Գազի սակագնի հարցը՝ քննարկման փուլում
Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովն այսօր երկրորդ նիստն է հրավիրել:
Քննարկվել են աշխատակարգին վերաբերող հարցեր, հանձնաժողովականները փորձել են հստակեցնել այն ժամանակացույցը, որով փորձելու են ավարտին հասցնել իրենց ուսումնասիրությունը: Տարեվերջին հայկական ու ռուսական կողմերը քննարկելու են հաջորդ տարվա ընթացքում գազի սակագնի հարցը:
Նպատակը մինչև բանակցությունների մեկնարկը սակագնի վերանյման փաստարկված հիմնավորումներ ներկայացնելն է:
Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով խորհրդարանում ստեղծված քննիչ հանձնաժողովն արագացված ընթացակարգով աշխատելու երկու հիմնավոր պատճառ ունի. գործող խորհրդարանին աշխատաելու քիչ ժամանակ է մնացել ու հանձնաժողովը պետք է փորձի իր ուսումնասիրությունն ավարտել մինչև այս Ազգային ժողովի լիազորությունների ավարտը: Բացի դրանից ՝ տարվերջին հայկական ու ռուսական կողմերը քննարկելու են հաջորդ տարվա ընթացքում գազի սակագնի հարցը: Հանձնաժողովը մինչև բանակցությունները պետք է սեղանին դնի իր ուսումնասիրության արդյունքը:
«Մեր խնդիրն է, որ մենք կառավարության տանք հիմնավորված, համարաժեք փաստարկներ բանակցությունների գնալուց առաջ»:
Ասում է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Նա կարծում է, որ մտահոգության տեղիք տվող և վերանայման կարքի ունեցող լուրջ խնդիրներ կան 2013-ին Ազգային ժողովի կողմից վավերացված գազային համաձայնագրերում: Հենց դրանցով են սահմանվել, այսպես ասենք, հայ-ռուսական գազային համագործակցության հիմնական կանոններն ու պայմանները:
Եթե 2013-ի պայմանագրի որոշ դրույթներ ու դրանից բխած հետագա որոշ իրավակարգավորումներ չվերանայվեն, ապա հնարավոր է որ 2019-ին գազի սակագինը բարձրանա: Սա վատատեսական սցենարն է, ու Միքայել Մելքումյանը հույս ունի, որ հնարվոր կլինի գնալ ոչ այդ սցենարով: Հուսադրող է համարում վարչապետի այն դիտարկումը, թե ռուսական կողմը հակված է քննարկել խնդրահարույց դրույթները ու հաշվի նստել :
«Պուտինը շահագրգիռ է իջեցում անել, բայց փաստաթղթավորված պետք է իրեն տրվի»:
Իսկ ռուսական գազի հայկական ֆենոմեն, այն կետում է, որ սպառողներին մատակարարվող գազի գինը գրեթե կրկնակի բարձր է սահմանային գնից. Հայաստանը Ռուսաստանից գազ է ստանում հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլարով։ Սպառողին այն հասնում է համարյա 290 դոլարով:
Գինն ավելացնում են հարկերը, տեղափոխման, բաշխման ծախսերը, կորուստները: Փորձագետները համոզված են, որ գազի սակագնի նվազման հնարավորությունները հենց այդ միջակայքում են:
«100 տոկոս վերադիրը կամ այն, որ սահմանի գինը մինչև սպառողին հասնելը կրկնապատկում է, աբսուրդի ժանրից է»:
Դիտարկումը տնտեսագետ Ատոմ Մարգարյանինն է: Համամետության համար նա Բելառուսի օրինակն է նշում: Ի դեպ, թեև ՌԴ նախագահն ասել էր, որ Հայաստանին ամենաէժան գազն է մատարակարարվում, բայց Ատոմ Մարգարյանի խոսքով՝ Բելառուսին գազն ավելի էժան է տրվում:
«Բելառուսական սահմանին ռուսական 1000 խորանարդ մետր գազը վաճառվում է 129 դոլարով, սպառողին հասնում է 160-162 դոլարով: Ստացվում է բաշխիչ ցանցը գինն ավելացնում է ընդամենը 20 տոկոսով: Եթե այս տրամաբանությունից ելնենք, Հայաստանում գազը պետք է արժենար 180-190 դոլար, այսինքն՝ 100 դոլարով պակաս, քան այսօր հաստատված սակագինն է»:
Խորհրդարանական հանձնաժողովի նախագահն էլ իր հաշվարկներն ունի:
«Գազի սակագինը 5 դրամով`139-ից 134-ի իջեցնելու համար, 17 միլիարդ է պետք, իսկ որպեսզի էլեկտրաէներգիայի սակագինն իջնի 5 դրամով, համակարգում 27 միլիարդ դրամ է պետք: Այս շղթայում պետք է խնայողություններ գտնել ու այնպես չէ, որ այդ խնայողություններն անհնար են»:
Առաջիկա մեկ ամսվա ընթացքում հանձնաժողովը փորձելու է գտնել հենց այդ խնայողությունների տեղերն ու այն հիմնավորումները, որոնք կօգնեն կառավարությանը բանակցել սակագնի շուրջ: