Վերնատուն

Երբ հանդիպում են մանրանկարչությունն ու արհեստական բանականությունը․ «Վերնատուն»

Հայարտ մշակութային կենտրոնում ներկայացվելու է «Ժամանակի և տարածության միջև» նախագիծը, որը Մատենադարանում իրականացվող կրթական փորձարարական աշխատարան է։ Սա ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով մանրանկաչության ստեղծագործական վերարտադրումներ են։ Այն իրականացնելու են նկարիչ, մանրանկարիչ, Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի մանրանկարչության ուսուցիչ Լիլիթ Վարդումյանը և ճարտարապետ, թվային դիզայնի մասնագետ, Futurly կազմակերպության համահիմնադիր Արեգ Քեշիշյանը։

Աշխատարանի առաջին հատվածում ներկայացվելու է մանրանկարչությունը, և ցանկացողներին սովորեցնելու են պարզ տեխնիկայով նկարել զարդանախշեր։ Երկրորդ մասում ներկայացված է, թե ինչպե՞ս արհեստական բանականությունը կիրառել արվեստում և ինչպիսի՞ դրսևորումներ կունենան հայ միջնադարյան մանրանկարչության նմուշները արհեստական բանականության կիրառմամբ։

«Արհեստական բանականությունը ենթադրում է մեծ քաղաքական ու փիլիսոփայական փոփոխություններ աշխարհում, մենք շատ բան չենք կորցնում, քանի որ արհեստական բանականության սնողը նույնպես մենք ենք։ Հնարավոր է՝ մանրանկարիչները ապագայում, ինչպես որ երեխաներին են սովորեցնում, նույնը սովորեցնեն համակարգչին, քանի որ իրենք կարող են ցույց տալ, թե որն է մանրանկարը, ինչ գույն կամ նյութ օգտագործել և այլն», – ասում է Արեգ Քեշիշյանը։

Լիլիթ Վարդումյանը պատմում է , որ Մատենադարանում «Ծաղկելու արվեստ» ստուդիայի շրջանակներում երրորդ տարին է գործում է թվային մանրանկարչության խմբակը։ Ասում է՝ անցյալից շատ բան չի փոխվել, միայն միջոցները․ «Ինչպես միջնադարում գրանյութը մագաղաթն ու թուղթն էր, գործիքները՝ ղալամն ու վրձինը, հիմա այդ գործիքները թվային են»։ Խոսելով կորուստների ու ձեռքբերումների մասին՝ Լիլիթ Վարդումյանը նշում է․

«Կարևորը գիտելիքն է, թե ինչ գիտելիք և ինչ ծավալով կփոխանցես։ Կա մի նպատակ՝ պահպանել և տարածել ժառանգությունը, որը մենք ունենք։Ես չեմ կարծում, որ արհեստական բանականությունը և նորագույն տեխնոլոգիաները մարդկային ինքնությանը վնասում են, ցանկացած գործիք ունի կիրառելու կանոն, և ապագայում կստեղծվեն նաև արհեստական բանականության հետ աշխատելու կանոնները, այնպես ինչպես երթևեկության կանոներն են ստեղծվել մշակվել ու պահպանվել»։

Արեգ Քեշիշյանը հավելում է, որ այն, ինչ Լիլիթը սովորեցնում է երեխաներին, կարող է սովորեցնել համակարգչին, այդպիսով հայ միջնադարյան մանրանկարչությունը միջազգային մակարդակով հասանելի կդառնա։

«Հիմա մեր աշխատարանում ամերիկացի աբստրակտ էքսպրեսիոնիստ Ջեքսոն Պոլաքի ոճով ձեռագրեր ունենք։ Կամ եթե Երվանդ Քոչարը ողջ լիներ և ուզենար ձեռագիր ստեղծել, ի՞նչ կաներ։ Ով կարողանում է ձեռքով ստեղծել, նա կարող է նաև սովորեցնել։ Հմտությունները գնալով ավելի քիչ են արժևորվում․ որքան մտքերը և տեխնոլոգիաները զարգանում են, ավելի հետաքրքիր են դառնում նոր մտքերը, որոնք դու կարող ես սովորեցնել արհեստական բանականությանը», – ասում է Արեգ Քեշիշյանը։

«Ժամանակի և տարածության միջև» աշխատարանը Հայարտ կենտրոնում տեղի կունենա ապրիլի 22-ին, ժամը 14․00-ին։

Back to top button