Երաժշտական եռանկյունի

«ՀՈՂ» նախագիծ․ «Երաժշտական եռանկյունի»

20-րդ դարի երաժշտության ամենամեծ, հեղափոխական բեկումներից մեկը պայմանավորված էր էլեկտրոնիկայի ներգործությամբ։ Դեռևս 60-ականներից սինթեզատորները ներխուժեցին երաժշտության բոլոր ժանրեր։

Ակադեմիական երաժշտության ոլորտում Շտոքհաուզենը սկսեց լայնորեն կիրառել դրանք ստեղծագործական որոնումներով՝ տեմբրի և միկրոտոնալ ոլորտներում, փոփ-երաժշտության մեջ՝ Ժան Միշել Ժար, ռոք-երաժշտության մեջ՝ «ՅԵՍ», Մայք Օլդֆիլդ, «Փինք Ֆլոյդ»։

Այդ շարժումը իր հերթին խթանեց տեխնիկայի զարգացումը, ինչի հետևանքով անալոգային սինթեզատորներին եկան փոխարինելու թվային տեխնոլոգիաները նոր՝ սեմփլերային համակարգերով, ինչը լայնացրեց ստեղծագործողների ազատության գործակիցը, թույլ տալով աշխատել տեմբրային ամբողջ դիապազոնով՝ ավանդական, էթնիկ նվագարանների, ինչպես նաև նորաստեղծ հնչյունների կիրառմամբ։

Կոմպոզիտորական տեխնիկան նույնպես ենթարկվեց փոփոխությունների՝ ավանդական նոտայի տետրը մնաց անցյալում։

Համակարգչային ծրագրերով (իրենց մատչելիության և հասանելիության շնորհիվ) այդ հնարավորությունից սկսեցին օգտվել նրանք, ովքեր նույնիսկ երաժշտական տարրական կրթություն չունեին։

Ազատ ստեղծագործությունն ու ստեղծարարությունը այսօր պայմանավորում են 21-րդ դարի երաժշտության ընթացքը, քանի որ տեխնիկայի զարգացումն այնպիսին է, որ և՛ ստեղծագործելը, և՛ ձայնագրություն կատարելը, և՛ մշակելն ու խմբագրելը հնարավոր է անել մեկ համակարգչով, տան պայմաններում։

Մեր հաղորդման հերոսը նախընտրեց ներկայանալ ՀՈՂ կեղծանունով։ Նա ստեղծագործում է էլեկտրո-ֆոլկ ժանրում, աշխատանքի մեջ ունենալով երկու հենարան՝ հայ ժողովրդական երգն ու համակարգչային ձայնամշակման ստեղծարարությունը։

Նրա 8 ալբոմներն էլ միավորված են հողի թեմայով, երգերի ընտրությունը, գեղագիտական մթնոլորտը, տեմպո-ռիթմային լուծումները արտահայտում են հեղինակի հայեցակարգային մոտեցումները։ Նա հողի մեջ է տեսնում ամենի ակունքը, և՛ բնության տարրերի, և՛ մարդու կյանքի աղբյուրի, և՛ մետաֆիզիկական, արքետիպային աշխարհների։

Նա ապրում և ստեղծագործում է Արմավիր մարզում, ստացել է երաժշտական կրթություն, բայց համակարգչային երաժշտության մեջ անցել է սեփական ճանապարհներով, հղկելով մասնագիտական հմտությունները և հասնելով ստեղծագործական ազատության իր ցանկացած չափին։

«Ավանդական երգ-երաժշտությունն ինձ համար ներշնչանքի գլխավոր աղբյուրն է, այնտեղ ես գտնում եմ ինձ առավել հոգեհարազատ ֆորմաները և փորձում յուրովի ներկայացնել, ենթարկելով ստեղծագործական փոփոխությունների, «խաղալով» ռիթմերի, չափերի հետ՝ գտնում եմ նոր տարածաչափություններ» — ասում է ՀՈՂ-ը։

Նրա ստեղծած երաժշտությունը լայն տարածում է գտել համացանցում, առաջացրել այդ ժանրի սիրահարների նվիրված վիրտուալ համայնք, ՀՈՂ-ը նաև հանդես է գալիս կենդանի համերգներով և մասնակցում ամենատարբեր նախագծերի։

Հաղորդման ընթացքում հնչում են ՀՈՂ-ի բազմաթիվ մշակումները։

Back to top button