Գերդաստաններ

Արծրուն Բերբերյանը խոսեցնում էր մետաղը․ «Գերդաստաններ»

Շրջեք երևանյան թանգարաններով և դիտեք հայկական արծաթագործության նմուշները և անմիջապես կճանաչեք բերբերյանական գործերը՝ հազարամյա հնության զարդատարրերով սափորներ, արծվագլուխ կուժ-ջրաման, վիշապե գլուխներով կրակաման, ատրուշան, վզնոցներ, գոտիներ և նմանը չունեցող այլ զարդեր, որոնց մեջ միահյուսված են մեր հին արվեստի մյուս ճյուղերի՝ հատկապես մանրանկարչության ու ասեղնագործական աշխատանքների պատկերներն ու առանձնահատկությունները։ 

Վասպուրական աշխարհի Վան քաղաքը հայտնի է աշխարհին իր արհեստավորներով՝ հատկապես ոսկերիչներով և արծաթագործներով։

Տոհմիկ արհեստավորներից էին Բերբերյանները, որոնք 1914թ․-ին գաղթեցին Արևելյան Հայաստան, ապա բնակություն հաստատեցին Թիֆլիսում։

Այստեղ էլ 1925 թ-ին ծնվեց նրանց որդին՝ Արծրունը։ Սակայն շուտով ընտանիքը տեղափոխվում է Թավրիզ, որտեղ այդ շրջանում փակվում են հայկական դպրոցները, և տղայի ուսումը կիսատ է մնում։ Հայրը՝ Արմենակը, որը ատաղձագործ էր, Արծրունին ուղակում է Թավրիզում հաստատված հայ հայտնի վարպետներ Ատոմ Սապոնջյանի և Փանոս Ժամհարյանի մոտ արծաթագործություն սովորելու։

1946 թ․-ին Արծրունը մեկնում է Թեհրան և աշխատում Խոսրով Կոտիկյանի արհեստանոցում։ 1936 թ․-ին արդեն հմուտ արծաթագործը վերջնականապես հաստատվում է Երևանում՝ պատմում է Արծրուն Բերբերյանի դուստրը՝ արծաթագործ Անահիտ Բերբերյանը։

Արծրուն Բերբերյանը ժառանգել է նախնիներից հայկական նախշազարդեր կերտելու ողջ հմտությունն ու այն վերարտադրելու զգացողությունը, քանի որ մայրական պապը գորգավաճառ էր, նաև գորգագործությամբ էր զբաղվում, իսկ տատիկը հիանալի ասեղնագործում էր՝ շարունակում է Անահիտը։

Բերբերյանն աշխատանքի ընթացքում ուսոււմնասիրել է ողջ ուրարտական արվեստը, ստեղծել ծավալային հետաքրքիր աշխատանքներ՝ համակված նախշազարդերով՝ ասում է արվեստաբան  Սեյրանուհի Գեղամյանը։

Երբ արծաթագործի աշխատանքները լայն ճանաչում էին ձեռք բերել, նրա պատվիրատուները շատացել էին և՛ Հայաստանում, և՛ երկրի սահմաններից դուրս։ Մի անգամ նրա մոտ գալիս են այն ժամանակվա ՀՀ ղեկավար Կարեն Դեմիրճյանի աշխատակազմից և խնդրում ազգային  խորհրդանիշ ներկայացնող մի աշխատանք, որպեսզի նվիրեն Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին։ Ընտրում են օձաձև խանչալը` պատմում է Անահիտը: Սակայն վարպետի կինը՝ Ռաիսան, որն ուներ սլավոնական ծագում, դեմ էր այդ որոշմանը։

Հետաքրքիր են նաև Բերբերյանի հոգևոր բնույթի աշխատանքները, որոնք այսօր ցուցադրվում և գործածվում են Էջմիածնում։ Օրինակ՝ Վազգեն Առաջինի գահը և շատ այլ աշխատանքներ։

Արծաթագործի աշակերտներին արվեստանոցում հաճախ էր միանում նաև 6-ամյա Անահիտը։ Անահիտը հիշում է, որ սկզբում կարողանում էր միայն գնդիկներ պատրաստել ու շղթաներ հյուսել, սակայն լարեր ստեղծելու համար փոքրիկ աղջկա ուժը չէր պատում։

Կամաց-կամաց աղջիկը յուրացրեց նաև նմանատիպ աշխատանքների հմտության գաղտնիքը։ Հետագայում աղջկան սկսեց հետաքրքրել նաև հայ զարդարվեստի և զարդանախշերի ողջ իմաստային պատմությունը։

Անահիտը պատմում է նաև, որ, հարազատ մնալով բերբերյանական ոճին՝ ստեղծում է նորը՝ երկրաչափական մոտիվներով պատկերներ և նոր յուրահատուկ նախշազարդեր, որոնցում խոսում են նաև իր սլավոնական գեները։

Տարիներ շարունակ, օրուգիշեր իր արհեստանոցի սեղանին կռացած ՝ վարպետ Արծրունն, ամբողջ էությամբ զգալով մետաղը, խոսեցնում էր այն որպես մշակութային հրաշալիք։ Եվ այդ հրաշալիքի հետ ծանոթանում էին աշխարհի շատ երկրներում, ճանաչում մեզ՝ որպես դարերի մշակույթ ունեցող ազգ։ 

Back to top button