Վերնատուն

Ցեղասպանության հիշողությունը և մերօրյա մարտահրավերները․ «Վերնատուն»

Ցեղասպանության հիշողության խոսույթը որակական ի՞նչ փոխակերպումներ է անցել, ինչպիսի՞ մարտահրավերների առաջ է կանգնած հիշողության փոխանցումը մեր օրերում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը խոսում է 2021 թվականին Ցեղասպանագիտական հանդեսում տպագրված իր հոդվածից բխող հարցադրումների մասին:

Հոդվածում «Հիշում եմ և պահանջում» կարգախոսին փորձել է մոտենալ հետազոտողի ու ազգագրագետի դիրքերից` դիտարկելով, թե ում է հիշում, ինչ է հիշում, ինչպես է հիշում, ինչ է պահանջում և ումից, ինչպես է պահանջում հարցադրումները:

«Իմ աշխատանքում խոսել եմ այս հարցադրումների, դրանց բովանդակության ու մարտահրավերների մասին: Այս հարցերը նոր մարտահրավերներ են բերում, որոնք լուծման կարիք ունեն առաջ շարժվելու ու վերաիմաստավորման տեսանկյունից», — ասում է Հարություն Մարությանը:

Նա նշում է, որ մենք չունենք ցեղասպանության զոհերի և վերապրողների, բնակավայրերի և այլ տեղեկություններ պարունակող ցանկ կամ կայքէջ: Համեմատում է երկրորդ աշխարհամարտի զոհերի, Ստալինյան բռնության զոհերի ու աքսորվածների, Արցախյան պատերազմում զոհվածների հետ որոնք հայտնի են անուն առ անուն ու երբ ասում ենք` հիշում ենք, մենք հիշում ենք հենց նրանց:

«100 տարի է անցել, դժվար է դրա իրագործումը, բայց դա պիտի արվի, քանի որ այդ աղբյուրագիտական բազան թերի է, խնդիրը միայն անուն-ազգանունները չեն, դրանց հետ նաև հսկայական տեղեկատվություն, միկրոպատմություններ կան, այդ մարդկանց ճակատագրերի պատմությունները ու թե ինչպես է ընթացել եղեռնը, որը աղբյուրագիտական մեծ արժեք է ներկայացնում հարցի մարդկային ու մարդաբանական տեսանկյունից»,- ասում է Մարությանը:

Խոսելով հոդվածում նշված հարցադրումների մասին՝ կարևորում է շեշտադրումները, ասում է՝ «ում եմ հիշում» հարցի դեպքում կարևոր է հիշել ոչ միայն զոհերին, այլ նաև ցեղասպանության ժամանակ դիմադրություն ցուցաբերած, հաղթած, վերապրած մարդկանց, իսկ պաշտոնական ձևակերպման մեջ դա չի շեշտվում:

Ցեղասպանության մասին մեր հիշողության մեջ չկան նաև հայ փրկիչներն ու բարերարներները, որ հայերը նույնպես փրկել են հայերին, տասնամյակներ շարունակ մեր հիշողության մեջ միայն օտարերկրյա փրկիչներն են՝ նշում է Մարությանը:

Back to top button