, դրանք բոլորը գործում են «անդր գրաունդի» կարգավիճակով, այսինքն՝ ընդհատակյա: Հաստատվելով Հայաստանում՝ մենք որոշեցինք շարունակել զբաղվել երաժշտությամբ և 2014 թ. հիմնեցինք «Ադանա» փրոջեկտը»,- ասում է խմբի համահիմնադիր, թմբկահար Արիս Քարամյանը:

Խումբն ունի հստակ ուղղվածություն և նպատակ՝ ներկայացնելու հայկական հայրենասիրական երգը մետալ երաժշտության գեղագիտական տարածքում՝ սիմֆոնիզմին հատուկ բաղադրիչներով: Այստեղ համադրվում է կենդանի կատարումների բաղադրիչը համակարգչային, սեմպլերային հնչողության հնարավորությունների հետ, որի արդյունքում ստեղծվում է սիմֆո-մետալին հատուկ տրամադրություն և մթնոլորտ, ուր ոգին, հայրենասիրական մղումը և խրոխտ պաթոսը գերիշխում են և արտահայտվում բրուտալ և երբեմն ագրեսիվ ձևերով:

Տարօրինակ է, բայց խմբի մեներգչուհին՝ Մանե Տոնոյանը, չնայած իր նուրբ, կանացի կազմվածքին, շատ օրգանական է ներմուծվում խմբի գեղագիտության մեջ:

«Ես ծնունդով Գյումրիից եմ և իմ երաժշտական ուսումնառությունը ստացել եմ՝ անցնելով Երգի թատրոնի դպրոցը: Իմ գործունեության հիմնական ոլորտը պոպ երաժշտությունն էր, բայց ազգային երգն ու երաժշտությունը միշտ հոգեհարազատ էին ինձ: «Ադանա» նախագծում ես գտել եմ ինձ հոգեհարազատ ինքնարտահայտման դաշտ և հնարավորություն»,-ասում է երգչուհին:

Խումբը հրատարակել է մեկ CD ալբոմ և նախապատրաստում է թողարկման երկրորդը: Ակտիվ համերգային գործունեություն է ծավալում և ունի կայուն հանդիսատես Հայաստանում և Հայաստանից դուրս:

Back to top button