Հասարակություն

Աշխարհի հերթական վերջը. վերջին 12 տարում՝ 5- րդը

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Կլինի աշխարհի վերջ, թե՝ ոչ. մոտեցումները տարբեր են, պնդումները եւս, պնդումների հիմքում դրված դիտարկումները` առավել եւս: Շատերն ինչ-ինչ պարզաբանումներ են վերագրում Նոստրադամուսի կանխատեսումներին, մի զանգված` Մայաների օրացույցին, որոշ շրջանակներ էլ` աստղագիտական հետազոտություններին:
Գրեթե բոլոր կրոններն էլ աշխարհի վերջի մասին իրենց պնդումներն ունեն: Աշխարհի վախճանի մասին ակնարկ կա «Սասնա ծռեր» էպոսում` Մհերի Ագռավաքարում պահվելով, Նոր Կտակարանում՝ Քրիստոսի 2-րդ գալստյամբ և Ահեղ դատաստանով:
Աշխարհի վերջի մասին նկարագրություններ եղան նաեւ ֆիլմերում:
Մեր քաղաքացիներն էլ իրենց կարծիքն ունեն աշխարհի կանխատեսվող վերջի մասին: «Ռադիոլուր»-ի փոքրիկ հարցախույզը պարզեց` մերոնք գրեթե առանց բացառության այդ խոսակցություններին պարզապես անլուրջ են վերաբերում, բացի մի պապիկից, ով համարում է, որ աշխարհը կործանվեց դեռ այն ժամանակ, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը։
Աշխարհի վերջի մասին խոսակցություններին լուրջ չի ընդունում նաեւ կենսահոգեբան Ռաֆիկ Բարոյանը: Նա բոլոր այդ խոսակցություններն իրենց կանխատեսվող հետեւանքներով կոչում է մեկ բառով` բիզնես: Դրանց ակունքն էլ համարում Միացյալ Նահանգները:
Աշխարհում շատերը կգտնվեն, որ կտրվեն այդ խուճապային տրամադրություններին, դրանցով տարված կգնեն «կործանումից» փրկող իրեր, ասենք` հակագազեր: Իր այս դիտարկումները, սակայն, Բարոյանը հայերի վրա չի տարածում։
ՆԱՍԱ-ի 4 խոշորագույն գիտական կենտրոնների ուսումնասիրությունները պարզել են` արեգակը 2012 թվականին մոտենալու է Ծիր Կաթինի կենտրոնին: Հնագույն հավատալիքներում ասվում է, թե Ծիր Կաթինի կենտրոնում «վիշապի բերանն» է, որտեղ կարելի է կորչել: Ծիր Կաթինի կենտրոնում իբր գտնվում է սև խոռոչ, որի գրավիտացիոն դաշտն այնպիսի ահռելի ուժ ունի, որ կարող է միանգամից ամբողջ արեգակնային համակարգը ներքաշել ու ոչնչացնել:
Արեգակի` Ծիր Կաթինին մոտենալու հաշվարկները պտտվում են 2018 եւ 2240 թվականների շուրջ:
Մայաների օրացույցը որպես աշխարհի վերջ արձանագրում է 21.12.2012 թիվը: Բյուրականի աստղադիտարանի գիտնական Արեգ Միքայելյանը հարցին հումորով է մոտենում, հիշում, որ 2000 թվականից ի վեր արդեն չորս աշխարհի վերջ ապրել ենք։  «2000 թվականը հայտարարել էին աշխարհի վերջ, բայց ավարտ չեղավ, ասացին 2001-ին կլինի: Կարծում եմ այս մեկն էլ կապրենք: Որ մայաների օրացույցն ավարտին է մոտենում, արտառոց ոչինչ չկա»,- կարծում է աստղագետը:
Եղանակն այսօր խիստ մռայլ է: Ողջ աշնան ընթացքում պայծառ եղանակը համենայն դեպս Հայաստանում զիջել է իր տեղը մշուշին եւ տեղումների սպասելիքներին: Շատերը գուցե իրոք հակված են եղանակային փոփոխությունները, աշխարհի տարբեր ծայրերում ծայր առնող աղետներն ու կատակլիզմներն աշխարհի վերջի սկիզբը համարել: Շատերն էլ պարզապես հիշեցնում են, թե ձմեռն է մտնում իր իրավունքների մեջ: Ոմանք էլ իրենց եւ մյուսներին հուսադրում կամ համոզում են, թե գուցե այս ամենը նոր քաղաքակրթության է սկիզբ տալու:
Ամեն դեպքում` աշխարհում շատ բան կա, որ պետք է փոխվի, բարելավվի, շտկվի: Թերեւս առաջին հերթին դա է պետք ակնկալել։

Թողնել պատասխան

Back to top button