Դպրություն

Օրենքը պետք է խթանի կրթության և գիտության զարգացումը․ «Դպրություն»

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 27–րդ հոդվածի 3–րդ և 4–րդ մասերը համարվեցին հակասահմանադրական։ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնեց օրենքում սահմանադրական դատարանի որոշումից բխող լրամշակումներ։ Այս պահին կա ավարտված նախագիծ, որը վարչապետի աշխատակազմից կներկայացվի ազգային ժողով։

ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյան․ Սահմանադրական դատարանի որոշման նկատառումներից ելնելով՝ նոր նախագծում փորձել ենք համապատասխանեցնել նախագծի դրույթները դատարանի եզրակացություններին և դիրքորոշումներին։ Կատարվել է բուհ–ի հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգի փոփոխություն, ինչպես նաև փոփոխություն ռեկտորի ընտրության կարգում։ Նախագծում լրամշակվել են ԳԱԱ–ին վերաբերող դրույթները։ Հստակեցումները կատարվել են ակադեմիայի նախագահի, Գիտության կոմիտեի և ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների մասնակցությամբ։ Ակադեմիան այս նախագծով չի կորցնում իր դերն ու նշանակությունը, առանձնահատուկ կարգավիճակը։

ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի դեկան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ատոմ Մխիթարյան․ Այն ինչ բազմիցս ասվել էր դեռևս օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ իրականություն դարձավ, որովհետև և՛ մասնագիտական հանրությունը, և՛ բուհ–երը իրենց դժգոհությունը բարձրաձայնեցին այն մասին, որ բուհի ամենաբարձր մարմինը, որը որոշում է կայացնում, լինի ապաքաղաքական։ Մենք չենք ասում, որ պետությունը չպետք է գործ ունենա հատկապես հանրային բուհ–երի կառավարման հարցում, բայց, քանի որ նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, գուցե ոչ ուղղակի, բայց անուղղակի կերպով կախվածություն է առաջանում, և բուհ–երը օրվա քաղաքական իշխանությունից կախված են լինում, որին նույն կերպ արձագանքեց նաև Սահմանադրական դատարանը։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նոր նախագծում գիտության մասին նախկին բոլոր դրույթները այլևս չեն գործում։ Փաստորեն ամբողջ մի օրենք դարձել է մեկ հոդված և ԳԱԱ–ի կարգավիճակը այդքան էլ հստակ չէ։ Օրենքի նախագիծը շատ քիչ է անդրադառնում գիտության հարցերին։

Back to top button