Հերմինե
Կարապետյան
«Ռադիոլուր»
Սլավոնական համալսարանում բացվել է ֆրանսաբնակ արվեստագետ Սարեի ցուցահանդեսը։ Առաջիկա չորս օրերին կարելի է ծանոթանալ նրա կերպարներին, որոնք առաջին հայացքից սարսափելի են, բայց…
Ֆրանսաբնակ արվեստագետ Saré-ն՝ Եվգենիա Սարգսյանը, արդեն տևական ժամանակ Հայաստանում է, վայելում է երևանյան աշունն ու միջավայրը։ Իսկ արվեստասեր հանրությանը նա ներկայացավ ցուցահանդեսով՝ Սարգիս Մուրադյան պատկերասրահում: Ցուցահանդեսը այնքան սիրվեց, որ կվերաբացվի Հայ–ռուսական սլավոնական համալսարանում և կգործի մինչև հոկտեմբերի 19–ը:
Հայտնի նկարչուհին ցուցահանդեսներ է ունեցել Նյու Յորքում, Փարիզում, Լյուքսեմբուրգում, Մոսկվայում, իսկ Երևանում սա նրա երրորդ ցուցահանդեսն է:
Արվեստագետն անկեղծանում է՝ մուսայի գալուն չի սպասում, միշտ է ստեղծագործում:
Սարեն ստեղծում է տարօրինակ կերպարներ, որոնք հիշեցնում են միջնադարը կամ ֆլամանդացի մեծ արվեստագետների գյուտերը, որոնք սիրահարված էին գրոտեսկներին: Այս կերպարներին կարելի էր հանդիպել նաև Գոմբրովիչի էջերում՝ գրել է «Ֆիգարո» թերթը Սարեի գործերի մասին։
Եվգենիա Սարգսյանը՝ Սարեն, աշխատում է յուղաներկով։ Ասում է, որ նկարելու իր միակ շարժառիթը դրանից հաճույք ստանալն է։ Աշխատում է նույնիսկ այն ժամանակ, երբ ձեռքին մատիտ կամ վրձին չի լինում:
Նա պատկերում է կերպարներ, որոնք առաջին հայացքից սարսափելի են թվում, սակայն միաժամանակ ասես կախարդական հեքիաթի հերոսներ լինեն։
Հեղինակը դժվարանում է ինչ-որ մի նկար կամ աշխատանք առանձնացնել, ասում է չի ուզում, որ մնացած գործերն իրենից նեղանան:
Եվգենիա Սարգսյանը ծնվել է 1959 թվականին, Երևանում։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, սովորելուն զուգահեռ աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում որպես բեմանկարիչ, ապա եղել է Պատանի հանդիսատեսի թատրոնի դիզայները:
1991 թվականին՝ Փարիզ տեղափոխվելուց հետո, Սարեն գրեթե ամբողջովին նվիրվել է գեղանկարչությանը։