Գերդաստաններ

Դիանա Աբգար․ առաջին կին դիվանագետը ճապոնական նավով տեղահանված հայերի է փրկել․ «Գերդաստաններ»

1915 թվական, ճապոնական Տոկեի Մարու նավի նավապետը մեծ պատասխանատվությամբ ու ջանքերով նավից դուրս էր հանում շատ իրեր, ազատում էր տեղեր, որպեսզի կարողանար տեղավորել տեղահանված հայերին։

Հետագայում պարզվում է, որ նավապետին այդ ամենը խնդրել էր աշխարհում առաջին կին-դիվանագետ Դիանա Աբգարը, որը հետագայում դարձավ Հայաստանի Առաջին Հանրապետության հյուպատոսը Ճապոնիայում և գրեց գրքեր Հայոց ցեղասպանության մասին։

Այս տարի նշվում է Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Հենց այդ առիթով հետաքրքիր է անդրադառնալ Դիանա Աբգարին և նրա ընտանիքի պատմությանը։

Դիանա Աղաբեկի Աղաբեկյանի նախնիները 1605 թվականին Նախիջևանի Ջուղայից արտաքսվել էին Պարսկաստան։ Հայրը Հովհաննես Աղաբեկը ծնողների հետ տեղափոխվել էր Հնդկաստան։ Մայրը՝ Զմրուխտը, գրող էր և թարգմանիչ, հայրը զբաղվում էր արտադրությամբ և առևտրով։

Գրելու ձիրքը Դիանայի մոտ բացահայտվում է 1882 թվականին։ Իր առաջին վեպերում նա անդրադառնում է ճապոնացիների կյանքին։ 1889 թ․-ին Հոնկոնգում Դիանան ամուսնանում է Միքայել Աբգարի հետ և ծնվում են նրանց հինգ երեխաները, որոնցից երկուսը, դժբախտաբար, մահանում են։

Ամուսնու մահից հետո Դիանան տեղափոխվում է Յոկոհամա քաղաք, որտեղ բացում է մեծ առևտրատուն և առևտուր անում աշխարհի տարբեր երկրների առևտրականների հետ։ Դրանից ստացված եկամուտով այստեղ գնում է մեծ առանձնատուն։

1910-ական թվականներին սկսվում է նրա դիվանագիտական կարիերան։ Նա առաջիններից էր, որ փաստերով կարողացավ ապացուցել, որ Ադանայի կոտորածը կազմակերպվել և իրականացվել է Երիտթուրքերի սահմանադրական իշխանության կողմից։ Դիվանագետն իր աշխատանքներում անդրադառնում էր հայերի կոտորածներին, հայկական հարցին, բարձրաձայնում էր Օսմանյան կայսրությունում ապրող հայերին ցուցաբերած եվրոպական օգնության մասին։

Ճապոնագետ, դիվանագետ Աննա Վարդանյանն իր հետազոտություններով բացահայտել է, որ ճապոնական նավով հայ տեղահանվածների փրկությունը կապված է հենց Դիանա Աբգարի հետ։

Դիանա Աբգարի ընտանիքի շառավիղներն ապրում են ԱՄՆ-ում։ Նրանք մտավորականներ ու գործարարներ են։

Դիանա Աբգարի շիրիմը Յեկոհամա քաղաքում է, հայտնաբերվել է ճապոնացի հայագետ Հիդե Հարու Նակաջիմայի կողմից։ Այստեղ են ամփոփված նաև նրա երեխաների աճյունները։

Լինելով մեծ հայրենասեր՝ Դիանա Աբգարն ամեն կերպ օգնեց հազարավոր հայ փախստականների, որոնք փորձում էին Սիբիրով և Ճապոնիայով տեղափոխել ԱՄՆ և Կանադա։

Նրա կոչն ուղղված էր քաղաքակիրթ և մարդասիրական Արևմուտքին։ Նա կոչ արեց այս աշխարհի հզորներին և խելացիներին փրկել հայերին։

Back to top button