Ժամանակի վկան

Քննադատական մտածողությունը հայ գրականության մեջ․ Սերոբ Խաչատրյան․ «Ժամանակի վկան»

5-րդ դարից հայերն ստեղծել են գրականություն, որում քննադատական բովանդակությունը զգալի տեղ ունի։ Հայ գրականության էջերում քննադատական մտածողության դրսևորումների, զարգացման միտումների, կիրառված հասկացությունների և արտահայտչամիջոցների, երևելի դեմքերի մասին է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ զրույցը։

Սերոբ Խաչատրյան

Հետազոտությունները վկայում են, որ հայ քննադատական միտքը զարգացման ընթացքում դրսևորել է որոշակի ինքնուրույնություն։ Վաղ միջնադարում հայ քննադատական միտքը կրել է հունահռոմեական ազդեցություն՝ հիմնականում սոփեստներից և ճարտասաններից։

Դեռևս անտիկ ժամանակաշրջանում քննադատությունն իբրև գրականագիտություն դրսևորվել է տեսությունների, պատմության, պոետիկայի, տեքստաբանության մեջ վերլուծություններով, մեկնաբանություններով, ընդհանրացումներով ու գնահատումներով։

Հայ պատմիչներից Մովսես Խորենացին գերազանցում է իր ժամանակակիցներին սուր քննադատական խոհափիլիսոփայությամբ։ Չնայած, որ Խորենացու «Ողբը» երկում չենք հանդիպի «քննադատություն» բառին, բայց այն իր ժամանակ գոյություն ունեցող հասարակական հարաբերությունների, մտածելակերպի, վարքուբարքի սուր քննադատությունն է։

Հատված Մովսես Խորենցու «Ողբ»-ից․

«Ո՞վ մեզ այս բաներում ճառակից կլինի` մասնակցելով մեր տրտմությանը, ո՞վ մեզ կընկերանա՝ ցավակցելով մեր ողբին, կամ արձանների վրա փորագրելու։ Զարթի՛ր, Երեմիա, զարթի՛ր և մարգարեանալով հանդերձ ողբա այն, ինչ թշվառություններ որ կրեցինք և ինչ պիտի կրենք, գուշակիր, որ տգետ հովիվներ պետք է երևան գան, ինչպես (գուշակեց) Զաքարիասը Իսրայելացիների համար։

Ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։

Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։

Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։

Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։

Ժողովրդականները՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։

Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից։

Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ։

Դատավորները՝ տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անհաստատ, հակառակող։

Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։

Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար։ Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։ Աստվածապաշտությունը մոռացված է, և կա դժոխքի ակնկալություն։

Որից փրկի Քրիստոս աստված մեզ և բոլորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են նրան։ Նրան փառք բոլոր ստեղծվածներից, ամեն»։

Սոփեստներից եկող «զեղծման» հետ մեկտեղ Խորենացու այլ երկերում հստակ երևում են հունական գրական կրիտիկայի, այսինքն՝ քննադատության տարրեր՝ «դատումն քերդածաց»։ Առաջին մեկնիչներից Դավթի և նրա հաջորդների՝ Ստեփանոս Սյունեցի, Գրիգոր Մագիստրոս, Առաքել Սյունեցի, Հովհաննես Երզնկացի, և այլոց մեկնություններում կան և՛ «եղծումը» և՛ «դատումը»։ Օրինակ՝ Հովհաննես Երզնկացին գրում է․ «․․․Եւ որպէս դատաւորաց է քննել ի մէջ դատախազից և որոշել զսուտն և զճշմարիտն, զարդարն և զանիրաւն․․․»։

Դավիթ Անհաղթ

5-6-րդ դարերում հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության և Հայաստանում տրամաբանական գիտության հիմնադիր Դավիթ Անհաղթի փիլիսոփայությունը հիմք դրեց հայկական արիստոտելականությանը։ Նա քննադատել է ագնոստիցիզմը և սկեպտիցիզմը, հիմք է համարել ապացուցման դեդուկտիվ եղանակները, սիլլոգիզմի մասին ուսմունքը, ապացուցել է աշխարհի ճանաչելիության հնարավորությունը և անհրաժեշտությունը։ Դեռևս 10-րդ դարի գիտնական, փիլիսոփա և բժիշկ, արևելյան արիստոտելականության ներկայացուցիչ Աբու Ալի Իբն Սինայից կամ Ավիցենայից և 13-րդ դարի իտալացի աստվածաբան, փիլիսոփա Թովմա Աքվինացուց առաջ նա հանդես է գալիս ռացիոնալիստական բարոյագիտության դիրքերից։

Հարկ է նշել, որ ավելի ուշ շրջաններում դասական իմաստով միջնադարյան հայ գրականության պատմություն գոյություն չուներ․ պատմիչները հիմնականում իրենց նախորդ շրջանի հեղինակների գործերի քննություն էին կատարում։

Գրիգոր Նարեկացի

10-րդ դարում Գրիգոր Նարեկացին նոր աստիճանի հասցրեց քննադատական միտքը՝ կարևորելով մեկնությունները, երևույթների, կիրառված բառերի բացատրությունները, իմաստը։ Չնայած միջնադարյան հայ մեկնությունները կրոնական ուղղվածությամբ էին, սակայն ունեին քննադատական բովանդակություն։ Արդեն 17-րդ դարից ի հայտ եկան քննադատական մտածողության՝ որպես տեսության, առաջին հստակ ձևակերպումներն ու համակարգերը։

Իսկ կա՞ն արդյոք էթնիկ հանրույթներ, որոնք առավել կամ պակաս արտահայտված քննադատական մտածողությամբ են բնորոշվում։

Իսկ քննակա՞ն, թե՞ քննադատական մտածողություն։ Ո՞րն է ավելի բնութագրական այս գիտական համակարգին։

Մեզանում «քննադատական» բառի տակ շատերը բացասական իմաստ են տեսնում։

19-րդ դարում հայ քննադատական միտքը նոր վերելք արձանագրեց։ Հեղափոխությունները, գիտատեխնիկական առաջընթացը, հասարակական և տնտեսական զարգացումները, մշակույթի վերելքը, նոր և առաջադիմական գաղափարների տարածումը նպաստեցին քննադատական մտածողության թե՛ քանակական և թե՛ որակական աճին։ Քննադատության վերաբերյալ գիտական հայացքների մշակումը նպաստեց, որպեսզի անցյալի կուտակած հսկայական փորձը գնահատվի գիտական ու պատմական չափանիշներով։ Քննադատական հայացքները ձևավորեցին նոր փիլիսոփայական ուղղություններ՝ կլասիցիզմ, ռոմանտիզմ, ռեալիզմ, իդեալիզմ, մատերիալիզմ, մետաֆիզիկա, դիալեկտիկա և այլն, որոնք տարածվեցին գրականության, արվեստի, գիտության, մշակույթի տարբեր բնագավառներում։  Հայ գրականության մեջ այդ շրջանում լայն տարածում են ստանում քննադատության դերի մասին քննարկումները։ Օրինակ՝ Միքայել Նալբանդյանը քննադատությունը որպես «սուրբ և անկողմնապահ դատաստան» էր համարում։ Րաֆֆին համոզված էր, որ «․․․կրիտիկան պետք է դաստիարակող լինի, կրթական նշանակություն ունենա, պետք է ժողովրդականացնե․․․բարձր ճշմարտությունները․․․»։

20-րդ դարում խորհրդահայ գրականությունը գաղափարախոսական սահմանափակումների, գրաքննության ծանր շրջան անցավ։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում կային գրողներ, որոնք շարունակում էին քննադատաբար մտածել։ Իհարկե, նրանցից շատերը ենթարկվեցին բռնաճնշումների, աքսորի, դատապարտվեցին զրկանքների ու մահվան, սակայն չդադարեցին մտածել և ասել ճշմարտությունը։

ԵՊՀ-ում գիտնականների մի խումբ առաջարկել է հաջորդ ուսումնական տարվանից՝ 2024-25 թվականներին, քննադատական մտածողությունը, որպես առարկա, ներառել դասավանդվող առարկայացանկում։ Գիտական որևէ տեսության զարգացման համար կարևոր հիմք է աղբյուրագիտությունը։ Հետաքրքրվեցի նաև թեմայի գիտական ուսումնասիրության արդի վիճակով։

Ավարտին հիշեցնեմ նաև, որ հաղորդումների այս շարքը եթեր է հեռարձակվում Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան (Calouste Gulbenkian Foundation) Հայկական Բաժանմունքի (Armenian Communities) աջակցությամբ, որի համար հայտնում ենք մեր երախտագիտությունը։

Նշեմ նաև, որ հաղորդման ընթացքում արտահայտված կարծիքները անպայման չեն ներկայացնում Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան տեսակետները։ Հիմնարկության աջակցությունը չի նշանակում որևէ կարծիքի կամ դիրքորոշման հաստատում։

Քննարկված թեմայով առաջին հաղորդումը կարող եք գտնել Հանրային ռադիոյի համացանցային պաշտոնական կայքի «Ժամանակի վկան» հաղորդաշարի հարթակում։

Back to top button