Էկոսֆերա

Կոյուղաջրերն ու կենցաղային աղբը՝ Հրազդան գետում․ «Էկոսֆերա»

Հրազդան գետը և Երևանյան լիճը անբարենպաստ էկոլոգիական վիճակում են։ Համաձայն ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ թե’ Հրազդան գետի, թե’ Երևանյան լճի ջուրը վատ որակի է, որի հիմնական աղտոտիչներն են նիտրատները, նիտրիտները և այլ իոններ։

Հրազդան գետը և Երևանյան լիճը շատ կարևոր նշանակություն ունեն հատկապես մայրաքաղաքի համար՝ լուծելով ոչ միայն Երևանի ոռոգման խնդիրը, այլև մեծ նշանակություն ունեն շրջակա միջավայրի միկրոկլիմայի ձևավորման համար։

«Հրազդան գետի ջրի որակը, հոսելով Սևանա լճից մինչև Արաքս գետը, նվազում է։ Գնահատվում է վատ և շատ վատ որակի։ Մեծ է հատկապես Երևան քաղաքի ազդեցությունը»,- ասում է Կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Պիպոյանը։

Ինչպես նշվեց, աղտոտիչների առկայությունը գետի ջրում մշտական կոմունալ-կենցաղային և գյուղատնտեսական կեղտաջրերի ներհոսքի հետևանք է։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բնակավայրերում կոյուղաջրերի մաքրման կայաններ չկան, կեղտաջրերը ուղղակի հոսում են գետի մեջ առուների, դրենաժային համակարգի և ոռոգման ջրանցքների միջոցով, ինչը նույնպես լուրջ էկոլոգիական խնդիր է։

Այս բոլոր աղտոտիչները, որոնք առկա են Հրազդան գետում, ուղղակիորեն հայտնվում են Երևանյան լճում, դեռ մի բան էլ ավելին՝ Գետառի ջուրը, որը ևս ծայրահեղ աղտոտված է, նույնպես լցվում է Երևանյան լիճ։ Արդյունքում՝ լիճը կարծես դարձել է գետերից եկող թափոնների համար աղբատեղի։

Երևանյան լճում գրեթե նույն աղտոտիչներն են, ինչ Հրազդան գետում։ Ըստ աղտոտվածության նորմերի՝ լճի աղտոտվածությունը 5-րդ դասի է, այսինքն՝ աղտոտվածության ամենբարձր կարգը։

Այս բոլոր խնդիրներն օրերս քննարկվել և ներկայացվել է մասնագետների կողմից՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնում տեղի ունեցած «Հրազդան գետի և Երևանյան լճի էկոլոգիական վիճակը» թեմայով քննարկման ընթացքում, որին ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը։

Սիլվա Այվազյանի գնահատմամբ, քննարկումն արդյունավետ է եղել, քանի որ հնարավորություն է ընձեռվել լսելու մասնագետների դիտարկումները՝ քաղաքապետարանի իրականացրած ծրագրերի մասին։

Լճի առափնյա հատվածներում աճում են եղեգներ, որոնք մինչ այժմ քաղաքապետարանի կողմից մաքրվել են կամ ակտիվ պայքար է տարվել բուսատեսակի դեմ։ Սակայն, Կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Պիպոյանը փաստում է, որ եղեգներն ունեն մեծ նշանակություն։

Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ Հրազդանի կիրճին և գետի աղտոտվածությունը նվազեցնելու թեմային, կանդրադառնանք առաջիկա թողարկումների ընթացքում։ Իսկ մինչ այդ նշենք, որ մասնագետները փաստում են, որ ամենաարդյունավետ լուծման ճանապարհը մաքրման կայանների տեղադրումն է։

Back to top button