Սփյուռքի ձայնը

Մենք Սփյուռքը համախմբող կառույցի անհրաժեշտություն ունենք․ «Սփյուռքի ձայնը»

Ռումինահայ պետական և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանը, որը նաև կայացած տնտեսագետ է ու մի շարք գրքերի հեղինակ, համաշխարհային հայկական գագաթնաժողովին ևս ներկա էր։ Հայազգի գործիչը եղել է Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի նախարարը 2006-2008 թթ.-ին, 2012-2013 թթ.-ին։

Ռումինիայի հայոց միության հիմնադիրն ու նախագահը, որը բազմաթիվ հանդիպումների և խորհրդաժողովների է մասնակցել, շեշտում է` խոսքը գործի վերածելու համար անհրաժեշտ է մի կառույց ունենալ, որը իր վրա կվերցնի հանդիպումներից հանդիպումներ ընթացող գործունեության բեռը՝ հաշվի առնելով տարբեր երկրների հայության և Հայաստանի կողմից ներկայացված ծրագրերը։

1989 թ․-ին Վարուժան Ոսկանյանը մասնակցել է Ռումինիայի հեղափոխական շարժմանը և 1990 թ․-ին դարձել Ազգային միության ժամանակավոր խորհրդի անդամ։ 1990-1992 թվականներին և 1992-1996 թվականներին եղել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Ռումինիայի Հայոց Միության կողմից, Ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբի նախագահ, իր իսկ հիմնադրած «Աջ Ուժերի Միություն» կուսակցության նախագահ, որը 2003 թվականին միացավ Ազգային-ազատական կուսակցությանը, իսկ Ոսկանյանը դարձավ վերջինիս փոխնախագահներից մեկը։ 1996-2000 թվականներին և 2004-2016 թվականներին ընտրվել է սենատոր, դարձել Սենատի էկոնոմիկայի, արդյունաբերության և ծառայությունների հանձնաժողովի նախագահ։ 2006-2007 թվականներին եղել է Ռումինիայի էկոնոմիկայի և առևտրի, 2007-2008 թվականներին՝ էկոնոմիկայի և ֆինանսների, 2012-2013 թվականներին` էկոնոմիկայի նախարար։ 2013 թվականի հոկտեմբերին հրաժարական է տվել քաղաքական շարժառիթներով իր դեմ հարուցված սկանդալային աղմուկից հետո` պահպանելով, սակայն, Սենատում իր տեղը։

Քաղաքական ու պետական գործիչը, ցեղասպանությունից տուժած սերնդի ժառանգը, ի՞նչ է մտածում ՀՀ և Թուրքիայի հարաբերությունների մասին․ Այդ հարաբերությունները չեն կարող կարգավորվել, քանի լուծված չի ցեղասպանության ճանաչման հարցը:Եթե այդ խնդիրը չկարգավորվի, սփյուռքի ձևավորումն ու գոյությունն էլ անհասկանալի կլինի. Որտեղից ենք մեկ եկել, ինչպես ենք ձևավորվել և այլն»,-ասում է Վարուժան Ոսկանյանը:

Սփյուռքը նույնպես պետք է ունենա իշխանություն, կառույց, որում ընդգրկված կլինեն բոլոր համայնքներից ընտրված ներկայացուցիչները, սա է Վարուժան Ոսկանյանի տեսակետը, սակայն որտեղ՝ Հայաստանի՞, թե՞ սփյուռքի ջանքերով պետք է այդ միավորող կառույցը ստեղծվի, պատասխանում է. «Սփյուռքի, որովհետև պատասխանատվությունը սփյուռքինն է: Հայաստանում շատ բան կարող է փոխվել, հենց այդ պատճառով էլ, իսկ սփյուռքի կառույց ձևավորելու համար պետք է համախմբվեն սփյուռքի ներկայացուցիչները»,- ավելացնում է:

Սփյուռքը պե՞տք է օրենսդրական դաշտում իր ասելիքն ունենա ու անելիքն ունենա, կարողանա ներկայացուցիչներ ընտրել հայոց խորհրդարանում. հաճախ են այս թեմայով բանավեճեր ունենում սփյուռքահայ գործիչները, ինչպիսին է Ռումինիայի օրենսդիր մարմնի անդամ Վարուժան Ոսկանյանի կարծիքը. «Ոչ, դա կարող է լինել միայն խորհրդակցությունների տեսքով, իսկ սփյուռքը Հայաստանի օրենսդրական դաշտում միջամտություն չպետք է ունենա՝ հաշվի առնելով հեռավորությունը, հայաստանյան դեպքերին մասնակցությունն ու տեղեկացվածության ոչ լիարժեքությունը»:

Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի Հայոց Միության վերստեղծողներից է, դրա անփոփոխ նախագահը 1990թ․։ Միությունը հիմնադրվել է 1919 թվականին և գործել մինչև Ռումինիայում կոմունիստական ռեժիմի հաստատումը։

Վարուժան Ոսկանյանի շնորհիվ է նաև վերակազմակերպվում մեծ ավանդույթներ ունեցող համայնքային կյանքը։ Որպես էկոնոմիկայի և ֆինանսների նախարար իր պաշտոնավարման շրջանում Վարուժան Ոսկանյանը կառավարական բյուջեից խոշոր միջոցներ է հատկացրել Ռումինիայի հայկական եկեղեցիների վերանորոգման համար։ Նա աջակցել է «Արարատ» հրատարակչությանը, «Արարատ» և «Նոր Կյանք» պարբերականներին, հայկական միօրյա դպրոցներին և Հայոց Միությանը Ռումինիայի պետական բյուջեից տարեկան զգալի միջոցների հատկացմանը։

Վարուժան Ոսկանյանը Ռումինիայի Գրողների Միության առաջին փոխնախագահն է` 2005 թվականից։ Մի շարք գրքերի հեղինակ, որոնք թարգմանվել են 18 լեզվով։

Back to top button