Վերնատուն

Ղուկաս Չուբարյանի առաջին անհատական ցուցահանդեսը՝ 100– ամյա հոբելյանի առիթով․ «Վերնատուն»

Մաշտոցյան Մատենադարանում կբացվի Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Ղուկաս Չուբարյանի 100-ամյա հոբելյանին նվիրված բացառիկ ցուցադրությունը: Ցուցադրությանը կներկայացվի Ղուկաս Չուբարյանի 30 քանդակ Հայաստանի ազգային պատկերասրահի և Չուբարյան ընտանիքի հավաքածուներից:

Վարպետի դուստրը, Անուշ Չուբարյանը, խոսում է Ղուկաս Չուբարյանի ստեղծագործական հայացքների, մոտեցումների, ընտանեկան մշակութային ավանդույթների ու ազդեցությունների, ստեղծագործական նպատակների ու հարյուր տարի անց Վարպետի առաջին ցուցահանդեսի մասին։

«Մինչև վերջին պահը հայրս կարծում էր, որ իր ստեղծագործական ուղու վերջնակետը չի դրել։ Անհատական ցուցահանդեսները նկարչի համար հանրագումար են, դրանք ինչ-որ փուլի ավարտ են, հայրս այդ ավարտը չէր տեսնում։ Նա մոնումենտալիստ քանդակագործ էր և համարում էր, որ քանդակագործն աշխատում է հավերժության համար։ Ժամանակի մասին պատկերացումները նրա մոտ մի քիչ այլ էին, քան սովորական կենցաղային պատկերացումը։ Իր որևէ աշխատանքի տակ իր ստորագրությունը չէր դնում, երբ առաջարկում էին գոնե մի դրոշմ կամ կնիք դնել, ասում էր՝ այն վարպետները, որոնք Գառնու տաճարն են կառուցել կամ Գեղարդն են ստեղծել, ոչ մեկի ստորագրությունն այնտեղ չկա, ես ո՞վ եմ ժամանակի մեջ, որ իմ հետքը իմ ստորագրությամբ թողնեմ»։

Իր անվան շեշտադրումը Վարպետի համար անկարևոր է եղել, ավելի արդիական էր, ինչպես դուստրն է ասում, անվերջության հետ խոսելը, արդի կյանքի շունչը հավերժության հետ կապելը։ 70-ականներին միակ անհատական ցուցահանդեսը, որը նախատեսվում էր Փարիզում, չեղարկվեց այն պատճառաբանությամբ, որ ցուցահանդեսը պիտի կոմերիտմիության աշխատող ներկայացնի։

Անուշ Չուբարյանն ասում է, որ վարպետի ամենաարժեքավոր բրոնզաձույլ գործերը, դժբախտաբար, գտնվում են Հայաստանից դուրս և Հայաստանում ցուցադրելու համար բացարձակ անհասանելի են, իսկ Ազգային պատկերասրահում եղած որոշ գործեր անհայտ պայմաններում ուղղակի անհետացել են։

Ղուկաս Չուբարյանի գործերն այժմ ցուցադրվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Սանկտ Պետերբուրգի ռուսական թանգարանում և մի շարք մասնավոր հավաքածուներում։

Ղուկաս Չուբարյանի 100– ամյա հոբելյանին նվիրված ցուցադրության բացումը Մաշտոցյան Մատենադարանում տեղի կունենա հոկտեմբերի 18–ին, ժամը 18․00–ին։

Back to top button