ԿարևորԿյանքին ասել այո՛Տեսանյութեր

Երանի իմ ոտքն էլ ցավեր, ես էլ զգայի․ Անդրանիկ Մարգարյան․ «Կյանքին ասել այո՛»

Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 7-ին Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Ինչպես ասում է՝ տասնհինգ տարեկանից բանակում է։ Տասնհինգը դեռ չլրացած 2005-ին ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ Ավարտելուց հետո 2007-ին ընդունվել է ՌԴ Տուլա քաղաքի հրետանաինժեներային ինստիտուտ։ Հինգ տարի սովորելուց հետո 2012-ին լեյտենանտի կոչումով վերադարձավ հայրենիք ու ծառայության անցավ Արցախի պաշտպանության բանակում։ Քառօրյա պատերազմի մասնակից է։ 2018-ին ծառայության է անցել Ջրականի զորամասում որպես սպառազինության ծառայության պետ։ Ամուսնացել է 2015 թվականին, ունի երեք զավակ։ Ընտանիքը ևս տեղափոխվել ու ապրում էր Ջրականում, որտեղ էլ դիմավորեցին 44-օրյա պատերազմը։

Պատերազմի ծանր կորուստների մասին Անդրանիկը չի խոսում, գերադասում է հիշել միայն լուսավորը, որը ևս եղել է։ 44-ի չմոռացվող օրերից էր 2020-ի հոկտեմբերի 3-ը։ Ջրականի առաջնագծում ստացած ողնուղեղային ծանր վիրավորման հետևանքը ստորին վերջույթների զգացողության ու կառավարման կորուստն էր։ Անդրանիկի խոսքով՝  խնդիրները տարբեր են, և յուրաքանչյուրի համար իր խնդիրը ամենամեծն է։  «Օրինակ՝ ծանոթներիցս մեկը ոտքը կոտրել  էր։ Անընդհատ կրկնում էր՝  ցավում է, ցավում է։  Երբ կողքից նայում էի, մտածում էի՝  ուր է,  իմ  ոտքն էլ ցավեր, ես էլ զգայի»,-պատմում է Անդրանիկը։

Նոր կարգավիճակին համակերպվելու ուժ տվեց ընտանիքը, հատկապես երրորդ զավակը՝ դուստրը, որը ծնվեց  պատերազմից հետո։ Զինվորի տանը վերականգնողական բուժում ստանալու ընթացքում Անդրանիկը մասնակցել է տեղում կազմակերպված հաշվապահական դասընթացներին։ Այժմ աշխատոմ է Դասագրքերի շրջանառու հիմնադրամում որպես հաշվետար։ Իր և ընտանիքի տեղաշարժի համար ձեռքի կառավարմամբ ավտոմեքենա էր պետք։ Տարբեր ուսումնասիրություններից հետո սեփական ավտոմեքենայի վրա կատարված առաջին հաջող փորձն էլ դարձավ տեղաշարժի սահմանափակ հնարավորություններով անձանց համար մեքենաները ձեռքի կառավարման վերածելու արտադրամասի հիմքը։ Շառլ  Ազնավուրի հիմնադրամի տրամադրած դրամաշնորհի օգնությամբ բացված արտադրամասը գործում է 2022 թվականից։

Back to top button