Սփյուռքի ձայնը

Հանդիպման վայրը փոխել չի կարելի. դա Հայաստանն է. «Սփյուռքի ձայնը»

Սիրիայում սկսված պատերազմը հայկական շրջանակի համար ճակատագրական եղավ։ Այդ երկրում բազմաթիվ հաջողություններ ունեցող հայերից շատերը երկիրը լքելու բարդ և հարկադրված որոշման առաջ էին կանգնած։ Մանկաբույժ Մադլեն Շամլյանն իր ընտանիքով նրանց շարքերում էր։ Մասնագիտության մեջ հաջողած բժշկուհին ամուսնու, երկու զավակների հետ եկավ Հայաստան՝ Սիրիայում թողնելով ամեն բան։ Հայաստանում պետք էր սկսել նոր կյանք՝ մաքուր էջից։

Հալեպում ծնված, այսօր Հայաստանում իր մասնագիտության մեջ հաջողած ու ճանաչում ունեցող Մադլեն Շամլյանը հիշում է Սիրիայում ապրած տարիները, սիրիացիների բարի վերաբերմունքն ու հայության համախմբվածությունը:

«Ես, մայրս, հայրս էլ ծնվել ենք այդ երկրում։ Սիրիան այն երկրներից է, որը հնարավորություն տվեց մեզ կայանալու, ճանաչում ու հաջողություններ ունենալու՝ առանց հայկականությունը, մեր ավանդույթները, լեզուն ու կրոնը անտեսելու»,- ասում է բժշկուհին և ավելացնում, որ երկկողմանի դարավոր հարաբերությունների ձևավորման գործում մեծ է եղել նաև այնտեղ ապրող հայերի դերը, որոնք թե՛ լավ քաղաքացիներ են, թե՛ լավ մասնագետներ, որոնց վստահում են սիրիացիները:

Գիշերներից մեկը,  որն ամենասարսափելին էր, երբ ռմբակոծությունները չէին դադարում, իրենք որոշեցին դուրս գալ Սիրիայից և միակ ու անփոփոխ որոշումը՝ Հայաստան գալն էր, ասում է: Արդեն ութ տարի Հայաստանում ապրող ընտանիքը կարողացել է հաստատվել այստեղ:

«Տարիներ առաջ, երբ եկա Հայաստան՝ որպես զբոսաշրջիկ, դեռ այն ժամանակ սիրահարվեցի Հայաստանին: Ամուսինս այստեղ է ստացել իր կրթությունը: Տղաներս, որոնց համար հայաստանյան կյանքին ինտեգրվելը ամենահեշտն էր, այսօր այստեղ ունեն իրենց թե՛ սիրիահայ, թե՛ հայաստանցի ընկերները, իրենց կյանքը: Մեր ընտանիքը բոլորից լավ այսօր ճանաչում է մեր երկիրը, եղել ենք Հայաստանի այնպիսի վայրերում, որտեղ, գուցե, հայաստանցիներից շատերը չեն եղել»:

Մադլեն Շամլյանն  այսօր աշխատում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Կայացած ու նպատակին հասնող բժշկուհին, Հայաստանում աշխատանքային միջավայրի մասին խոսելով, ժպիտով է հիշում աշխատանքային մեկնարկը:

«Բոլորը աշխատավայրում ինձ լավ ընդունեցին: Աշխատանքային տարբերություններ թեև կային, սակայն դրանց ընտելանալը բարդ չէր: Միակ խնդիրը ռուսերենով գրառումներ անելն էր: Այսօր մի քիչ տիրապետում եմ ռուսերենին ու ավելի լավ՝ հայաստանյան հայերենին»։

Այստեղ՝ այս տարիներին, մի ավանդույթ էլ ձևավորվեց. սիրիահայերը, որոնք ապրում են Հայաստանից դուրս, հանդիպում են միմյանց Հայաստանում: «Մեր հանդիպման վայրը մեր հայրենիքն է»,- ասում է Մադլենը:

Back to top button