1955 թվականին Հայաստանի հասարակության համար գեղեցիկ անակնկալ էր հանրապետական գեղարվեստական ցուցահանդեսում ներկայացված լավագույն բնապատկերներից մեկը՝ «Ոսկեվազի առավոտը», որի հեղինակը ՀՀ վաստակավոր նկարիչ Արտաշես Աբրահամյանն է։
Այս նկարով հեղինակն իր ուրույն տեղը գրավեց հայ բնանկարիչների շարքում։ Հետագայում նրա «Երեկոն Ոսկեվազում», «Արայի լեռը», «Խաչքարեր Բասարգեչարում» և այլ լայնածավալ յուղաներկ կտավներ իրենց տեղը գտան մեր պատկերասրահի հավաքածույում։
Արտաշես Աբրահամյանի նախնիները էրզրումցի էին, որոնք մի շատ հետաքրքիր պատմությամբ հաստատվել էին Ալեքսանդրապոլում։ Շահեն Էֆենդին, որը Արտաշես Աբրահամյանի ապուպապն էր, Էրզրումում բավականին հայտնի բժիշկ էր, որին Ալեքսանդրապոլի հայտնի մեծահարուստ ընտանիքներից մեկը խնդրում է գալ և բուժել հիվանդ աղջկան։ Եվ քանի որ ինքը չէր կարող գալ, ուստի ուղարկում է որդուն՝ Պողոսին, որը բուժում է հիվանդին և մնում ու հաստատվում է Ալեքսանդրասպոլում, այստեղ էլ ամուսնանում է։
Արտաշես Աբրահամյանի մայրական պապը՝ Գոգորիկենց Մեխակը, որը կոշկակար էր, հաճախ Արտաշեսին հետը տանում էր արհեստանոց, որպեսզի դրսում չթափառեր։ Եվ ահա, երբ արհեստանոցում վերանորոգման աշխատանքներ էին, Արտաշեսի ձեռքն ընկավ մի ներկատուփ։ Երբ բացեց այն, մի առեղծվածային ու ճակատագրական թրթիռ խաղաց հոգու խորքում։
Արտաշես Աբրահամյանն իր հուշերի մի էջ նվիրել է Յուղաբեր տատին։ Հենց այստեղից ենք իմանում, որ կոլորիտային և շատ խելացի կինը նարեկաբուժությամբ է զբաղվել։ Բոլորովին վերջերս էլ հայտնի է դարձել, որ Անիի պեղումների ժամանակ տատը եղել է հայտնի գիտնական, ակադեմիկոս Նիկողայոս Մառի թարգմանիչը։
Արտաշեսի հորը՝ Սահակին 1937 թվականին աքսորում են։ Տղան չնայած ծանր մանկություն է ունենում, սակայն կարողանում է ընդունվել Թերլեմեզյանի անվան ուսումնարան և այստեղ ծանոթանում Վերգինե Ղազարյանի հետ, Վերգինեն էլ էր հիանալի նկարում։ Երիտասարդները մտերմանում են ու ամուսնանում։ Սակայն ամուսնությունից հետո Վերգինեն ցած է դնում վրձինն ու իրեն ամբողջությամբ նվիրում ընտանիքին։
Ընտանեկան խաղաղ անդորրը խռովում է Հայրենական մեծ պատերազմը։ Արտաշեսն էլ է մեկնում բանակ։ Երկու անգամ ընտանիքը ստանում է Արտաշեսի սև թուղթը` պաշտոնական նամակ նրա զոհվելու մասին։ Հետո պարզվում է, որ երկու անգամ էլ սխալմունք է եղել։
Նկարչի արտահայտիչ ու իմաստավորված կոմպոզիցիաները, ճշմարտացի վերարտադրված հայրենի բնաշխարհը բազում խոհեր ու զգացմունքներ են արթնացնում դիտողի մոտ: Սիրով ու հպարտությամբ էր պատկերում նկարիչը հայրենի բնությունը, սակայն նրա նպատակը լոկ գեղեցկության գովերգումը չէր, այլ արվեստագետի վերաբերմունքը կյանքի ու ժամանակի նկատմամբ:
Սեդան 4 տարեկան էր, երբ տեսնում էր ինչպես է հայրը նկարում։ Երբ մեծացավ, ինքն էլ ընդունվեց Թերլեմեզյանի անվան ուսումնարան, ապա գեղարվեստա-թատերական ինստիտուտ։ Կարճ ժամանակ անց հոր հետ աշխատում էր պատվիրված էսքիզների վրա:
Հայրը չէր ուղղորդում դստերը, թողնում էր, որ նա ազատ ստեղծագործի։ Ու մի օր էլ տեսավ, թե ինչպես են երիտասարդ աղջկան վստահում, որ հանրապետության մշակույթի շատ տների պատերին ծավալուն որմնանկարներ կատարի, ձևավորումներ իրականացնի։ Աշխատանքներ, որոնք հիանալի էին դիտվում։
Այս գերդաստանի երրորդ սերնդի լավագույն ներկայացուցիչներից է հայտնի նկարչի թոռը՝ երիտասարդ նկարիչ Արտաշես Աբրահամյանը: Թեպետ նա շուտ է զրկվել հորից, սակայն աշխատել է, սովորել, հիշել պապիկի պատգամները և հատկապես թոռանը տված ամենամեծ գնահատականը՝ «խելառ նկարիչ» դառնալու մասին։
Նա աշխատում է Հայաստանի ազգային պատկերասրահում որպես նկարիչ վերականգնող։
2020 թվականի սեպտեմբերի 29-ն էր, երբ Արտաշեսը մեկնեց Արցախ։ Նոյեմբերի 10-ին ստացան հեռախոսազանգը` «տղաներ կորցրինք Արցախը»։
Դիրքերից վայր իջնելիս Արտաշեսը նկատում է, թե ինչպես մի զինվոր աթոռին նստած ողբում էր հայրենիքի կորուստը։ Ավելի ուշ այս պատկերը դարձավ իսկական արվեստի գործ՝ իր ողբերգական երանգներով։ «10.11.2020». այսպես է կոչվում նկարը։