Վերնատուն

Հայաստանում պետք է զարգացնել ճարտարապետության ու դիզայնի նոր տենդենցներ. «Վերնատուն»

«Փորձի փոխանակումը որպես կրթվելու միջոց» խորագրով Ճարտարապետական կոնֆերանսը, մեծ արձագանք է ունեցել ճարտարապետության ու դիզայնի ոլորտի մասնագետների շրջանում։

Այն նախաձեռնել և կազմակերպել էր Futuris Architects ճարատրապետության ու դիզայնի ստուդիան։ Futuris Architects –ի համահիմնադիր և տնօրեն Հովնան Շահբազյանն ասում է` մեր օրերում ժամանակակից գիտություններն ու ոլորտները շատ ավելի արագ են զարգանում, և կրթական հաստատությունները չեն հասցնում հետևել նոր տենդենցներին, նոր մեթոդոլոգիա զարգացնել։

«Մեկ տարվա մեջ այնպիսի փոփոխություններ են տեղի ունենում, ճարտարապետության կամ դիզայնի մեջ նոր նյութեր ու միտումներ են հայտնվում, մինչև դրանք հասնում են կրթական հաստատություններ, դա արդեն դառնում է ժամանակավրեպ։ Փորձի ու գիտելիքի փոխանակումը կրթվելու համար լավագույն միջոցներից է։ Որոշեցինք ստեղծել մի հարթակ, որտեղ կներկայացվեն մեծ նախագծեր արած ընկերությունները և կկիսվեն իրենց փորձով»։

Կազմակերպիչները Հայաստանը տեսնում են Ճարտարապետության ու դիզայնի բնօրրան։ Հովնան Շահբազյանը շուրջ 20 տարի աշխատում է այս ոլորտում և վստահ է, որ դա հնարավոր է․

«Մենք գիտակցում ենք, որ դա շատ հավակնոտ քայլ է, բայց ժամանակակից աշխարհը սահմանները հարթելու մասին է, և տեղեկատվության արագ տարածմանը զուգահեռ այն երկրները, որ ունեն մշակույթ և գիտելիք, չեն կարող մնալ այդ երկրի սահմանների ներսում։ Մենք նպատակ ու երազանք ունենք ու մի քանի տարում կարծում եմ կհասնենք դրան։ Մենք շատ լավ ստուդիաներ, շատ լավ անհատներ ունենք, որոնք միջազգային մասշտաբի գործեր են անում, ուղղակի պետք է հարթակ, որտեղ կցուցադրվեն նրանց նախագծերը»։

Ճարտարապետական ֆորումի նախադեպը եղել է 2021 թվականին․ «Մենք հենց այդ ժամանակ հասկացանք, որ պրակտիկ գիտելիքի կարիք կա։ Իսկ այս անգամ մենք հրավիրեցինք երեք երկրներից կարևոր դիրքեր ունեցող կազմակերպությունների ու անհատների և փորձեցինք մեծ ջրերում լողացող ձկների փորձը վերցնել։ Քանի որ փոքր երկիր ենք, դրսում մենք պիտի վաճառենք ոչ թե պրոդուկտ, այլ միտք։ Աշխարհում մտքի սով կա։ Ժամանակակից գործիքները թույլ են տալիս նոր տենդենցներ ստեղծել, և Հայաստանում, միանշանակ, պետք է ստեղծվեն նոր տենդենցներ։ Յուրաքանչյուր տարի մենք փորձելու ենք էլ ավելի մեծ մասշտաբների կոնֆերանսներ կազմակերպել և մուլտիպլիկատիվ էֆեկտով ճարտարապետության ու դիզայնի, ստեղծագործ մարդկանց միջավայրը կզարգանա», – ասում է Հովնան Շահբազյանը։

Back to top button