Հերոսներն անմահանում են
Նորօրյա հերոսների անունն անմահանում է նրանց հիշատակը վառ պահելով: Արարատ Խանոյանը 2014թ հուլիսի 31-ին դիվերսիոն հարձակման զոհերից է:
Նա ընկերների հետ դիրքերից իջել էր հաց բերելու և ձեռնամարտի բռնվել մինչև ատամները զինված թշնամու հետ: Արարատի հիշատակին հայրենի գյուղում՝ Սարդարապատում, այսօր կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ:
Արդեն 4 տարի Արարատ Խանոյանը մեզ հետ չէ, նա թշնամու դիվերսիոն հարձակման զոհ դարձավ, երբ դիրքերից 3 ծառայակից ընկերոջ հետ իջել էր սնունդ բերելու և անտառի մեջ ենթարկվել դիվերսիոն հարձակման, 3 անփորձ երիտասարդն ընդեմ մինչև ատամները զինված հասուն զինվորականների: Մայրը` Անահիտ Վարդանյանը պատմում. ,,Տղաները զենք չեն ունեցել, այդ պատճառով ձեռնամարտի են բռնվել, նրանցից որդիս՝ սերժանտ Արարատ Խանոյանն ու շարքային Ազատ Ասոյանը զոհվեցին: Հաց բերելիս տղաներից մեկն է զենք կրում, որպեսզի դժվարություններ չլինեն սննդի տեղափոխման համար,,:
Սարդարապատի դպրոցի նախկին տնօրեն Անահիտ Մանուկյանը լավ հիշողությունների ունի իր նախկին սաների հետ, հերոսի դրական հատկանիշները՝ ընկերասիրությունը, օգնելու պատրաստակամություևնն ու հայրենասիրությունը դրսևորվել է դեռ մանկուց:
,,Երբ հայրն առաջին դասարան բերեց Արարատին ասաց՝ Արարատ Խանոյանին դպրոց եմ բերել: Արարատ Խանոյանը պապն էր, Գերագույն խորհրդի պատգամավոր, ասացի պապիկիդ պես պատգամավոր ես դառնալու, ասեց՝ չէ, գեներալ եմ դառնալու,,:
Հուշաքարին ծաղիկներ խոնարհեցին հերոսի համագյուղացիները, հյուրերն ու Արմավիրի նորանշանակ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
,,Այսօր ես հասկացա, որ Արարատը իմ սերնդակիցն է, ու ամենակարևորը հասկացա, որ Արարատն այսօրվանից իմ ընկերն է: Իմ առաջին պաշտոնական այցը եղավ հիշատակի ցերեկույթը, բայց մյուս կողմից, հիշելով Արարատի սխրանքները, մենք էլ ավելի ենք պարտավորվում անմնացորդ աշխատել այս երկրի հողի համար, նվիրվել մեր հայրենիքին, ինչպես Արարատը նվիրվեց,, — ասաց մարզպետը:
Հայրենիքի համար հերոսացած որդիների մայրերը մեկտեղ են կիսում վիշտը: Արմեն Հովհաննիսյանի մայրը, Մարինե Հովհաննիսյանը նույնպես Սարդարապատ գյուղում էր, նրա միակ որդին նույնպես դիվերսիոն հարձակման զոհ էր, Արմենի անունը նույնպես անմահացել է:
,,Ես մեծ հպարտությամբ եմ գալիս Սարդարապատ, մեր խոնարհումը բերեցինք նորօրյա հերոսին, ամեն օր պիտի խնկարկենք նրանց հիշատակը,,: