295 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց բանաձևը, որով կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ Փաստաթուղթը նաև կոչ է անում Բաքվին դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից, նաև խնդրում է Ֆրանսիայի կառավարությանը դիտարկել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը։
Փարիզի Քաղաքագիտության հիմնարկի փորձագետ, ֆրանսահայ քաղաքագետ Կայծ Մինասյանը նշում է, որ թեև ընդունված բանաձևը օրենքի ուժ չունի, սակայն մեծ ոգևորություն է առաջացրել տարբեր շրջանակներում։
«Մենք քաղաքական մտածողություն չունենք։ Պետք է գիտակցենք, որ ընդունվածը ոչ թե օրենք է, այլ բանաձև` խորհրդանշական»,- ասում է։
Սենատի որոշումը, ըստ Կայծ Մինասյանի, խորհրդարանի այս պալատի ճնշումն է Ֆրանսիայի կառավարության արտաքին քաղաքականության վրա։ Արդյո՞ք այդ ճնշման կարիքը այսօր կար՝ հաշվի առնելով Ֆրանսիայի Հայաստանի հետ ունեցած դարավոր բարեկամությունն ու գործունեությունը։ Կայծ Մինասյանը նկատում է․ «Այո, կար։ Իսկ բանաձևը ընդունվեց՝ հաշվի առնելով հայերի հետ ունեցած դարերի պատմությունը, հայերին, որոնք ապրում են Ֆրանսիայում, բայց մի բան է ընդունել բանաձև, որը օրենքի ուժ չունի, և մեկ այլ բան՝ օրենքով սահմանված պատժամիջոցներ կիրառելը, ինչը այս պարագայում չի արվել»։
Այս բանաձևը ինչպիսի մեսիջներ՝ հաղորդագրություններ է ուղարկում Ադրբեջանին, քաղաքագետը նշում է․ «Ադրբեջանը վրդովված է, իսկ հայությունը այդ վրդովմունքը հաղթանակ է որակում։ Այո, Ադրբեջանի համար անընդունելի որոշում է, սակայն որևէ քաղաքական հետևանք չի ունենա»,- ասում է Կայծ Մինասյանը։
Եվ այնուամենայնիվ, հաշվի առնելով ընդունված բանաձևը և այսօր Ֆրանսիայի ակնառու դիրքորոշումը, ինչը պիտի լինի հաջորդ քայլը՝ բանաձևին օրենքի ուժ տալու համար։
«Ես որևէ բան չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ։ Կարծում եմ հարցին կարող են պատասխանել համայնքի ղեկավարները, բայց որ պետք է հարցը հասցնել Ազգային ժողով և հայամետ անդամների հետ աշխատել՝ պարտադիր է»,- ասում է քաղաքագետը։
Սենատի որոշման, հայ համայնքի գործողությունների մասին Կայծ Մինասյանի վերլուծությունները հաղորդման մեջ։