Ժամանակի վկան

Արցախի ձեռագրական ժառանգությունը․ Թամարա Մինասյան․ «Ժամանակի վկան»

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Թամարա Մինասյանի հետ երկու հաղորդումով ներկայացնում ենք Արցախի ձեռագրական հարուստ ժառանգությունը։ Հիշեցնեմ, որ առաջին հաղորդումը կարող եք գտնել Հանրային ռադիոյի համացանցային պաշտոնական կայքէջի «Ժամանակի վկան» հաղորդաշարի հարթակում։

13-րդ դարավերջի և 14-րդ դարի արցախյան նկարազարդված ձեռագրերը, բացի խորանների պատկերներից, ավետարանիչների դիմանկարներից և անվանաթերթերից, պարունակում են տերունական բազմաթիվ պատկերներ, օրինակ՝ «Իմաստուն և հիմար կույսեր», «Մեղսագործություն», «Ոտնլվա», «Պիղատոսի դատաստանը», «Մատնություն», «Խաչելություն», «Խորհրդավոր ընթրիք», «Դժոխքի ավերումը» և այլն։ Այդ պատկերաշարքում հատկանշական են Հիսուսի մանկության մասին դրվագները․ «Ծնունդ», «Ավետում», «Տյառնընդառաջ» և այլն։

Այս յուրահատուկ, եզակի ձեռագրերում ի հայտ են գալիս բազմաթիվ փաստական, ոճական և պատկերագրական նորույթներ, որոնք առաջին անգամ են հանդիպում նույնիսկ համաշխարհային մշակութային ժառանգության մեջ։

ՄՄ ձեռ. 986, Ճաշոց, 1665 թ., Չարեքա անապատ

15-17-րդ դարերի արցախյան ձեռագրական ժառանգության մեջ առանձնահատուկ կարևորություն ունեն Գարդմանքից, մասնավորապես, Քարահատից մեզ հասած ձեռագրերը։

Գանձակի Քարահատ գյուղում գործել է Արցախի գրչության նշանավոր կենտրոններից մեկը, որը կարելի է համարել Գարդման գավառի ամենաբեղմնավոր կենտրոնը: Առանձին գրատուն, մատենադարան ու կազմատուն ունեցած կենտրոնում գրիչները արտագրել, ծաղկել և կազմել են ձեռագիր մատյաններ: Քարահատի նշանավոր գրիչ և ծաղկող Գրիգոր քահանան գրչության արվեստի լավագույն գիտակ էր։ Նա նաև գրչության դպրոցի հինադիր էր, քանի որ ուսուցանում և ապագա գրիչներ ու ծաղկողներ էր պատրաստում: Գրչագրելու ու ծաղկելու արվեստը նա փոխանցեց նաև իր երկու որդիներին՝ Բարսեղին ու Ղազարին, որոնք գրչության ու նկարազարդման արվեստում գրեթե չէին զիջում իրենց հորը։ Գրիգորից մեզ հասած առաջին հայտնի ձեռագիրը 1655 թվականով թվագրվող, Ավետիսի օրինակած Ավետարանն է, որը  ծաղկազարդել է Գրիգորը։ Գրիգորից մեզ հասած վերջին ձեռագիրը թվագրվում է 1676 թվականով, երբ նա վախճանվում է և նրա կիսատ թողածն ավարտում է ավագ որդին՝ Բարսեղը: Գրիգորից, Բարսեղից և Ղազարից բազմաթիվ նկարազարդված բարձրաճաշակ ձեռագրեր են պահպանվել։

ՄՄ 7232, Ավետարան, 1671, Ծար

Ցավոք, 15-րդ դարով է թվագրում նաև Ամարասից մեզ հասած ամենահին ձեռագիրը։

Մեր հարևան թշնամին հաճախ կեղծ թեզերով փորձում է սեփականացնել մեր պատմությունն ու մշակույթը՝ Քարվաճառի տարածքը և մշակութային ժառանգությունը նույնպես համարելով ադրբեջանական՝ ի թիվս ամբողջ Արցախի շրջանների։ Այդ թեզերին հավատացողները լավ կլինի թերթեն Քարվաճառի հայկական ձեռագրական ժառանգությունը, որը հազարամյակների պատմություն ունի և որտեղ ադրբեջանական որևէ հետք չկա։

ՄՄ 10099, Ավետարան, Ժ-ԺԱ դդ, Արշարունիք, 1272թ., Թալիշ

Գրչության արվեստի և մատենագրության զարգացումը նպաստում էր հարակից արվեստների և արհեստների զարգացմանը։ Կիրառական արվեստի բազմաթիվ ճյուղեր՝ այդ թվում՝ նաև կազմարարությունը, նույնպես վերելք են ապրում 15-17-րդ դարերում։

Արցախում գործել են կին գրիչներ, որը հետաքրքիր դրվագ է միջնադարյան գրչության պատմության մեջ։

ՄՄ 10099, Ավետարան, Ժ-ԺԱ դդ, Արշարունիք, 1272թ., Թալիշ

Արցախում ոչ միայն գրվել են, այլև պահվել են այլ վայրերում գրված կամ ընդօրինակված ձեռագրեր։ Արցախն իր անառիկ և երկար ժամանակ տեղական իշխանական անկախության շնորհիվ փրկության յուրօրինակ վայր և ապաստան է եղել հայկական ձեռագրերի համար։

Արցախի գրչության նշանակալից կենտրոններից էր Դադիվանքը, որն իր անունն ստացել է Թադեոս առաքյալի աշակերտ Դադիի կամ Դադոյի անունից։ Նա Արցախում քարոզել է քրիստոնեություն և այնտեղ էլ նահատակվել։ Վանքի հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Ենթադրվում է, որ այն կառուցվել է 4-5-րդ դարերում: Առաջին գրավոր տեղեկությունը հաղորդում է Մովսես Կաղանկատվացին․ («…ի Խորաձորն, որ կոչի Դադոյի վանք»)։

ՄՄ ձեռ. 326, Սվետարան ,ԺԴ դար

Հետաքրքիր փաստեր կան, թե ինչպե՞ս է փրկվել և պահպանվել Հովհաննեսիկ Ծարեցու «Ժամանակագրությունը»։

Արցախյան ձեռագրական ժառանգությունն անժխտելի պատմական աղբյուր է՝ հարուստ ճշմարտացի փաստերով ու վկայություններով, որոնք անհերքելի են։

Ամփոփելով Արցախի ձեռագրական ժառանգության մասին հաղորդումները փաստենք, նաև, որ ցեղասպանական քաղաքականությունը, որի արտահայտություններից է մշակութային եղեռնը կամ «սպիտակ» ցեղասպանությունը, որն ադրբեջանական պետական քաղաքականության մաս է և հետևողականորեն իրականացվում է հայկական Արցախի՝ թշնամու կողմից գրավված տարածքներում, չի կարող մշտական լինել և մնալ անպատասխան։ Աներկբայորեն ճշմարիտ պատմական փաստերով լեցուն Արցախի ձեռագրական ժառանգությունն այդ կեղծ, ստահոդ, հորինովի թեզերի դեմ ուղղված աղբյուրագիտական հզոր կռվան է, որն անհրաժեշտ է կիրառել ըստ հավուր պատշաճի։

Back to top button