Գերդաստաններ

Աբովյանագետ Պիոն Հակոբյանի գործը շարունակում է դուստրը․ «Գերդաստաններ»

Նա տասնյակ տարիներ ուսումնասիրել է Տարտուի, Կազանի, Մոսկվայի, Լենինգրադի, Թբիլիսիի, Երևանի,Կիևի պետական ու գրական գաղտնի արխիվները, հայտնաբերել Խաչատուր Աբովյանին վերաբերող գերմանալեզու, ռուսալեզու և հայալեզու նյութեր և կերտել իր աբովյանագիտական աշխատությունները։

Նա հանրահայտ գրականագետ Պիոն Հակոբյանն է, իսկ նրա քրոջ որդին՝ Էդուարդ Դարբինյանը, մոռացությունից փրկեց մեր ազգային երգի շատ պատառիկներ, որոնք ներկայացրեց ինքնատիպ ու յուրօրինակ մոտեցմամբ՝ հավատարիմ մնալով  բնօրինակին։ 

1830 թվականի մայիսի 15-ին Կարնո գավառի Նորշեն գյուղից շուրջ 33  գերդաստաններ հասնում են Ախալցխայից քիչ հեռու գտնվող Ծղալթբիլա գյուղ, ստեղծում իրենց բնակավայրը և անվանում Նորշեն։

Այս գերդաստաններից էին Հակոբյանները, որոնց մեջ կային շատ գրագետ, երևելի մարդիկ: Նրանց թվում էր հայտնի աշխարհագրագետ և պատմաբան Հակոբ Կարնեցին՝  Տեր Հովհանը, որը կաթոլիկ հոգևորական էր և կրթություն էր ստացել Լիբանանում։ Հանրահայտ գրականագետ  Պիոն Հակոբյանի պապը Տեր-Հովհանն էր, ասում է գիտնականի դուստրը, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Հակոբյանը։

Պիոն Հակոբյանի հայրը՝ Հովսեփ Հովհաննեսի Հակոբյանը, Ծղալդբիլա գյուղի դպրոցի տնօրենն էր։ Նրա անունը բարձր էր հնչում ոչ միայն գյուղում, այլև ողջ Ջավախքի շրջանում, քանի որ իր իմացությամբ օգնում էր նաև այլ գյուղերի ուսուցիչներին և այլ ուսումնատենչ մարդկանց։ Իսկ որդուն՝ Պիոնին, հայրը հետևում էր անընդմեջ և կապում էր իր հսկայական, եզակի գրքերով հարուստ գրադարանի հետ։ Եվ այս գրադարանի կախարդանքն էլ Պիոնին դարձրեց իսկական հետազոտող։

Երիտասարդ տարիներից Պիոն Հակոբյանը մտերիմ էր հորեղբոր՝ բանասեր Պողոս Հակոբյանի հետ, որը նշանակալի դեր ունեցավ նրա կյանքում։ Երբ 1945 թվականին Պիոնն ընդունվեց Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, նրանք երբեմն միասին անդրադառնում էին բանասիրական լուրջ հետազոտությունների, իրենց կարծիքն արտահայտում, հաճախ էլ վիճում։ Հորեղբորն ուրախացնում էին Պիոնի հետաքրքիր մոտեցումները։

Գրականության ինստիտուտում աշխատելու տարիներին ծնվեցին այնպիսի աշխատություններ, որոնք լուրջ ներդրում էին աբովյանագիտության մեջ։

1981-ին լույս տեսավ Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի՝ բնագրորեն վերջնականապես ճշգրտված գիտական հրատարակությունը, որը բազմաթիվ տպագրությունների մեջ առանձնահատուկ տեղ ունի և բոլոր  հրատարակությունների հիմքն ու ելակետն է։

Հանրահայտ երգիչ Էդվարդ Դարբինյանը գիտնականի քրոջ որդին է, որը  մոռացությունից փրկեց մեր ազգային երգի շատ պատառիկներ՝ յուրահատուկ  մեկնաբանմամբ։ Նրա կատարումները հետաքրքրեցին աշխարհի ողջ հայությանը։ Նրան ճանաչեցին և սիրեցին Հայաստանում ու Սփյուռքում։ Նրա կատարումը լսելով՝ շատ օտարերկրացիներ առավել ճիշտ պատկերացում կազմեցին հայ ազգային երգի  մասին։

Պիոն Հակոբյանն իր դստերը՝ Անահիտին, դեռ մանկուց վարժեցնում էր  գրամեքենային, ծանոթացնում հարուստ գրադարանին, հանձնարարում  աշխատանքներ, որոնք ուղղորդում էին աղջկան դեպի բանասիրությունը։

Աբովյանագիտական աշխատանքները շարունակելով՝ Անահիտն արեց նոր բացահայտումներ՝ արտասահմանյան նոր հայտնաբերված արխիվներից։ Դա  հայտնի արևելագետ Գևորգ Ռոզեի գրառումների մասին էր, որը եղել էր Տփղիսում և  աբովյանական արխիվում նոր գտնված նյութերից կատարել հետազոտություններ։

Պիոն Հակոբյանի և որդու՝ Հայկի միջև մտերիմ ընկերական հարաբերություններ էին։  Հայկը պատանեկության տարիներից անընդմեջ կարդում էր պատմական, գեղարվեստական, հնէաբանական գրքեր։ Նա էլ էր մեքենագրում հայրիկի  հետաքրքիր հոդվածները։ Սիրում էր հնագույն պատմությունը։ Գրականության իմացությունը նրան օգնեց պատկերացում ունենալ հայոց հնագիտության մասին։

Ծղալթբիլայում մի գեղեցիկ սովորույթ կա․ մարդիկ աշխատում են պահպանել այն տունն ու այգին, որտեղ ծնվել են իրենց մեծերը։

Հակոբյանների տունը՝ փոքր-ինչ  ձևափոխված, պահպանվում է և ապրում է այստեղ գիտնականի եղբոր ընտանիքը, իսկ դրսում ապրող սերունդները հաճախ են այցի գալիս ուխտատեղի դարձած այս վայրը՝ կարոտած հնաբույր գրադարանին, աղբյուրներին, եզակի  ծառատեսակներին, որոնք իրենց մանկությունն են արթնացնում և, իհարկե, ոգին։ Իսկ մեծ աբովյանագետին և հիանալի երգիչ զարմիկին լավ գիտեն Ծղալթբիլայում, նրանցով հպարտանում են, նրանց մասին պատմում։   

Back to top button