Սփյուռքի ձայնը

Հայ փաստաբանները փորձում են լուծել Երուսաղեմի հայկական թնջուկը. «Սփյուռքի ձայնը»

Երուսաղեմի հայկական հողատարածքների վարձակալության հարցը դուրս է եկել հայկական շրջանակից։ Հին քաղաքի հայկական թաղամասի շուրջ 25%-ը՝ «Կովերի պարտեզ» կոչվող հողատարածքը, 99 տարով հրեա գործարարին վարձակալության տալու պայմանագրի առնչությամբ Երուսաղեմում են ամերիկահայ փաստաբաններն ու ՀՀ նախկին ՄԻՊ-ը։

Պատրիարքարանի կարգալույծ տեսուչը խոսում է Երուսաղեմից կիլոմետրերով հեռու ԱՄՆ-ից, իսկ պատրիարքը լուռ է՝ մեկուսացած վանքում։

Այս ամենին նախորդել են Հորդանանի թագավորության ներկայացուցիչների, Պաղեստինի իշխանությունների հայտարարությունները, իսկ սաղիմահայ համայնքը շարունակում է բողոքել՝ իր ձայնը փորձելով լսելի դարձնել հայկական բոլոր շրջանակներում։

Պոստ ֆակտում. հայ փաստաբանները՝ Երուսաղեմում և Հորդանանում

Ամերիկահայ փաստաբաններ Կարո Ղազարյանը, Գառնիկ Քերքոնյանը և Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը Երուսաղեմում են՝ օգնելու լուծել Երուսաղեմի հայկական հողատարածքների հարցը։

Կարո Ղազարյանը խոսում է մի պայմանով, որ ձայնագրություն չլինի։ Ասում է՝ որևէ նորություն ունենալու դեպքում առաջինը Հանրային ռադիոյին կհաղորդի։ Հիմա աշխատանքային փուլում են:

Այն, որ աշխատում են և տարբեր հանդիպումներ ունենում, փաստում է նաև Երուսաղեմում բնակվող Սեդրակ Բալյանը։ Ասում է՝ փաստաբանների խմբի հետ է, անընդհատ տարբեր հանդիպումների մեջ են։ Այցելության արդյունքների մասին խոսելը վաղ է համարում, բայց հույս ունի, որ աշխատանքը դրական արդյունք կտա։

Սաղիմահայ համայնքը «խոսում է» ցույցերի լեզվով, պատրիարքարանը՝ «լռում»

Արդեն մի քանի ամիս է սաղիմահայ համայնքի ներկայացուցիչների հանդիպման օրը, տեղն ու հանդիպման նպատակը չեն փոխվում. ամեն ուրբաթ ցույց՝ վանքի ներսում ու դիմաց։

Երուսաղեմում հրեա գործարարին 99 տարով վարձակալության տրված «Կովերի պարտեզ» կոչվող հողատարածքի պայմանագրի առնչությամբ սաղիմահայ համայնքը շարունակում է բողոքել՝ իր ձայնը փորձելով լսելի դարձնել հայկական բոլոր շրջանակներում։ Համայնքն անշարժ գույքի այս գործարքից հետո տարբեր քայլեր է փորձել ձեռնարկել։ Հակոբ Ջերնազյանը սաղիմահայ այն ներկայացուցիչներից է, որը պայմանագրի կնքման օրվանից դեմ է եղել Պատրիարքության այս գործարքին, իսկ արդեն մի քանի շաբաթ է Պատրիարքության տարածքում համայնքի այլ ներկայացուցիչների հետ բողոքի ցույցեր է կազմակերպում։ «Պահանջում ենք, որ պայմանագիրը չեղարկվի և պայմանագիրը դուրս բերվի», -ասում է։

Բողոքի ցույցերի հստակ հասցեատեր կա, գիտեն՝ ում են դիմում, ասում է Հակոբը։ Մի քանի անգամ պատրիարքարանում համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել, բայց վերադարձել են առանց պատասխանի։

«Մինչև մեզ չներկայացվեն կոնկրետ պատասխաններ, մենք չենք կարող համարել, որ այդ գործողություններն արդյունավետ են և ի նպաստ ազգային շահի։ Երբ երկու-երեք տարի շարունակ թափանցիկություն չկա, հիմա՞ պիտի թափանցիկ աշխատեն»,- կասկածում է Հակոբն ու շարունակում, որ համայնքի և պատրիարքարանի հարաբերությունները կտրված են, շփվում են հազվադեպ, այն էլ միջնորդավորված։

Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը դեպքի հետ կապ ունեցող հարցերին պատասխանում է կարճ ու կտրուկ, ասում՝ ժամանակը չէ խոսելու, պետք է գործել՝ ի շահ պատրիարքարանի։ Արգելե՞լ են խոսել՝ հարցնում եմ, Հայր Աղան Գոգչյանը պատասխանում է, որ ոչ, բայց և այո. «Երբ ինձ ներկայացված է, որ պիտի խոսես այս, այս կամ այս թեմայի մասին, ես չեմ կարող խոսել մի բանի մասին, որն ինձ արգելված է»։

Համայնքի ու պատրիարքարանի ներկայացուցչի միջև հանդիպում չի եղել։ Ինձ հետ ոչ ոք չի հանդիպել՝ ասում է Գոգչյանը. «Իսկ ում հետ որ հանդիպել են, ես չեմ կարող ասել, թե ինչ են ասել ու ինչ են խոսել»։ Պատրիարքի հետ են հանդիպել, մեջբերում եմ։

«Ես ներկա չեմ եղել, ոչինչ չեմ կարող ասել։ Ես պատրիարքարանի գործով ուրիշ տեղ եմ եղել»,- ժխտողական պատասխանում է ներկայացուցիչը։

Հանդիպե՞լ են արդյոք համայնքի ներկայացուցիչները, թե՞ ոչ, ի՞նչ են խոսել և իմացե՞լ․ այս հարցերին չեն պատասխանում ո՛չ համայնքի, ո՛չ պատրիարքարանի ներկայացուցիչները։

Մեկուսացում՝ վանքում և փախուստ՝ Երուսաղեմից. կասեցված լիազորություններով պատրիարքն ու կարգալույծ տեսուչը

Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասի մոտ 25%-ը 99 տարով վարձակալության է տրվել։ Վարձակալության մասին ահազանգը հնչեց ապրիլին՝ իսրայելցիների անակնկալ այցից հետո։ Լուր տարածվեց, որ ավստրալիացի-իսրայելցի ներդրողը, որի ընկերության նշանը հայտնվեց տարածքում, ծրագրել է հայկական բնակարանների և խանութների կրաքարե ամրոցը և ավտոկայանատեղին գերշքեղ հյուրանոցի վերածել։

Պայմանագրի վեճը դուրս եկավ հայկական շրջանակից. պաղեստինյան պաշտոնյաները մեղադրեցին Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանին Իսրայելին օգնելու մեջ. Իսրայելն ու Պաղեստինը տասնամյակներ շարունակ պայքարում են քաղաքի համար, որի երկու կողմերն էլ համարում են իրենց մայրաքաղաքը:

Որպես կտրուկ քայլ, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը և Հորդանանի թագավոր Աբդալահ Երկրորդը կասեցրին Մանուկյանի ճանաչումը որպես պատրիարքի, որը վերջին տասնամյակը ծառայել է ցմահ համարվող պաշտոնում: Այդպիսով նա այլևս չի կարող պաղեստինյան տարածքներում և Հորդանանում պայմանագրեր ստորագրել, գործարքներ կնքել և որոշումներ կայացնել։ Այս վեճի հետևանքները ստիպել են Մանուկյանին մեկուսանալ վանքում։

Երուսաղեմի կալվածքների նախկին տեսուչ Հայր Պարետ Երեցյանը, որն արդեն կարգալույծ է հռչակվել պատրիարք Մանուկյանի կողմից և տեղափոխվել ԱՄՆ, օրեր շարունակ խուսափում էր մեկնաբանություններից։ Նա Երուսաղեմից հեռացավ իսրայելցի ոստիկանների ուղեկցությամբ, նրա հեռանալը որակվեց փախուստ։

Արդեն ԱՄՆ-ից Հայր Պարետ Երեցյանը խոսում է երկար։ Ասում է՝ ամեն հարցի չէ, որ կարող է պատասխանել, ասել են, որ ոչ մի բանի պատասխան չտամ։

Հարցում եմ՝ ով է արգելել։ Պատասխանը հնչում է կարճ. «Կարևոր չէ»։

Հայրն Պարետն ասում է, որ պայմանագրի օրինակն ձեռքին չէ, երկու տարուց ավելի է անցել, մանրամասները մոռացել է, դրա համար շատ բան չի ուզում ասել։ Բայց իր կարծիքը պայմանագրի առնչությամբ չի փոխել։ Ասում է՝ օգտակար պայմանագիր է, ու չի հասկանում, թե աղմուկն ինչի համար է։

«Թող բացեիբաց ասեն՝ ինչ է իրենց ուզածը, ինչի դեմ են բողոքում։ Ես անձամբ շվարած եմ, բայց չեմ կարող բոլորի կողմից խոսել»։

Հայր Պարետը, մի կողմից, ասում է, որ պայմանագիրն օգտակար է Պատրիարքարանի և հայկական համայնքի համար, մյուս կողմից՝ ժխտում, որ իր վրա որևէ պատասխանատվության կա, չնայած պայմանագրի տակ ստորագրած երեք անձանցից մեկն է։

Անշարժ գույքի գործարքը, իսրայելա-պաղեստինյան հակամարտության կիզակետում հայտնվելով, խուճապի է մատնել հայ համայնքին ու մտահոգել տեղի հայերին։

Երուսաղեմի հայկական այս թնջուկում կա՞ հետդարձի ճանապարհ, թե՞ ոչ՝ դժվար է ասել, բայց մի բան հստակ է. հայտնի են այս իրավիճակի պատասխանատուների անունները, բայց անհայտ է Երուսաղեմի հայկական ապագան։

Back to top button