Ժամանակի վկան

Կոստանդնուպոլսի առաջին ռուսալեզու շաբաթաթերթ «Ստամբուլյան լուրերը»․ Էլինա Միրզոյան․ «Ժամանակի վկան»

Այս հաղորդաժամանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Էլինա Միրզոյանի հետ առաջին անգամ եթերում լուսաբանելու ենք մի թեմա՝ «Ստամբուլյան լուրեր» շաբաթաթերթի պատմությունը, որը Կոստանդնուպոլսի առաջին ռուսալեզու շաբաթաթերթն էր։

Թե ինչպե՞ս հղացավ գաղափարը՝ հիմնելու ռուս-թուրքական համատեղ լրատվամիջոց, ովքե՞ր էին հիմնադիրները, ի՞նչ խնդիրներ էր իրականացնում շաբաթաթերթը, ի՞նչ ընթացք և ճակատագիր ունեցավ, կիմանաք լսելով հաղորդումը։

«Ստամբուլյան լուրեր» շաբաթաթերթ, լուսանկարը` Էլինա Միրզոյանի արխիվից

«Ստամբուլյան լուրեր» շաբաթաթերթը տպագրվել է 1909 թվականի հոկտեմբերի 23-ից մինչև 1910 թվականի հունիսի 4-ը դեռևս Կոստանդնուպոլիս կոչվող մայրաքաղաքում, թե ինչու՞՝ կիմանաք հընթացս։ Այն երիտթուրքական գաղափարախոսության տարածման առաջնային խողովակ էր և քաղաքական հայացքների ուղղորդման յուրահատուկ հարթակ։

Ջելալ էդ դին Քորքմազով

Թերթի հիմնադրումը չանցավ առանց խոչընդոտների․ խնդիրը հիմնադրի՝ Ջելալեդդին Քորքմազովի դաղստանցի լինելն էր։ Ի լրումն այս ամենի՝ հավելենք նաև, որ Ջելալեդդին Քորքմազովը Դաղստանի պատմության երևելի կերպարներից է։

Միավորելով իրենց ջանքերը՝ Ջելալեդդին Քորքմազովն ու Ահմեդ Ջևադը հիմնադրեցին մի տպագիր օրգան, որը գծելու էր թուրքական պետության առաջիկա տարիների քաղաքական ու գաղափարախոսական ուղիները։ Շեշտենք նաև, որ «Ստամբուլյան լուրեր» շաբաթաթերթը ժամանակի երիտթուրքական մամուլին բնորոշող ուղղությունների կրողն ու քարոզիչն էր։

Բայց տարօրինակ զարգացում տեղի ունեցավ․ հասարակության մեջ շաբաթաթերթի լսարանով ձևավորվեց ընդդիմություն, որը հակառակ էր գործում այդ երկու մատնանշված ուղղություններին։
Բնականաբար այս ամենն անհետևանք չէր կարող մնալ և երիտթուրքերի մոտ առաջացած դժգոհությունները պայմանավորեցին ընդդիմադիր մամուլի ու գործիչների դեմ խստությունների և պատժամիջոցների կիրառումը։

Ահմեդ Ջևադ (Էմրե)

«Ստամբուլյան լուրեր» շաբաթաթերթը բացի մարդաբանական, փիլիսոփայական, ազգագրական, քաղաքական ուղղություններից բարձրացնում էր նաև կանանց խնդիրները, հատկապես խրախուսվում էին առաջադեմ թուրք մտավորական կանայք, ինչպես նաև թերթի էջերում առաջ էին մղում լեզվական տարբեր խնդիրներ։ Ո՛չ միայն թերթի անվանումում «Ստամբուլ» տեղանվան կիրառումը, այնպես էլ Օսմանյան կայսրության փոխարեն «Թուրքիա» ձևի օգտագործումը նշանակում էր, որ թերթը տանում էր ապագա պետության գաղափարական հիմքերի վերաձևակերպման հստակ քարոզչություն և նախապատրաստական աշխատանք։

«Ստամբուլյան լուրեր» շաբաթաթերթը անդրադառնում էր նաև կրթական խնդիրներին, իսկ քարոզչական բովանդակությունը մեկ դարվա կտրվածքով դիտարկելով՝ նկատում ենք նաև որոշ նմանություն մեր օրերում տարվող քարոզչությանը։ «Ստամբուլյան լուրեր» շաբաթաթերթի պատմական նշանակությունն այն է, որ այն Ռուսաստանից դուրս տպագրվող ռուսալեզու առաջին թերթն էր, որի ետևում կանգնած էին ռուս և թուրք վտարանդիական շրջանակները։

Իսկ ի՞նչպես էր վերաբեմունքը հայկական հարցի նկատմամբ «Ստամբուլյան լուրեր» շաբաթաթերթում։ «Ստամբուլյան լուրեր» շաբաթաթերթի ուսումնասիրությունը շատ կարևոր է ո՛չ միայն թուրքագիտության համար, հետագա հետազոտությունների արդյունքները կարող են սպասարկել մի քանի այլ գիտակարգեր։

Back to top button