100 օրերի ընթացքում 8-9 անգամ ավելի գումար է վերականգնվել պետբյուջե
«Ռադիոլուր»-ը շարունակում է նյութերի շարքը վարչապետի պաշտոնավարման 100 օրվա ընդառաջ:
Ոլորտային մի քանի խնդիրների անդրադարձել ենք, այսօր փորձենք հասկանալ, թե նոր Հայաստանում ինչ վիճակում է կոռուպցիայի դեմ պայքարը:
Այսօր Հայաստանում կա պաշտոնյաների մի զույգ, որոնք իրենց աշխատանքով թելադրում են նորությունների ընթացքը եւ քաղաքացիների զրույցների «թոփ»-թեման:
Վանեցյան-Անանյան՝ ԱԱԾ-ՊԵԿ համագործակցությունը վերջին 100 օրվա ընթացքում վերականգնեց մի քանի միլիարդի հասնող պետբյուջեին հասցված վնասը:
Կառավարությունից վստահեցնում են, հանրությունը հավատում՝ նոր Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում սայլը տեղից շարժվել է:
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի սեղանին այսօր էլ կան կոռուպցիոն բացահայտումների գործեր, անուններ չի նշում, բայց ասում է` ծավալը շատ է, սպասվող հանրային հնչեղությունը՝ նույնպես:
Հայաստանում գոյություն ունեցող կոռուպցիայի մասին խոսել են միշտ, իմացել են գրեթե բոլորը, փորձել են պայքարել՝ տարբեր ձեւաչափերով, անգամ ընդունել են միջազգային կառույցների համար նախընտրելի օրենքներ: Դրանցից մեկը ապօրինի հարստացման քրեականացումը ենթադրող օրենքն էր: Ընդունվեց հենց հանրապետական կուսակցության աջակցությամբ, Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ՝ 2017-ին:
Այն ժամանակ որեւէ պաշտոնյայի համար օրենքը սպառնալիք կամ նախազգուշացում չեղավ:
«Թավշյա» հեղափոխությունից հետո՝ ճակատագրի բերմամբ, օրենքն առաջին անգամ կիրառվեց հենց Սերժ Սարգսյանի շրջապատի նկատմամբ։ Ապօրինի հարստացման մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին եւ երրորդ նախագահի եղբոր ընտանիքին՝ Լյովա, Նարեկ եւ Անի Սարգսյաններին:
Կոռուպցիայի դեմ պայքարը, սակայն, սրանով չի ավարտվում, ընդգրկել է գրեթե բոլոր ոլորտները՝ բանակից, առողջապահությունից մինչեւ վարկային միջնորդ կազմակերպությունների խարդախություններն ու դպրոցները: Մշտապես կոռուպցիայի մասին բարձրաձայնող նախկին պատգամավորը վարչապետի պաշտոնում արդեն ապշել է եղած իրողություններից:
Արդյո՞ք այդ մուտքերն ապահովվել են «հարկային տեռորի» օգնությամբ: Այս երեւույթին եւ ահազանգերին մեր երեկվա թողարկման մեջ անդրադարձել ենք, այսօր արդեն Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանն ասում է.
«Հարկային տեռորի խնդիր չկա, մենք անում ենք մեր գործառույթները»:
Պետական եկամուտների կոմիտեում հաշվարկել են, որ արդեն այս պահին հավաքագրել են ամբողջ տարվա համար նախատեսված չափով ավելի հարկային եկամուտներ: Այս տարվա համար ի սկզբանե նախատեսված էր հավաքագրել 107 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ նախորդ տարվա համեմատ:
Դավիթ Անանյանն ասում է, որ սահմանաչափին հասել են: Մոտավորապես 100 օրվա աշխատանքից գոհ են նաեւ ԱԱԾ-ում: Այստեղ հաշվարկել են, որ 100 օրերի ընթացքում պետբյուջե 8-9 անգամ ավել գումար է վերականգնվել, քան 2017 թվականին։