Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
«Արմենպրես» լրատվական գործակալության և «Վիքիմեդիա Հայաստան» խմբի համատեղ նախաձեռնությամբ այսօր անցկացվեց սեմինար լրագրողների համար: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին «Համաշխարհային Վիքիմեդիա» հիմնադրամի և տարբեր երկրների «Վիքիմեդիա» մասնաճյուղերի գործունեության փորձը, ինչպես նաև համացանցում գործարկվող նախագծերը` Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիգրքեր, Վիքիլուրեր և այլն:
Համացանցի օգտատերերին քաջ հայ հայտնի է Վիքիպեդիա ազատ հանրագիտարանը, որը ներկայումս ամենաօգտագործվող կայքերից մեկն է։ Ամեն ամիս այս ռեսուրսից ամբողջ աշխարհում օգտվում է ավելի քան 400 միլիոն այցելու: Իր գործունեության 12 տարիների ընթացքում Վիքիպեդիան արդեն իսկ պարունակում է ավելի քան 23 միլիոն հոդված 285 լեզուներով, այդ թվում նաև հայերեն: Հայկական Վիքիպեդիայի հոդվածների թիվը արդեն գերազանցում է 30 հազարը: Այս հարագիտարանը ստեղծվել են ինքնակամ մասնակիցների կողմից և համարյա բոլոր հոդվածները կարող են խմբագրվել համացանցից օգտվող ցանկացած անձի կողմից։
Շատ երկրներում հենց լրագրողներն են հանդիսանում կայքի հոդվածների հեղինակները, «Ռադիոլուր»-ին հայտնեց «Վիքիմեդիա Հայաստան» նախաձեռնող խմբի համակարգող Սուսաննա Մկրտչյանը:
Տիկին Մկրտչյանը արձանագրեց, որ մեր երկիրը լավագույնս ներկայացված է օտարալեզու վիքիպեդիաներում` շնորհիվ մեր սփյուռքյան համացանցային ակտիվ օգտատերերի: Հայաստանը այսօր միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, որտեղ գործում է Վիքիմեդիայի նախաձեռնող խումբը, որի ակտիվ աշխատանքները բարձր են գնահատվել Սան-Ֆրանցիսկոյում գտնվող «Վիքիմեդիայի» կենտրոնակայանում: Միայն վերջին 1 տարվա ընթացքում հայալեզու հոդվածների կրկնապատկվել է, շնորհիվ ինչի այն ձեռք է բերել գիտելիքի ազդեցիկ շտեմարանի համբավ նաև հայալեզու օգտատերերի համար:
Այսօրվա սեմինարի արդյունքում հայաստանյան իրականության մեջ հայտնվեց մի նոր մասնագիտություն` վիքիլրագրող, որը աշխարհում արդեն մեծ տարածում է ստացել: Ինչպես նշեց Սուսաննա Մկրտչյանը, միայն Ուկրաինայում Վիքիպեդիայի խմբագիրների 40 տոկոսը ներկայացնում են չորրորդ իշխանությունը: