Գերդաստաններ

«Վրաստանա գոզալները» և Էջմիածնի Մայր տաճարի նկարիչները․ Հովնաթանյաններ․ «Գերդաստաններ»

Մոտ երկու հարյուրամյակ նրանք զգալի դեր կատարեցին հայ և հարևան ժողովուրդների մշակութային կյանքում։ Նրանք նոր բարձրության հասցրին հայ կերպարվեստը, կարողացան սկզբնավորել հայկական գեղանկարչության մի քանի ժանրեր, նկարազարդեցին Էջմիածնի մայր տաճարը, նրանց որմնանկարները տարբեր եկեղեցիներում են, նրանք նկարազարդել են գրքեր, նկարել դիմապատկերներ և սրբապատկերներ։

Հովնաթանյաններն ապրել են Սիսական նահանգի Երնջակ գավառի Շոռոթ գյուղում։  Նրանք տվել են նկարիչների վեց սերունդ։ 1960-ական թվականներին միայն պարզ դարձավ, որ այս գերդաստանի առաջին նկարիչը Օհանն է եղել, որը առաջին հերթին բանասեր էր։ Նրանից հայտնի է մեկ ձեռագիր և «Հայսմավուրքը», որոնք այսօր էլ պահվում են Մատենադարանում։

Օհանի որդի Նաղաշը զարմանալի ընդունակություններ ուներ, ուստի հայրը նրան տարավ Ագուլիս քաղաքի Թովմա Առաքյալի դպրոցը, որտեղ նա լավ էր սովորում, բանաստեղծություններ գրում, քամանչա նվագում, իսկ Օհանը որդուն նկարել էր սովորեցնում, և շուտով տղան տիրապետում է նկարչական գաղտնիքներին, հմտություն ձեռք բերում, բայց ավելի շատ, կարծես, նրան հրապուրում է այս աշխատանքը։

1670-ական թվականներին տղան մեկնում է Թիֆլիս, արհեստանոց բացում, սկսում աշխատել։ Այս հիանալի բանաստեղծին, աշուղին և նկարչին նկատում է Վախթանգ 6-րդ թագավորը, հրավիրում իր մոտ և Նաղաշը դառնում է պալատի երգիչն ու նկարիչը։

Նաղաշն իր թիֆլիսյան արհեստանոցում կրթում էր ոչ միայն իր որդիներին, այլև  շատ այլ հայ երիտասարդների։ 1679 թվականին Երևանում երկրաշարժ տեղի ունեցավ։ Անհրաժեշտ էր շատ շինություններ վերականգնել և նկարազարդել։ Նկարչին հրավիրեցին՝ վերականգնված Պողոս-Պետրոս, Կաթողիկե, Զորավոր եկեղեցիները որմնանկարներով զարդարելու։ Այդ նկարիչը Թիֆլիսում արդեն մեծ համբավ ունեցող Նաղաշ Հովնաթանն էր։

Շուտով՝ 1710-ական թվականներին, Նաղաշին հրավիրեցին Էջմիածին՝ նկարազարդելու Մայր տաճարը։ Որմնանկարները, որոնք այսօր հիացնում են ամենքին և Մայր տաճարի պարծանքն են, հետաքրքիր են նաև կոմպոզիցիոն իմաստով։

Էջմիածնի տաճարի գեղանկարները, որոնք Մկրտում Հովնաթանյանը
վերականգնել և համալրել է հոր՝ Հովնաթան Հովնաթանյանի հետ

Օրինակ՝ մի սրբապատկերում ներկայացված են Աբգար թագավորը, Աշխեն թագուհին, Որմիզդուխտը աղոթելիս։ Նաղաշ Հովնաթանը նկարազարդել է նաև իր ծննդավայրի՝ Շոռոթի Սուրբ Աստվածածին և Ագուլիսի Սուրբ Թովմա եկեղեցիները։ 

Նաղաշ Հովնաթանի որդիները՝ Հակոբ և Հարություն Հովնաթանյանները հոր հետ աշխատում էին Էջմիածնի Մայր տաճարում։ Նրանք են հոր հետ ստեղծել Սուրբ Գայանե և Հռիփսիմե կույսերի պատկերները։

Իսկ 1729-30-ական թվականներին մի «Հայսմավուրք» նկարազարդեցին, որի տակ առաջին անգամ ստորագրություն թողեցին։ «Հայսմավուրքի» նկարազարդումներն անչափ խոսուն էին և շատ տեղեկություններ էին տալիս մեր մշակութային անցյալի մասին։

Հովնաթան Հովնաթանյանի կտավներից

Հակոբի որդի Հովնաթան Հովնաթանյանը 1776 թվականից վրաց Հերակլ 2-րդ թագավորի պալատական նկարիչն էր, իսկ 1778 թվականին հրավիրվեց  զարդանախշելու Մայր տաճարը։ Հակոբն այստեղ իր աշակերտների հետ վերանորոգեց և լրացրեց իր մեծանուն պապի ստեղծած որմնանկարները։

Հովնաթանի որդին էր գերդաստանի չորրորդ սերնդի ներկայացուցիչը՝ Մկրտում Հովնաթանյանը, որը շատ հայտնի և փայլուն դիմանկարիչ էր։ Նրա գրած նամակներից պարզ է դառնում, որ Թիֆլիսում ունեցել է արվեստանոց, որտեղ բացի իր գերդաստանի անդամներից սովորում ու աշխատում էին նաև այլ երիտասարդներ։

Պահպանվել է նաև մի նամակ, որում խոսվում է, որ որպես լավ նկարչի նրան ազատել էին հարկերից։ Հայաստանի պետական պատկերասրահում և Էջմիածնի վանքի Վեհարանում պահպանվել են նկարչի՝ հայ թագավորների դիմանկարների շարքը և «Աշտարակի տիրամայրը» հիասքանչ կտավը։ Մկրտումը շուտով Թիֆլիսից հրավիրվում է Էջմիածին՝ նորակառույց վեհարանի գլխավոր դահլիճը  նկարազարդելու։ Ահա և Հովնաթանյանների չորրորդ սերունդը ևս շարունակում է  նկարազարդել Մայր տաճարը։

Մկրտում Հովնաթանյանն իր որդիներին՝ Հակոբին և Աղաթոնին տանում է Սանկտ Պետերբուրգ և այստեղ՝ Էրմիտաժում, նրանց առջև բացվում են արվեստի վիզուալ ընկալման դռները։

Եղբայրները հոր հետ նկարազարդել և վերանորոգել են Թիֆլիսի Սիոնի կաթողիկե, Սուրբ Նշան, Նորաշեն և այլ եկեղեցիների ներքին հարդարանքը, ստեղծել են հոգևոր հայրերի դիմանկարներ։

Հակոբ Հովնաթանյանի աշխատանքների մեծ մասը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում, Վրաստանի արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի  պետական թանգարանում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ Հակոբ Հովնաթանյանն ապրել և ստեղծագործել է Թավրիզում, եղել է շահի պալատական նկարիչը, կրել Նաղաշ Բաշի տիտղոսը և արժանացել «Էլմի»՝ գիտություն շքանշանի։

Իսկ Թիֆլիսում, երբ մեծահարուստ կանայք դիմանկարներ էին պատվիրում նկարչին, Հակոբը մեծ տեղ էր տալիս նրանց տարազին, նրա գունային և դեկորատիվ հնչեղությանը՝ հեռանալով կերպավորման հարթապատկերային սկզբունքներից, ինչպես անում էին նախորդները։

Հակոբ Հովնաթանյանը տեղի գեղագիտական պահանջները միահյուսեց արևելքի գեղարվեստական ըմբռնումներին և նոր աստիճանի բարձրացրեց գեղանկարչության ազգային մտածողությունը։

1843 թվականին Հակոբն ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, սովորել  նաև Բրյուլովի արվեստանոցում։ Հետագայում Հակոբը մնում է Թեհրանում և այստեղ էլ մահանում է, իսկ Աղաթոնն իր մահկանացուն կնքում է Սանկտ Պետերբուրգում։

Հովնաթան գերդաստանի ստեղծագործական պատմությունը երբեք չի կարող ջնջվել, քանի որ այն դրոշմված է մեր հոգևոր կառույցների պատերին, մեր աչքերի անտեսանելի խորքերում, իսկ «Վրաստանա գոզալների գովքը» մի յուրահատուկ թրթիռ է հաղորդում ցանկացած տարիքի մարդու։

Back to top button