Փոփոխություններ ՀՀ հանրակրթության մասին օրենքում․
1. օրենքից հանվել են անհարկի ներառված լիազորող նորմերը,
2. փոքր ու սահմանամերձ համայնքների հանրակրթական ուսհաստատություններում վարչական աշխատողների դասավանդման գործընթացի հստակեցում է արվել՝ հիմք ընդունելով սովորողի լավագույն շահը,
3. օրենքից հանվել են այն ձևակերպումները, որոնք դպրոցների նոր ֆինանսավորման կարգի դեպքում կարող էին շփոթ առաջացնել,
4. հստակեցվել ու առանձնացվել են ուսհաստատության տնօրենին ու համակարգողին նշանակելու պետական ու տարածքային մարմինների լիազորությունները։
«ՀՀ հանրակրթության մասին օրենքը վերջերս էր ենթարկվել լուրջ և արմատական փոփոխությունների։ Հիմնական դժգոհությունը վարչական աշխատողների դասավանդելու կամ չդասավանդելու հարցից էր գալիս։ Հաշվի առնելով բոլոր դժգոհություններն ու առաջարկությունները, ուսուցիչների կողմից եկող դիտարկումները, որոշեցինք, որ այնուամենայնիվ պետք է անդրադառնանալ խնդրին, որովհետև մի բան է, երբ խնդրի մասին խոսում են մեկ–երկու հոգի, այլ բան է, երբ ամբողջ մանկավարժական հանրույթն է խոսում և բարձրաձայնում։ Ահա սրանով էին պայմանավորված նոր փոփոխությունները»,– ասում է ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Լիլիթ Ստեփանյանը։
«Այս փուլում ես առանձնապես խնդիր չեմ տեսնում, փոփոխությունները, որոնք իրականացվել են՝ գնահատում եմ դրական և այն խնդիրները, որոնք կային՝ դրանք ինձ համար նախորդ մեծ փոփոխության հետ էին կապված։ Երբ մենք ինչ-որ մի քայլ ենք անում, միշտ պետք է հաշվարկենք նաև մյուս կողմի հակաքայլերը», – ասում է ԵՊՀ դասախոս, փիլիսոփա, կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը։