Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Չեմ պատկերացնում, որ եղբայրս կարող է այդ փոքրիկ ածխացած կտորը լինել․ Անահիտ Սվարյան․ «Կյանքին ասել այո՛»

«Ես ծնվել եմ 2000 թվականի ապրիլի 14-ին, Արամը՝ 2001-ի ապրիլի 8-ին։ Իմ ու եղբորս տարիքային տարբերությունն անգամ մեկ տարի չէր կազմում, դրա համար մեզ հաճախ երկվորյակներ էին ասում»։ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում ծնված Արամն ու Անահիտը միասին մանկապարտեզ էին գնում, միասին սովորեցին նաև նույն դասարանում։ Արամն իմ լավագույն ընկերն էր ու պաշտպանը` ասում է Անահիտը։ Մանկուց Արամի տարերքը մեքենաներն էին ու ֆուտբոլը։ 2019-ին զորակոչվեց բանակ, ծառայում էր Ջրականում, որտեղ էլ դիմավորեց 44-օրյա պատերազմը։

Վերջին զանգը հոկտեմբերի 9-ին՝ քեռու հարսանիքից մեկ օր առաջ էր եղել։ Արամը զանգել ու «հրահանգել» էր՝ «չմտածեք, թե պատերազմ է, դուք պիտի չուրախանաք, մենք այստեղ ենք, որ դուք ուրախանաք»։ Նրա զանգով հանգստացած հարազատները հարսանիքի եռուզեռի մեջ չէին էլ կասկածել, որ նույն օրը՝ հոկտեմբերի 10-ը, Արամի համար վերջինն էր ու ճակատագրականը։ Սպանող անորոշություն, անվերջ որոնումներ հիվանադանոցներում, հետո՝ դիահերձարաններում։ Շուրջ երկու տարի ոչինչ տեղից չէր շարժվում, մինչև մասնագիտությամբ լրագրող Անահիտը 2022-ի սեպտեմբերի 27-ին չսկսեց իր լրագրողական հետաքննությունը Հետք Մեդիա Գործարանում։

«Այս պատմության մեջ ես ոչ թե լրագրող եմ, այլ անհետ կորածի քույր, որը փորձում է գտնել իր եղբորը»։ Որպես լրագրող՝ նա կարողացավ մուտք գործել դիահերձարաններ, Փորձագիտական կենտրոն՝ սեփական աչքերով տեսնելով ամենասարսափելին, այդ թվում՝ մասունքներ, որոնցից մեկն էլ կարող էր Արամինը լինել։ Այնուամենայնիվ, ասում է՝ չեմ պատկերացնում, որ եղբայրս կարող է այդ փոքրիկ ածխացած կտորը լինել։ Սեպտեմբերի 27-ին կլրանա հետաքննության մեկ տարին։ Անահիտը դեռ չունի իրեն հետաքրքրող ամենակարևոր հարցի պատասխանը՝ որտեղ է Արամի աճյունը։ Բայց ունի պատկերացում՝ մոտավորապես ինչ ճանապարհ են անցել եղբոր մասունքներն ու այժմ որտեղ են գտնվում։

Back to top button