Ինչու է բարեգործության կանոնակարգումն անհանգստացնում ԲՀԿ-ին
Ազգային ժողովի՝ վաղը մեկնարկող արտահերթ նիստի օրակարգում նախագծեր են, որոնք մինչև խորհրդարանում քննարկվելը հասցրել են քաղաքական հակասությունների առիթ դառնալ:
Խնդրահարույց ներից մեկը «Բարեգործության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծն է, որը ճակատների է բաժանել համաձայնության կառավարություն ձևավորած քաղաքական ուժերին:
Ինչ է նախատեսում օրինագիծը և ինչու է մտահոգում «Ծառուկյան» խմբակցությանը:
Ազգային ժողովի վերջին հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը համարյա սպառնաց կառավարությանը.
«Եթե այս օրնեքը բերվի և ընդունվի, ես լինելու եմ այն մարդկանցից մեկը, որ հորդորելու է Գագիկ Ծառուկյանին հուլիսի 1-ից դադարեցնել բոլոր բարեգործական ծրագրերը և բոլոր շահառուներին, ովքեր կդիմեն Ծառուկյանին, մենք ուղղորդելու ենք կառավարություն»:
Խոսքը «Բարեգործության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների մասին է: Նախագիծն ի դեպ հաստատվել է նախորդ կառավարության ապրիլի 12-ի նիստում , այն, սակայն, խորհրդարան է ներկայացնում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Ծառուկյան խմբակցութանը մտահոգում է և այս հրատապությունը , և բովանդակությունը , նաև այն, որ նախագիծը չի քննարկվել քննարկվել է գլխավոր դերակատարների հետ: Միքայել Մելքումյանի հաշվարկով , օրինակ, հայաստանյան բարեգործական զամբյուղի 90 տոկոսը բաժին է ընկնում Գագիկ Ծառուկյանին:
«Պարոն վարչապետ, արդյոք այս օրենքը մշակելիս խորհրդակցե՞լ եք Գագիկ Ծառուկյանի հետ»:
Այս հայտարարություններից հետո «Ծառուկյան» դաշինքը փոքր-ինչ մեղմեց դիրքրոշումը՝ նշելով, որ կփորձեն կառավարության հետ ընդհանուր լուծումներ գտնել: Կստացվի՝ լավ, չի ստացվի՝ դեմ կքվեարկեն:
Իսկ ի՞նչ է նախատեսվում: Փոփոխությունների նախագիծը հստակեցնում է բարեգործական համարվող և չհամարվող ծրագրերի սահմանգիծը: Օրինակ , նշվում է, որ բարեգործական չեն կարող համարվել կուսակցություններին , առևտրային կազմակերպություններին դրամական կամ այլ միջոցների հատկացում ներառող ծրագրերը։ Բարեգործություն չէ նաև կազմակերպության՝ իր աշխատողների սպառողական պահանջմունքների բավարարմանն ուղղված ծրագիրը: Նախագծով առաջարկվող հիմնական փոփոխությունը նոր կառույցի ձևավորումն է:
Առաջարկվում է ստեղծել բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողով: Այդ մարմինն է ծրագրերը որակելու ու գրանցելու որպես բարեգործական, չեղյալ ճանաչելու կամ փոփոխելու դրանք: Նաև վարելու է բարեգործական ծրագրերի վարչական ռեգիստրը և իրավասու է լինելու ստուգումներ անցկացնելու վերաբերյալ իրավապահներին միջնորդություններ ներկայացնել: «Ծառուկյան» դաշինքում կարծում են, որ նոր կարգավորումները սահմանափակում են բարեգործության հնարավորությունները:
«Ելք»-ից Էդմոն Մարուքյանը ոչ միայն դեմ է բարեգործությանը ԲՀԿ-ի պրիզմայով նայելուն, այլ նաև համոզված՝ դաշտը ընտրություններից առաջ պետք է կանոնակարգվի:
ՀՅԴ-ն նույնպես բարեգործության դաշտը կանոնակարգելու կողմնակից է: Արմեն Ռուստամյանը սա պնդում է միանշանակորեն, բայց դժվարանում է բացատրել, թե ինչու է նախագիծն այդքան վրդովեցերլ օրինակ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներին:
«Իրենց մոտիվացին շատ ուշադիր չեմ ուսումնասիրել, բայց դաշտը պետք է կարգավորվի: Ընտրությունների ժամանակ բարեգործություն ասվածը մենք արդեն տեսել ենք, երբ այն չարաշահվում և օգտագործվում է որպես ընտրակաշառքը թաքցնելու ձև։ Դրա դեմ, այո, պետք է պայքարել»։
Բարեգործության թեման կդառնա արդյոք համաձայնության կառավարության առաջին անհամաձայնությունը, թե՞ ոչ, կտեսնենք վաղը: Նախագիծը արտահերթի օրակարգային 8 հարցերից մեկն է: